ԱՐՇԱԼՈՅՍ ՄՂԴԵՍԵԱՆ
Հայաստանում կոռուպցիայի դէմ օրէնսդրական փոփոխութիւններով եւ տարբեր կառավարական խորհուրդներ ձեւաւորելով հնարաւոր չէ պայքարել: Անհրաժեշտ են լուրջ կառուցուածքային փոփոխութիւններ եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Այս մասին «Մեդիա» կենտրոնում Յունուարի 25ին կայացած ասուլիսին յայտարարեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանեանը:
Ասուլիսին Վարուժան Հոկտանեանը ներկայացրեց ԹԻ համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպութեան (ԹԻ) Կոռուպցիայի ընկալման համաթուի (ԿԸՀ) 2016թ. արդիւնքները: 1995ից ի վեր, 22 տարի անընդմէջ, ԹԻը հրապարակում է ԿԸՀը՝ ներկայացնելով հանրային ոլորտում առկայ կոռուպցիայի ընկալումը, որը հիմնուած է փորձագիտական գնահատականների եւ հարցումների վրայ: «Խօսքը պետական համակարգում առկայ կոռուպցիայի հանրային ընկալումների մասին է: Հետազօտութիւնը հիմնուած է գործարարների եւ փորձագէտների գնահատականների եւ հարցումների վրայ», ասաց Հոկտանեանը:
Հայաստանը 2016թ.ին յետընթաց է արձանագրել թէ՛ Կոռուպցիայի ընկալման համաթուի գլոբալ վարկանիշային աղիւսակում եւ թէ ընկալման համաթուով: «Եթէ նախորդ տարի 0ից 100 նիշանոց սանդղակում Հայաստանի համաթիւը 35 էր, ապա այժմ՝ 33: Որքան համաթիւը ձգտում է 100ի, այնքան քիչ կոռումպացուած է համարւում տուեալ երկիրը: Սա, ի հարկէ, վիճակագրական առումով վարկանիշի անկում չի դիտարկւում, սակայն եթէ համեմատէք 2014թ.ի հետ, ապա անկումը կազմում է արդէն 4 միաւոր: Սա արդէն էական ցուցանիշ է», ասաց Հոկտանեանը յաւելելով, որ կոռուպցիայի միջազգային դասակարգման աղիւսակում 2015 թուականի համեմատ անցեալ տարի Հայաստանը 18 տեղ նահանջել է, ինչը մտահոգիչ է, քանի որ «մենք դոփում ենք մեր տեղում, առաջընթաց չկայ»:
Այս ցուցանիշներով 2016թ.ին Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթուով Բոլիվիայի եւ Վիետնամի հետ միասին 176 երկրների շարքում կիսում է 113ից 115րդ տեղերը: «Ասացի, որ ընկալման համաթուով դասակարգման աղիւսակում Հայաստանը նահանջել է 18 տեղով, սակայն առաւել մտահոգիչ է այն միտումը, որն առկայ է վերջին երեք տարիներին (2014-2016թթ.): Խօսքը կոռուպցիայի ընկալման համաթւում նահանջի միտումի մասին է», ասաց նա:
Իրավիճակի պատճառները Հայաստանում բազմաշերտ են, նշում է բանախօսն ու յաւելում, որ հիմնական խնդիրն իրական կառուցուածքային բարեփոխումների սակաւութիւնն է, էլիտաներում ոչ ֆորմալ յարաբերութիւնների գերակայութիւնը եւ սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը: «Մենք ունենք օլիգարխներ եւ ազդեցիկ գործարարներ, որոնք ազդում են կառավարութեան որոշումների վրայ: Երբ նրանք սկսում են քաղաքականութիւն թելադրել պետութեանը, պատկերն այնքան էլ մխիթարական չի լինում:
Ստացւում է, որ գերիշխում են ոչ ֆորմալ յարաբերութիւնները, ոչ թէ գրուած խաղի կանոնները», նշեց Վարուժան Հոկտանեանը՝ յաւելելով, որ տարբեր ուսումնասիրութիւններով Հայաստանում ամենակոռումպացուած կառոյցները համարւում էին դատարաննները եւ առողջապահական հիմնարկները, հարկային մարմինները եւ նախագահի ապարատը:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»ի տարածաշրջանային բաժանմամբ Հայաստանը ներառուած է Արեւելեան Եւրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մէջ (տես 2016թ. ԿԸՀ համապատասխան տարածաշրջանի աղիւսակը): Այդ տարածաշրջանի մէջ ներառուած են Եւրամիութեան անդամ չհանդիսացող բալկանեան երկրները (Չերնոգորիա, Սերբիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Ալբանիա, Մակեդոնիա եւ Կոսովօ), նախկին խորհրդային հանրապետութիւնները՝ բացի ԵՄ անդամ Բալթեան հանրապետութիւններից եւ Թուրքիան: Տարածաշրջանի 19 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 10րդ տեղը (2015թ. նա զբաղեցնում էր 8րդ տեղը):
«2016թ. այս տարածաշրջանի երկրներից Կոսովօն եւ Բելառուսը առաջ անցան Հայաստանից: Արդիւնքում, նախորդ տարուայ համեմատ, Հայաստանը նախկին խորհրդային հանրապետութիւններից այժմ զիջում է ոչ միայն Բալթեան հանրապետութիւններին եւ Վրաստանին, որի ԿԸՀ 2016թ. համաթիւը հաւասար է 57ի (2015թ. 52ի փոխարէն կայ աճ 5 միաւորով), որն ամենաբարձրն է Արեւելեան Եւրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում, այլեւ այժմ նաեւ Բելառուսին, որի ԿԸՀն 2016թ. ունեցաւ շատ տպաւորիչ բարելաւում (2015ի 32ից մինչեւ 40 2016ին՝ կամ 8 միաւոր)՝ ԿԸՀ արժէքի իր աճով ամբողջ աշխարհում զիջելով միայն Սուրինամին, որի ԿԸՀն աճել է 9 միաւորով», նշեց Հոկտանեանը:
Իր հարեւաններից Հայաստանը, ինչպէս եւ նախորդ տարիներին շարունակում է զիջել նաեւ Թուրքիային (41՝ 2015ի 42ի փոխարէն), որը շարունակում է գրանցել էական նահանջ սկսած 2012ից, երբ նրա ԿԸՀ արժէքը հաւասար էր 49 միաւորի: Հայաստանի միւս երկու հարեւանների՝ Ադրբեջանի եւ Իրանի, 2016թ. ԿԸՀ համաթուերը 2015թ. համեմատ բարելաւել են համապատասխանաբար 1 եւ 2 միաւորով, հաւասարուելով 30ի՝ Ադրբեջանի դէպքում (123ից 130րդ տեղեր) եւ 29ի՝ Իրանի դէպքում (131ից 135րդ տեղեր)՝ առայժմ զիջելով Հայաստանին:
«ԵԱՏՄ անդամ միւս երկրների, բացի Բելառուսից, ԿԸՀ արժէքները շարունակում են աւելի ցածր մնալ Հայաստանի ԿԸՀից: Հայաստանին շարունակում են զիջել նաեւ Եւրասիական միութեան անդամ միւս երկրները: Մասնաւորապէս Ռուսաստանի ԿԸՀն մնացել է 29 միաւոր (131ից 135րդ տեղեր): Չի փոխուել նաեւ Ղրղզստանի ԿԸՀ արժէքը (28 միաւոր՝ 136ից 141րդ տեղեր), իսկ Ղազախստանի ԿԸՀ արժէքը աւելացել է 1 միաւորով՝ դառնալով հաւասար 29ի (131ից 135րդ տեղեր)», ասաց Հոկտանեանը:
Վարուժան Հոկտանեանը ուշադրութիւն հրաւիրեց յատկապէս Պանամայի եւ այլ օֆշորային սկանդալների վրայ, որոնք, նրա խօսքով, ցոյց տուեցին, որ բարձրաստիճան պաշտօնեաները, թալանելով պետական միջոցները, դրանք յաջողութեամբ տեղափոխում են օֆշորային գօտիներ, մինչդեռ ոչ ոք չի կարողանում դիմագրաւել այս արատաւոր գործընթացին:
Դանիան եւ Նոր Զելանդիան Կոռուպցիայի ընկալման համաթուի 2016 թուականի արդիւնքների առաջատարներն են: «Այս երկրներն աշխարհում ամենաքիչ կոռումպացուածն են: Նրանց համաթիւը 99ն է, ինչը նշանակում է, որ այդ երկրներում կոռուպցիա գրթէ չկայ: Դանիային եւ Նոր Զելանդիային յաջորդում են Շուէդիան եւ Ֆինլանդիան: Սրան հակառակ՝ աշխարհի ամենակոռումպացուած երկրներ են համարւում Սոմալին, Հարաւային Սուդանը եւ Սիրիան», եզրափակեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանեանը:
Արշալոյս Մղդեսեան,
«Մեդիա» կենտրոն ծրագրի
համակարգող-խմբագիր