ԵՐԵՒԱՆ.- «Ազատութիւն» կայանի թղթակից Ռուզաննա Ստեփանեան Հանրապետական խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանի հետ զրուցած է ՀՀԿի ընտրացուցակին մասին:
Բաղդասարեան յայտնած է, որ ՀՀԿի ընտրական ցուցակին մէջ նախագահին անունը չներառնելու հարցը բաւական լայն քննարկման առարկայ դարձած է: Ըստ բաղդասարեանի, նախագահը «շատ համոզի»չ պատասխան տուած է:
«Եթէ Դուք յիշում էք, նախորդ ընտրութիւնների ժամանակ, երբ որ հանրապետութեան նախագահը կամ աւելի բարձր պաշտօնատար անձ՝ Հանրապետականի առաջնորդը ղեկավարում էր ցուցակը, այն ժամանակ բաւականին խօսակցութիւններ էր գնում, որ, բնականաբար, «ամբողջ պետական ռեսուրսը պէտք է աշխատի նախագահի համար կամ Հանրապետական կուսակցութեան առաջնորդի համար»: Առաջին պատճառներից մէկը դա էր, որ հանրապետութեան նախագահը, որպէսզի զերծ մնայ նմանատիպ քննադատութիւններից, ինքը որոշում կայացրեց, որ ինքն աւելի լաւ է հետեւի բոլոր քաղաքական անցուդարձին եւ նմանատիպ երեւոյթներից զերծ մնանք: Յաջորդը՝ տրուեց այն պատասխանը, որ անընդհատ թմբկահարում էին թերթերը, որ «նա պէտք է դառնայ վարչապետ, պէտք է դառնայ Ազգային ժողովի նախագահ», եւ այս մի քայլով տրուեց երկուսի պատասխանը: Յայտարարութիւն արուեց, որ մեր յաղթանակի դէպքում կառավարութիւնը վարչապետով (Կարէն Կարապետեանով-Խմբ.) կը շարունակի իր գործունէութիւնը, եւ իր անուն ազգանունը տեղ չի գտել այսօր ցուցակում, այսինքն՝ նաեւ չի կարող լինել Ազգային ժողովի նախագահ», ըսած է Բաղդասարեան:
Թղթակիցի այն հարցին, որ «դուք բացառո՞ւմ էք, նաեւ Սերժ Սարգսեանը բացառո՞ւմ է, որ կը լինի վարչապետ 2018 թուականից յետոյ, երբ որ վայր դնի նախագահի լիազօրութիւնները», Բաղդասարեան պատասխանած է. «Այ տեսնում էք, նորից ընկնում էք դէպքերից առաջ. մենք չգիտենք, թէ մեր վաղուայ օրն ինչպիսին պէտք է լինի: Պէտք չէ կանխատեսումներ անել, մենք հաւատացեալ մարդիկ ենք եւ շարժւում ենք նաեւ Աստուածաշնչով, ինձ թւում է, որ մեր վաղուայ օրը պէտք չէ կանխատեսել: