ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Կենտրոնական ընտրական յանձնաժողովը գրանցել եւ հրապարակել է Ապրիլի 2ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւնների եւ դաշինքների համամասնական ցուցակները: Քուէաթերթիկի վրայ թիւ 1ը «Ելք» դաշինքն է, ապա գալիս են «Ազատ դեմոկրատները», «Հայկական վերածնունդը», «Ծառուկեան» եւ «Կոնգրես (ՀԱԿ)-ՀԺԿ» դաշինքները, Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը (ՀՀԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցութիւնը, «Օհանեան-Րաֆֆի-Օսկանեան» դաշինքը, իսկ 9րդը ՀՅԴն է:
Թուով 9 ուժեր են մասնակցել նաեւ նախորդ՝ 2012 թուականի խորհրդարանական ընտրութիւններին (131 պատգամաւոր՝ 90 համամասնական, 41 մեծամասնական): Կուսակցութիւնների համար 5, իսկ դաշինքների համար 7 տոկոսանց արգելքը յաղթահարեցին վեց ուժեր՝ ՀՀԿն ստացաւ 44 տոկոս, ԲՀԿն՝ 30, ՀԱԿը՝ 7, «Ժառանգութիւնը» եւ ՀՅԴն՝ գրեթէ 6ական, «Օրինաց երկիրը»՝ շուրջ 5.5 տոկոս:
2007 թուականի խորհրդարանական ընտրութիւններին (131 պատգամաւոր՝ 90 համամասնական, 41 մեծամասնական) մասնակցել է 22 կուսակցութիւն եւ 1 դաշինք: Միայն հինգ ուժեր յաղթահարեցին 5 տոկոսի արգելքը, որոնցից միայն մէկն էր ընդդիմադիր՝ «Ժառանգութիւնը»: Առաջին տեղում ՀՀԿն էր՝ քուէների 33 տոկոսով: ԲՀԿն ստացաւ քուէների մօտ 15 տոկոսը, ՀՅԴն՝ գրեթէ 13, «Օրինաց երկիրը»՝ 6.8, «Ժառանգութիւնը»՝ 5.8 տոկոս:
2003 թուականի խորհրդարանական ընտրութիւններին (131 պատգամաւոր, 75 համամասնական, 56 մեծամասնական) մասնակցում էին 21 ուժեր: Նրանցից խորհրդարան մտան վեցը: ՀՀԿն ստացաւ 23.5 տոկոս, «Արդարութիւն» դաշինքը (հիմնական ուժը Ստեփան Դէմիրճեանի ՀԺԿն էր)՝ շուրջ 14, «Օրինաց երկիրը»՝ 12.5, ՀՅԴն՝ 11.5, «Ազգային միաբանութիւնը»՝ գրեթէ 9, Միաւորուած աշխատանքային կուսակցութիւնը՝ 5.7 տոկոս:
1999 թուականի խորհրդարանական ընտրութիւններին (131 պատգամաւոր՝ 75 մեծամասնական, 56 համամասնական) մասնակցում էին 21 ուժեր: Խորհրդարան մտան հետեւեալ վեց ուժերը՝ «Միասնութիւն» դաշինք (ՀՀԿ եւ ՀԺԿ)՝ գրեթէ 42 տոկոս, ՀԿԿ (Կոմկուս)՝ 12, «Իրաւունք եւ միաբանութիւն» դաշինք՝ 8, ՀՅԴ՝ գրեթէ 8, «Օրինաց երկիր» եւ ԱԺՄ՝ 5ական տոկոսից մի քիչ աւելի:
Ազգային ժողովի առաջին գումարման՝ 1995 թուականի ընտրութիւններին (190 պատգամաւոր՝ 150 մեծամասնական, 40 համամասնական) մասնակցում էին 13 ուժեր: Խորհրդարան մտան հինգը՝ «Հանրապետութիւն» միաւորումը (ՀՀՇ, ՀՀԿ եւ մի քանի այլ կուսակցութիւններ)՝ գրեթէ 43 տոկոս, կանանց «Շամիրամ» կուսակցութիւնը՝ 17 տոկոս, Կոմկուսը՝ 12, ԱԺՄն՝ 7.5, ԱԻՄը՝ 5.5 տոկոս (Դաշնակցութեան գործունէութիւնը կասեցուած էր այս ընտրութիւներուն ընթացքին-Խմբ.):
1990 թուականի Գերագոյն խորհրդի ընտրութիւնները անց են կացուել բացառապէս մեծամասնական ընտրակարգով 260 տեղերի համար: Հիմնական պայքարն ընթանում էր իշխանական ՀԿԿ եւ իշխանութեան ձգտող ՀՀՇական թեկնածուների միջեւ: Այդ խորհրդարանում (որն ընտրուեց, երբ դեռ գոյութիւն ունէր Խորհրդային Միութիւնը, սակայն գործեց, երբ Հայաստանը փաստացի կամ իրական անկախ էր) ամենամեծ խմբակցութիւնը իշխող ՀՀՇ կուսակցութիւնն էր:
2017 թուականի Ապրիլի 2ի խորհրդարանական ընտրութիւնները բացառապէս համամասնական ընտրակարգով են՝ կուսակցական ցուցակներով:
Քուէաթերթիկի վրայ թիւ 1ը «Ելք» դաշինքն է, որի ցուցակը գլխաւորում է «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան հիմնադիր եւ առաջնորդ Էդմոն Մարուքեանը: «Ելք» ներկայացրել է 121 հոգանոց ցուցակ:
«Ազատ դեմոկրատների» 101 հոգանոց ցուցակը գլխաւորում է այդ կուսակցութեան հիմնադիր եւ առաջնորդ Խաչատուր Քօքոբելեանը:
«Հայկական վերածնունդը», որը նախկին «Օրինաց երկիրն» է, ներկայացրել է ամենաերկար ցուցակը՝ 300 հոգի: Առաջին համարը խորհրդարանի նախկին նախագահ Արթուր Բաղդասարեանն է:
«Ծառուկեան» դաշինքը ներկայացրել է 188 հոգանոց ցուցակ, որը գլխաւորում է խոշոր գործարար Գագիկ Ծառուկեանը:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի 139 հոգանոց ցուցակի առաջին հորիզոնականում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանն է:
Իշխող ՀՀԿն ներկայացրել է 197 հոգանոց ցուցակ, որը գլխաւորում է պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը:
ՀԿԿն ներկայացրել 173 հոգանոց ցուցակ. առաջին տեղում Տաճատ Սարգսեանն է:
«Օհանեան-Րաֆֆի-Օսկանեան» 148 հոգանոց դաշինքը գլխաւորում է պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը:
Քուէաթերթիկի վրայ թիւ 9րդը ՀՅԴն է, որի 171 հոգանոց ցուցակը գլխաւորում է Արմէն Ռուստամեանը: