Նախագահ Սերժ Սարգսեանը զօրացրուած զինծառայողների հետ Յունուարի 20ին կայացած հանդիպման ընթացքում, «ախմախութիւն» է որակել առանց ԼՂՀ կարգավիճակի Ադրբեջանին հողեր յանձնելու մասին խօսակցութիւնները:
«Մեզ համար ամենակարեւորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է, որպէսզի մենք ունենանք այնպիսի կարգավիճակ, որը հնարաւորութիւն է տալու Լեռնային Ղարաբաղի բնակչութեանը յաւերժ ապրելու իր հողի վրայ: Իսկ թէ ո՛վ է պատրաստւում հող տալ, ո՛ր հողի մասին է խօսքը, ինչի՛ դիմաց, դրանք երկրորդական խօսակցութիւններ են: Մի՛ հաւատացէք նման խօսակցութիւնների», ի պատասխան իրեն ուղղուած հարցին՝ ասել է նախագահ Սարգսեանը:
Դիմելով հարցը բարձրացրած երիտասարդին՝ նախագահն ասել է. «Յետոյ ես ո՞նց պէտք է քո աչքերին նայեմ: Չե՞ս ասելու՝ «ես գնացել եմ, այդ հողը պաշտպանել եմ, իմ ընկերները զոհուել են, իսկ դուք հէնց այնպէս, ուղղակի վերցնում, ետ էք տալիս»: Նորից եմ կրկնում, չափազանց կարեւոր է, որպէսզի մեզնից իւրաքանչիւրն իր աւանդը բերի մեր բանակի մարտունակութեան բարձրացման, ամրութեան գործին: Այստեղ դուք եւ բոլոր այն տղաներն, ովքեր պատուով, բարեխղճօրէն ծառայել ու ետ էք վերադարձել, շատ մեծ գործ ունենք անելու: Հինգ, տասը տարի յետոյ ձեր հասակակիցներն են ղեկավարելու մեր երկիրը, եւ դուք պէտք է պատրաստ լինէք դրան: Դուք ձեր պարտքը կատարել էք այդ ժամանակահատուածի մասին, հիմա ձեր պարտքն է զարգացնել մեր երկիրը»:
Հողեր յանձնելու մասին խօսակցութիւններն անհեթեթ են մի քանի առումներով: Դրանցից մէկին անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Լաւրովը Յունուարի 17ին 2016ի արդիւնքների մասին իր մեծ հարցազրոյցում՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանական Հանրապետութեան ներքին հարցը չէ: Արդէն քառորդ դար է այն միջազգային խնդիր է, եւ չի բացառւում, որ եթէ անգամ Հայաստանը համաձայնուի հողեր տալ, միջազգային այն ուժերը, որոնք շահագրգռուածութիւն ունեն տարածաշրջանում, թոյլ չտան դա անել: Սակայն իրաւունքի տեսակէտից կայ աւելի կարեւոր խոչընդոտ հողեր յանձնելու ճանապարհին: Եւ դա այն է, որ Արցախի Հանրապետութեան տարածքը Հայաստանի Հանրապետութեան իրաւադատութեան ենթակայ տարածքը չէ, որպէսզի վերցնի ու տայ Ադրբեջանին: Մենք յաճախ ենք մոռանում այդ մասին: Մոռանում ենք, որ հայ ժողովուրդը տարածաշրջանում կառուցում է երկու պետութիւն: Եւ դա «Միացում» նախագծի իրագործման ամենակարճ ճանապարհն է, եթէ ապագայում դա լինի ձեռնտու մեր ազգին:
«ԴԻՏԱԿԷՏ»