ԿԱՐԷՆ ԽԱՉԱՏՐԵԱՆ (ԽԱՉԿԱՐ)
Ողջ կեանքումս հեքիաթներին միշտ առանձնայատուկ նշանակութիւն եմ տուել: Երբ երեխայ էի, յիշում եմ, թէ ինչպիսի յափշտակութեամբ էի սպասում գիշերուան, որպէսզի լսեմ տատիս, ապա եւ մօրս պատմած հեքիաթները: Չգիտեմ, չեմ պատկերացնում մի երեխայ, որ այդպիսի անհամբերութեամբ սպասէր երեկոյեան անկողնուն՝ դէ, ի հարկէ, հեքիաթների պատճառով:
Կարիք կա՞յ ասելու, որ երբ կարդալ սովորեցի, առաջին բոլոր գրքերս միայն ու միայն հեքիաթներ էին: Կարծում եմ դրանց հանդէպ այդքան մեծ սէրն է եղել յետագայում վառ երեւակայութեան պատճառը, որն էլ հանդիսանում է արժէքաւոր ստեղծագործութեան գրաւականը:
Հիմա ցաւօք այդպէս չէ: Արդի գիտութիւնը շօշափելի հարուած հասցրեց մեր մանուկների երեւակայութեանը, հեքիաթների հերոսների կերպարները մտովի պատկերելուց հեռացնելով ու …հրամցնելով ինչ որ մէկի սարքածը, մտածածն ու յղացածը մուլտֆիլմի, տեսախաղի եւ կամ կինօժապաւէնի տեսքով:
Ինչեւէ, շեղուեցի: Ասեմ, որ երբ մեծացայ, ջերմ զգացումս հեքիաթի հանդէպ չվերացաւ: Չէ՞ որ այնտեղ՝ հեքիաթներում, յաղթում է բարին: Դէ իսկ մեր այս անողոք իրականութեան պայմաններում, որտեղ բարու յաղթանակն իրօք որ հեքիաթային է թւում, մանկական երեւակայական աշխարհը տեղափոխող ստեղծագործութիւններն առանձին գորով, ծնողական սէր, ընտանեկան փափուկ ու յարմար մթնոլորտ են ստեղծում:
Այս ասելով ակամայ մտածեցի, որ գուցէ թէ ներկայիս ժամանակի պահանջն է հրամցնելու մեզ հեքիաթները իւրովի, իրենց մտածածով: Ապա զգացի դրա միայն մի մասը, հրամցնելը: Թող մանուկն ինքը որոշի իր մտքի մէջ այս բարի փերու կամ այն չար կախարդի կերպարանքը: Այդքան մօտիկ իրենց էութեամբ, բայց տարբեր արտաքնապէս, նոյնքան էլ մօտիկ իրենց հասկացողութեամբ եւ այդքան էլ հեռու իրենց ինքնութեամբ՝ երեխաները: Իսկ այդ բոլորը միմեանց միակցողը մէկն է՝ հեքիաթասացը: Նա, ով ստեղծում է մանուկ լսողների շրջապատը, ով հեքիաթի կերպարների միջոցով ծանօթացնում մանուկներին աշխարհին, ներարկում բարի լինելու, չարը պախարակելու գաղափարը:
Այժմ, երբ որպէս ասացի, երեխաների կրթութիւնն իր ձեռքն է վերցրել գիտա-էլեկտրոնային արդիւնաբերութիւնը, երբ եղած գրողները, մանաւանդ ազգային, իրենց ստեղծագործութիւնների հիմքը դնում են հէնց այդ ազգայինի վրայ, հազուադէպ անդրադառնալով հոգեկանին, մանկագրութիւնը կարծես թէ ամբողջովին յուշ է դառնում, ցաւալի ու ջերմ յուշ, ցաւալի, քանի որ կորցուած է, ու ջերմ, քանի որ յիշեցնում է «պարզ ու անշառ մանկութիւնդ»: Բայց, իրօ՞ք որ կորցուած է: Ոչ: Չէ որ կան, այժմ էլ կան մարդիկ, տաղանդաւոր ստեղծագործողներ, որոնք իրենց կեանքի նպատակն են դրել ծառայելու առաջին հերթին հէնց մանուկներին, հաշուի առնելով այն հանգամանքը, որ մարդը սկզբից մանուկ է լինում եւ նոր միայն ձեւաւորւում որպէս անհատ: Եւ նրանք ջանք չեն խնայում այդ ձեւաւորման մէջ իրենց ուրոյն մասնիկը՝ «ես»ը դնելու: ԱՄՆում թերեւս մանկագիրներ շատ կան, հայ մանկագիրներ, նոյնպէս կը լինեն, եւ սակայն ես միայն մէկին եմ ճանաչում, որ ունեցել է եւ ունի, ու յուսով եմ դեռ երկար կ՛ունենայ այն արժանիքները, համաձայն որի կարող ես նրան իրաւամբ տաղանդաշատ մանկագիր, վաստակաշատ մանկավարժ եւ պարզապէս երեխաների սրտացաւ ընկեր համարել: Այդպիսի մի անուն է Ֆիրա Ակեանը՝ անձնաւորութիւն, ում յիշատակելիս աչքիդ առջեւ է յառնում մանկական հեքիաթային աշխարհը:
Թէ ինչպիսի մանկավարժ է եղել Ֆիրա Ակեանը, ցաւօք ստոյգ չեմ կարող ասել, բայց համոզուած եմ, որ բոլոր այն երեխաները, որոնք եղել են նրա տնօրինութեան տակ պարզապէս շահած պիտի լինեն իրենց կեանքում, այն պարզ պատճառով, որ պիտի ստացած լինեն նրանից այն անհրաժեշտ գորովանքը, սէրը, քնքշութիւնը, ուշադրութիւնն ու կեանքի մասին պատկերացումը, որ միայն նա կարող էր տալ, ներարկել մանկան մէջ անհատի ձեւաւորման իր չափաբաժինը ու հպարտօրէն նշել, որ եւս մէկ բարի մարդ-անհատ է կայանում այսօր: Քանի-քանիսն են նրա դաստիարակած երեխաներից այժմ իրենց երեխաներին դաստիարակում: Համոզուած եմ, ցանկանալով նրանց համար ապահովել նոյն մօտեցումը, որպիսին իրենք են ունեցել ժամանակին, որպիսին նրանց կրթել ու մանկական աշխարհից դէպի իրականութիւն է ճանապարհել իրենց մանկապարտէզի երկարամեայ տնօրէնը՝ Ֆիրա մօրաքոյրը:
Ու թերեւս այդպիսին էլ նա մնացել է շատերի համար, հաճելի արտաքինով, բարեհամբոյր ժպիտով, անյագ երիտասարդական աւիւնով լեցուն, աշխոյժ ու կայտառ այս կինը, ով իր անսպառ եռանդը, իր մնայուն տաղանդը մարմնաւորել է հեքիաթների, բանաստեղծութիւնների, երգերի մէջ, որոնք հրապարակուել են մի շարք գրքերի ու ժողովածուների տեսքով: Ով իր մշտագործուն աշխատանքն է ծաւալել «Ծիր Կաթին» մանկա-պատանեկան պարբերականում, որի գլխաւոր խմբագիրն է նա, ով իր համանուն հեռուստահաղորդումներն է թողարկում ի ուրախութիւն մեր մատաղ սերնդի, ով իր անխոնջ գործունէութիւնն է ծաւալում ԱՄՆ Հայ գրողների միութեան շրջանակներում, որի վարչութեան նախագահի տեղակալն է նա, ով իր գեղագիտական շնորհքն ու տաղանդն է փոխանցում իր փայլուն վարպետութեամբ պատրաստուած տիկնիկների հաւաքածուին:
Ֆիրա Ակեանի գործունէութիւնը բարձր է դասուել ու ըստ արժանւոյն գնահատւում է հասարակութեան կողմից: Նա Հայաստանի գրողների միութեան անդամ է, ԱՄՆ Հայ գրողների միութեան հիմնադիր անդամ եւ այդ միութեան երախտաւոր: Բազմիցս պարգեւատրուել է պետական, մասնագիտական ու կառավարական պարգեւներով, մեդալներով, պատուոգրերով Հայաստանի գրողների միութեան, սփիւռքի նախարարութեան կողմից, բազմաթիւ յուշանուէրներով իրեն շատ սիրելի տարբեր վարժարանների աշակերտների կողմից:
Եւ ահա, 2016 թուականի Նոյեմբերի 30ին, Հայաստանի Հանրապետութեան հիւպատոսարանի շէնքում տեղի ունեցաւ անուանի մանկագրի ստեղծագործութիւններին նուիրուած երեկոն, որ վարում էր Լուսինէ Ալեքսանեանը:
Բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ մշակոյթի գծով հիւպատոս, տիկին Արմելլա Շաքարեանը, ով նշեց Ֆիրա Ակեանի բեղմնաւոր գործունէութեան մասին եւ ապա յանձնեց նրան ՀՀ հիւպատոսարանի կողմից պատուոգիր՝ հայ երեխաներին ազգային արժէքներին մօտեցնելու, հայեցի դաստիարակութեան համար: Ապա խօսքը տրուեց ԱՄՆ Հայ գրողների միութեան նախագահ, անուանի բանաստեղծ, Վազգէն Վանատուրին, ով ներկայացրեց տիկին Ակեանի ժրաջան աշխատանքը միութեան պատերից ներս, ապա եւ եռանդուն գործունէութիւնը տեղի հայկական վարժարանների աշակերտների հետ, խօսեց կազմակերպչական բնոյթի խնդիրների լուծման բանալին կրող Ֆիրա Ակեանի բազմամեայ փորձառութեան եւ այդ փորձը միութեանն ամբողջապէս նուիրաբերելու մասին: Նախագահն ամփոփեց իր խօսքը՝ Ֆիրա Ակեանին շնորհելով միութեան երախտաւորի բարձր կոչումը եւ պարգեւատրելով «Խնկենի» յուշամրցանակով:
Այնուհետեւ յաջորդաբար իրենց ողջոյնի խօսքն ասացին ու երեկոն խանդավառեցին միութեան արուեստի եւ մշակոյթի տան անդամներ՝ երգչուհի Սօսի Մարտիրոսեանը, ազգային երգի մեկնաբան, երգիչ Նշան æաղացպանեանը, կիթառահար, երգասան Ժիրայր Բարսամեանը:
Ելոյթ ունեցան տարբեր վարժարանների եւ կրթական օջախների սաներ, որոնց թւում ժամանակակից պարերի ներկայացմամբ հրաշք մանուկներ Թինա Յովհաննիսեանն ու Էրիկ Մխիթարեանը, «Հայկական Մառան» երեխաների թատերական փոքրիկ ներկայացումը մրգերի մասին, Հայ ընտանեկան վարժարանի սաները: Ապա եւ իրենց վարպետութեամբ փայլեցին դեռահաս չքնաղ ջութակահար Ծովինար Միքայէլեանը եւ երիտասարդ տաղանդաւոր դաշնակահար Գէորգ Խաչատրեանը:
Իրենց ողջոյնի խօսքն ասացին միութեան պատուաւոր անդամ, բանաստեղծ Գէորգ Քրիստինեանը, միութեան անդամներ Սվետլանա Տոնապետեանը, Ռուզաննա Մխիթարեանը, վարչութեան անդամ, «Վերնատան հիւրերը» հեռուստահաղորդաշարի վարող, արձակագիր Մարգարիտ Դերանցը, ովքեր նաեւ ասմունքեցին կատարեալ դարձնելով միջոցառումը:
Վերջում շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Ֆիրա Ակեանը: Նա արտայայտեց իր երախտագիտութիւնը ներկաներին իրեն բարձր գնահատելու համար, առանձին շնորհակալութիւն յայտնեց միջոցառումը կազմակերպողներին, խօսեց մանուկների, համերաշխութեան եւ միութեան մասին, որտեղ նշեց այս ամէնին հասնելու գաղտնուղու նշանաբանը՝ «Սիրեցէք իրար, սա է միայն մնում»: Ահա այս բառերով աւարտեց իր խօսքն անուանի մանկագիրը, որը կարծես ազդանշան էր ճոխ հիւրասիրութեան:
Ներկայիս բարդ ու դժուարին կեանքում սա մէկն էր այն գեղեցիկ ու հաճելի երեկոներից, որ երկար կը մնայ մասնակիցների յուշերում։
Այո, ներկայիս կեանքը բարդ է, լեցուն խրթին ու լուծում պահանջող տարբեր խնդիրներով: Այո, մենք հիմնականում շրջապատուած ենք այդ նոյն իրականութիւնն զգացող եւ դրան փոխազդող մարդկանցով եւ փորձում ենք մեր հոգեկան հանգիստը գտնել մեր ընտանեկան օջախներում մեր հարազատների շրջապատում: Բայց եւ յոյսով ու հաւատով ենք նայում նաեւ դուրս: Այնտեղ, որտեղ մեր համակիրներն են, մեր ընկերներն ու բարեկամները, որոնց թւում է նաեւ հեքիաթային բարու աշխարհը փոխանցող Ֆիրա Ակեանը:
Յիշում եմ, Աւ. Իսահակեանի «Համբերանքի Չիբուխը», որտեղ Վարպետն իր պատմուածքի գլխաւոր հերոսի՝ Օհան ամու շուրթերով, որքանով որ յիշում եմ մօտաւորապէս հետեւեալ միտքն է արծարծում. «Հրես էս շաքարի կտորը, գցեցիր չայի մէջ, կորաւ, գնաց, բայց չայն անուշցաւ: Էդպէս էլ լաւ մարդու …գործն աշխարհքը կ՛անուշցնէ»:
Շատերը գուցէ թէ անձամբ չճանաչեն Ֆիրա Ակեանին, սակայն հաւատացէք ինձ՝ նրա արած գործը «աշխարհքը կ՛անուշցնէ»:
Կարէն Խաչատրեան (ԽԱՉԿԱՐ).- Հայաստանի գրողների միութեան անդամ, ԱՄՆ Հայ գրողների միութեան առաջին փոխնախագահ, ԱՀ ԳԱԱի «Գիտակ», ԱՄՆ ՀԳՄի «Վերնատուն», ՌԴ ԲԳԱ ԱԲի ռուսական «Զնատոկ» պարբերականների գլխաւոր խմբագիր։