Ամերիկեան Eater պորտալն անդրադարձել է հայկական խոհանոցի ու ԱՄՆում հայկական ռեստորանների վրայ:
Յօդուածագրերը նշում են, որ հայերը զարմանալի ժողովուրդ են, նրանք ամէնուրեք են, իսկ հայկական խոհանոցը նոյնքան հին է, որքան նրանց պատմութիւնը, որքան հողը, որի վրայ այն ձեւաւորուել է: Հայերը շատ հիւրասէր ժողովուրդ են ու եթէ նրանք մէկ սեղանի շուրջ են նստում օտար մարդու հետ ու նրա հետ հաց կիսում, ուրեմն նա արդէն օտար չի համարւում:
Ինչ վերաբերում է հայկական ուտեստներին, ապա դրանք հիասքանչ են: Հոլիվուդի առեւտրի կենտրոնում կարելի է զգալ հայկական սուջուխի, բաստուրմայի խենթացնող հոտը ու նոյնիսկ թան խմել: Այդտեղից ոչ հեռու կարելի է տեսնել, թէ ինչպէս են մի խումբ կանայք փռում կարկանդակ թխում, ձեռքով այն լցոնելով մսով ու կարտոֆիլով, մօտակայքում նաեւ շաուրմա են վաճառում: Քաղաքի միւս ծայրում, մէկ այլ հայկական ռեստորանում կարելի է համտեսել լուլա քեբաբ:
Հայերը հազարամեակներ շարունակ ապրել են բիւզանդացիների, հռոմէացիների, թուրքերի, պարսիկների, ռուսների տիրապետութեան տակ: Նրանք նաեւ աշխարհով մէկ են սփռուել պատերազմների, յեղափոխութեան ու Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան պատճառով, որի ժամանակ սպանուել էր 1.5 մլն. հայ, ու «նրանց ուտելիքից կարելի է հասկանալ, թէ ինչերի միջով են նրանք անցել»:
Քանի որ Հայկական Սփիւռքը շատ մեծ է, իւրաքանչիւր հայկական համայնք, կախուած երկրից, որտեղից նրանք եկել են, ունի իր բարբառը, իր մշակութային առանձնայատկութիւնները ու ուտելիքի հարցում իր աւանդոյթները: Օրինակ լեւանտացի հայերը լահմաջօ են պատրաստում, պարսկահայերն իրենց հետ բերել են բրինձը ընկոյզով ու չրերով պատրաստելու աւանդոյթը, իսկ Խորհրդային Միութիւնում ապրած հայերը պատրաստում են խաշ ու թրթնջուկ:
Հազարաւոր հայեր Ամերիկա են տեղափոխուել 19րդ դարի վերջին ու 20րդ դարի սկզբին՝ բնակութիւն հաստատելով Բոստոնում, Դիթրոյիտում, Լոս Անջելեսում, Գլենդելում:
Հայ ներգաղթականները, որոնցից շատերը գիւղացիներ էին, ի վերջոյ բնակութիւն են հաստատել Քալիֆորնիայում, մասնաւորապէս Ֆրեզնոյում, որտեղ չոր կլիման ու հողը նրանց յիշեցնում էին կորուսեալ հայրենիքի մասին: Հէնց այստեղ է յեղափոխական խոհարար Ջորջ Մարդիկեանը, որը 30ականներին բացել էր «Օմար Խայամ» հանրայայտ ռեստորանը, ապաստան գտել Ցեղասպանութիւնից փախչելուց յետոյ:
Հայկական բնակչութեան բազմազանութիւնը բարդացրել է հայկական ուտելիքի սահմանների որոշման հարցը թէ՛ հայկական համայնքում, թէ՛ դրա սահմաններից դուրս: Այն, ինչ Հայաստանի հայն է իր խոհանոցին հարազատ ուտեստ համարում՝ կարող է խորթ լինել սփիւռքահայի համար:
«Հայկական սեղանը, որը կոտրւում էր ուտելիքի առատութիւնից, անկասկած մեծ դեր է կատարել հայ ժողովրդի միաւորման գործում: Ուտելիքը դարձել է ծիսակարգ, որը վառ է պահում յիշողութիւններն ու աւանդոյթները», ամփոփում է հեղինակը: