ԵՐԵՒԱՆ.- Պաշտպանութեան փոխնախարար Դաւիթ Տօնոյեան նշանակուած է արտակարգ իրավիճակներու նախարար:
Երկուշաբթի, 6 Փետրուարին, վարչապետ Կարէն Կարապետեան արտակարգ իրավիճակներու նախարարութեան աշխատակազմին ներկայացուցած է նորանշանակ նախարարը:
Կառավարութեան ղեկավարը յայտնած է, որ «Տօնոյեանին ճանաչում ենք որպէս պարկեշտ, կազմակերպուած կառավարիչ եւ հայրենասէր մարդ ու սպայ: Կարծում եմ, որ չնայած մեծ պատասխանատուութեանը, նրա համար այս պաշտօնում աշխատելը կը լինի հեշտ, հաշուի առնելով այն, որ ԱԻՆը կայացած համակարգ է: Մենք վստահ ենք, որ պարոն Տօնոյեանն անձնակազմի օգնութեամբ իր առջեւ դրուած բոլոր խնդիրները կ՛իրականացնի»:
«Պարոն Տօնոյեանից ակնկալում ենք կարգաւորել ու կանոնակարգել սէյսմիկ ռիսկի (երկրաշարժի վտանգի-Խմբ.) նուազեցմանն ուղղուած աշխատանքների իրականացումը, զարգացնել աղէտների վաղ ազդարարման համակարգը. դրա ներդրման աշխատանքները 10 համայնքներում պէտք է իրականացուեն կառավարութեան ծրագրի ընդունումից յետոյ՝ վեցամսեայ ժամկէտում: Անհրաժեշտ է փրկարարական, վթարավերականգնողական աղէտների հետեւանքների նուազեցման եւ վերացման աշխատանքների առաւել ակտիւ կազմակերպում ու իրականացում, այդ թւում՝ ՀՀ կառավարութեան 2017 թուականի միջոցառումների ծրագրի գերակայ խնդիրներում ներառուած համայնքներում ա-ղէտների ռիսկի բացայայտման եւ գնահատման համակարգի փուլային ներդրում՝ գերակայ խնդրի միջոցով», նշած է վարչապետը: