ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– ԵԱՀԿ Մինսկի խումբի եռանախագահները Հայաստանի եւ Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարներուն առաջարկած են հանդիպում ունենալ՝ Միւնիխի ապահովութեան համաժողովի նախաշեմին:
1 Փետրուարին լրագրողներու հետ կայացած մամլոյ ասուլիսին ընթացքին այս մասին յայտնած է Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան:
«Եռանախագահներն առաջարկել են Հայաստանի արտգործնախարարութեանը հանդիպել Միւնխենի անվտանգութեան կոնֆերանսի նախաշեմին: Առաջարկ է հնչել նաեւ հանդիպում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ: Մենք, ի հարկէ, երբեւէ չենք հրաժարւում որեւէ հանդիպումից: Բայց ինչ վերաբերում է Ադրբեջանի նախարարի հետ հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել», ըսած է Նալբանդեան՝ ընդգծելով, որ յայտնի չէ, թէ այս անգամ ի՛նչ խաղեր կրնայ կազմակերպել Ատրպէյճան:
«Պայմանաւորւում ենք մի բան, սակայն վերջին րոպէին նրանք ձեւացնում են, որ ինչ–ինչ պատճառներով չեն կարող, անգամ մեղադրում են, որ հայկական կողմն է հրաժարւում հանդիպումից: Ասացին, որ Համբուրգում ընդհանրապէս հանդիպում չի կայացել, թէպէտ հանդիպումը եղել էր եռանախագահների ներկայութեամբ եւ արտգործնախարարների մասնակցութեամբ», դիտել տուած է Նալբանդեան՝ ընդգծելով, որ թերեւս նախարարներու մակարդակով հանդիպում կայանայ, եթէ Ատրպէյճան չհրաժարի անկէ: