ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երկար սպասուած այցը Հայաստան կայացաւ: Նրան ընդունեցին արարողակարգի ամենաբարձր մակարդակով՝ ընդգծելով, թէ Հայաստանը որքան բարեկամաբար է տրամադրուած դարաւոր հարեւանի նկատմամբ եւ թէ որքան շահագրգռուած է նրա հետ բոլոր ուղղութիւններով յարաբերութիւնները խորացնելու հարցում:
Ռոհանիի այցը խոստանում է բեկումնային դառնալ ինչպէս երկկողմ բազմաբեւեռ յարաբերութիւնների խորացման համար, այնպէս էլ տարածաշրջանում ներկայիս քաղաքական հաշուեկշռի փոփոխման առումով:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻՈՆ (ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ-ԽՄԲ.) ՃԵՂՔՈՒՄԸ
Սերժ Սարգսեանի եւ Հասան Ռոհանիի՝ բանակցութիւնների արդիւնքն ամփոփող յայտարարութիւնից ակնյայտ է դառնում, որ կողմերը համաձայնութեան են եկել Հայաստանին մատակարարուող իրանական գազի ծաւալներն աւելացնելու հարցում: Որպէս դրա ապացոյց՝ Մեղրիում եւ Ագարակում տեղի ունեցաւ իրանական կողմի դրամաշնորհով կառուցուած գազի բաշխման ցանցի պաշտօնական բացումը: Դրանով Հայաստանը, թէկուզ փոքր քայլերով, սկսում է գազաէներգետիկ աղբիւրների դիւերսիկացման (բազմացման-Խմբ.) գործընթացը:
Ըստ ամենայնի՝ պայմանաւորուածութիւններ են ձեռք բերուել Հայաստանով իրանական գազի տարանցման վերաբերեալ: Յամենայնդէպս յայտարարութեան մէջ նշւում է, որ նախագահները կարեւորել են «գազի եւ էլեկտրաէներգետիկայի բնագաւառում երկկողմ եւ բազմակողմ համագործակցութեան ընդլայնումը»:
Դեռ մինչեւ Հայաստան ժամանելը Ռոհանին Թեհրանում տուած ճեպազրոյցում ընդգծել էր, որ Հայաստանի միջոցով իրենք կարող են հասանելիութիւն ապահովել դէպի Սեւ ծով, իսկ այնտեղից՝ արեւմտաեւրոպական շուկաներ: Խօսքը վերաբերում է թէ կոմունիկացիոն ենթակառուցուածքներին, եւ թէ գազի եւ էլեկտրաէներգետիկ տարանցմանը: Հայաստանեան ուղղութիւնը Թեհրանի համար նախընտրելի է համեմատաբար կարճ եւ անվտանգ լինելու պատճառով:
Որ Իրանի նախագահի այցի հիմնական նպատակներից մէկն այս հարցում Երեւանի հետ համաձայնութեան հասնելն էր, հաստատում է նաեւ այսօր կայացած հայ-իրանական գործարար խորհդրաժողովին ԻԻՀ Առեւտրաարդիւնաբերական պալատի նախագահ Ղօլամհոսէյն Շաֆէի արած այն պնդումը, թէ էներգետիկայի ոլորտում Իրանից Եւրոպա գազ արտահանելու ծրագրում ՀՀն կարող է ազդեցիկ եւ յարատեւ դերակատարում ունենալ: Այս առումով եւս, կարծես թէ կողմերը ճեղքում են ապահովում: Սարգսեան-Ռոհանի համատեղ յայտարարութեան մէջ շեշտւում է. «…Նախագահներն ընդգծեցին Հիւսիս-Հարաւ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի եւ Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտութիւնը»: Սա չափազանց կարեւոր ընդգծում է:
Խնդիրն այն է, որ ցայսօր նման ստրատեգիական (ռազմավարական-Խմբ.) նախագծերի իրականացման հիմնական խոչընդոտ է համարուել Ռուսաստանից Հայաստանի կախուածութեան պատճառով վերջինիս բաւականաչափ ոչ անկախ արտաքին քաղաքականութիւն ունենալը: Եթէ դրա մասին հիմա յիշատակւում է համատեղ յայտարարութեան մէջ, պէտք է ենթադրել, որ Երեւանն ինչ-որ կարեւոր պատնէշ է յաղթահարել, ինչով էլ, գուցէ, պայմանաւորուած է Ռոհանիի այս այցը:
Անցած մէկ տարուայ ընթացքում Երեւանում, Թեհրանում չորս անգամ անցկացուել են գործարար համաժողովներ: Սա ինքնին խօսում է առեւտրատնտեսական գործակցութեան նոր ոլորտներ, նոր հեռանկարներ գտնելու կողմերի շահագրգռուածութեան մասին: 2015թ. Հայաստան-Իրան առեւտրաշրջանառութիւնը կազմել է 276 մլիոն դոլար, որը Հայաստանի առեւտրաշրջանառութեան ընդամէնը 6 տոկոսն է: Թէ ինչ արդիւքններ են տուել այդ համաժողովները, պարզ կը լինի 2016թ. արդիւնքների ամփոփումից: Սակայն ակնյայտ է, որ այս ոլորոտում Հայաստանն Իրանին հետաքրքրում է հիմնականում երկու պատճաառով: Նախ՝ ազատ ա-ռեւտրի գօտի ստեղծելու եւ երկրորդ՝ դէպի ԵԱՏՄ շուկաներ դուրս գալու հաղորդուղի լինելու հնարաւորութիւններով:
Ռոհանին Հայաստանից յետոյ այցելելու է նաեւ Ղազախստան եւ Ղրղզստան: Այս երթուղին վկայում է, որ նրա այցը եւրասիական տնտեսական ինտեգրման (համարկման-Խմբ.) հեռանկարների համատեքստում (շրջագիծի մէջ-Խմբ.) է: Այն, որ շրջագայութիւնը Ռոհանին սկսել է Հայաստանից, նշանակում է, որ յենակէտի դերում Իրանը նախապատուութիւնը տալիս է հայաստանեան «միջանցքին»: Դա ունի թէ տնտեսական, եւ թէ քաղաքական հիմնաւորում: Նախ՝ Իրանը ԵԱՏՄի հետ ցամաքային կապ ունի միայն Հայաստանով: Երկրորդ Հայաստանը թէ՛ ԵԱՏՄի եւ թէ եւրոպական շուկաներ դուրս գալու կապող օղակ դարձնելով՝ Իրանը զգալիօրէն մեծացնում է Հայաստանի տարածաշրջանային քաղաքական դերը, եւ ապահովում թուրք-ադրբեջանական շրջափակման ճեղքումը: Հայաստանեան տնտեսութեանը շնչելու օդ տալով՝ Թեհրանն էականօրէն փոխում է ուժերի յարաբերակցութիւնը տարածաշրջանում եւ եւրասիական տարածքում դառնում առաջնային խաղացող:
Որքանո՞վ այս ամէնը կը կենսագործուի, դեռեւս պարզ չէ: 2017թ. Մայիսին Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրութիւններ: Այն կարող է գցել սկսուած պրոցեսների տեմպը (գործընթացներու թափը-Խմբ.): Սակայն փաստը, որ չնայած դրան, Ռոհանին Սերժ Սարգսեանին հրաւիրել է պաշտօնական այց կատարել Իրան, փաստում է երկկողմ յարաբերութիւնները որակական նոր եւ ռազմավարական մակարդակ տեղափոխելու ցանկութիւնը: Հայաստանի նախագահի այդ այցն էլ պէտք է, թերեւս, արտացոլի Երեւանում ձեռք բերուած համաձայնութիւնների գոնէ նախնական արդիւնքները:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՃԵՂՔՈՒՄԸ
Ռոհանիի այս այցը տեղի ունեցաւ տարածաշրջանային մի շարք կարեւոր իրադարձութիւնների ֆոնին: Նախ՝ մինչ այդ Ադրբեջան էր այցելել Իրանի ոխերիմ թշնամին համարուող Իսրայէլի վարչապետ Բենեամին Նեթանեահուն: Նրան Բաքւում ցուցաբերուած ջերմ ընդունելութիւնը Թեհրանում գնահատել են իրենց նկատմամբ Ադրբեջանի ոչ բարեկամական վերաբերմունքի դրսեւորում: Այցի նախօրէին Թուրքիայում Իրանի դիւանագիտական ներկայացուցչութիւնների մօտ տեղի էին ունեցել զանգուածային բողոքի պիկետներ (ցոյցեր-Խմբ.), ինչի պատճառով անգամ այդ երկում Իրանի դեսպանը ետ էր կանչուել Թեհրան: Առհասարակ՝ չնայած արտաքուստ հանդարտութեանը՝ թուրք-իրանական յարաբերութիւնները խորագոյն ճգնաժամի մէջ են՝ պատրաստ պայթելու: Թուրքիան աներեւոյթ դաշինք է կազմել Սաուդեան Արաբիայի եւ Կատարի հետ՝ ընդդէմ շիական Իրանի՝ ամէն կերպ կղզիացնելով վերջինիս իսլամական աշխարհում՝ դարձնելով թիրախ: Այս տարի, Ապրիլին, Ստամբուլում կայացաւ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպութեան այն սկանդալային համաժողովը, որտեղ ընդունուեց Սիրիայում եւ որոշ մահմեդական երկրներում Իրանի գործողութիւնները որպէս ահաբեկչութիւն որակող յայտարարութիւնը: Ի դէպ, այդ համաժողովում Ռոհանին փաստացի Թուրքիային եւ Ադրբեջանին քննադատեց կազմակերպութեան համաժողովներն իրենց լոկալ (տեղական-Խմբ.) հակամարտութիւնները քննարկուելու հարթակ դարձնելու համար՝ ակնյայտօրէն նկատի ունենալով նաեւ ԼՂ հիմնահարցի շահարկումը: Թերեւս նաեւ դա նկատի ունէր Սերժ Սարգսեանը, երբ Ռոհանիին Երեւանում շնորհակալութիւն էր յայտնում ԼՂ հարցում ունեցած հաւասարակշիռ դիրքորոշման համար: Իրականում Իրանը ԼՂ հարցում միշտ հանդէս էր գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան այսպէս ասած՝ «վերականգնման» դիրքերից: Չի բացառւում, որ հակաիրանական այս վարքագծով Բաքուն եւ Անկարան ստիպել Թեհրանին իրականում գնալու այս հարցում մօտեցումները որոշակիօրէն փոխելուն: Յամենայնդէպս նրանք Հայաստանին այս ուղղութեամբ աշխատելու «ֆրոնտ» (ճակատ-Խմբ.) են տալիս: Ամէն դէպքում այդ դրսեւորումները Իրանի համար էականօրէն բարձրացնում են Հայաստանի՝ որպէս միակ յուսալի հարեւանի եւ պոտենցիալ (հաւանական-Խմբ.) բնական դաշնակցի համարումը: Չնայած Երեւանում Ռոհանին զերծ մնաց Բաքուին կամ Անկարային ուղղուած որեւէ ուղերձից, ինքնին Հայաստան այցելութիւնը եւ այս կարգի պայմանաւորուածութիւնների ձեռբերումն արդէն կարելի է համարել Թեհրանի արձագանգը: Այս զուսպ վարքագիծը Երեւանի համար շատ աւելի նախընտրելի է, որովհետեւ հակառակ դէպքում տպաւորութիւն էր ստեղծուելու, թէ Իրանը պարզապէս Հայաստանը որպէս հարթակ է օգտագործում կամ շահագործում Իսրայէլի, Ադրբեջանի, Թուրքիայի կամ ԱՄՆի հետ իր յարաբերութիւնների պարզման համար:
«ԵՐԿԻՐ»