1992ի Փետրուարի առաջին օրերին ամերիկացի դիւանագէտ Սթիվ Մանը Երեւանի «Հրազդան» հիւրանոցի վրայ բարձրացնում էր ամերիկեան դրօշը: Այդ օրերին Հայաստանը ներքաշուել էր արիւնալի պատերազմի, հարեւանների կողմից շրջափակման հետեւանքով՝ նաեւ մթի ու ցրտի մէջ: «Հրազդան»ը մի քանի շէնքերից էր, որտեղ 24 ժամ լոյս կար: Երեւանում ամերիկացի թիւ մէկ դիւանագէտ Մանը եւ իր թիմը, որպէս դեսպանութիւն, տեղաբաշխուեց այդ հիւրանոցում: Դա անկախ Հայաստանում դիւանագիտական առաջին առաքելութիւնն էր:
Իր հերթին Հայաստանը դիւանագիտական առաքելութիւնների առաջիններից մէկը հաստատեց Մ. Նահանգներում: Արդէն 1992ի Մարտին Վաշինգտոնում բացուեց Հայաստանի դեսպանութիւնը:
Մ. Նահանգները առաջիններից էր ճանաչել Հայաստանի անկախութիւնը, իսկ երկրի առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը երդմնակալութիւնից երեք օր անց՝ 1991ի Նոյեմբերի 14ին, հիւրընկալուել էր Սպիտակ տանը: Դա առաջին նախագահի առաջին արտասահմանեան այցն էր եւ հանդիպումը նախագահ Ջորջ Բուշ աւագի հետ:
Հայ-ամերիկեան յարաբերութիւններում տրուած յաջող մեկնարկը, սակայն, չվերածուեց հայ-ամերիկեան ռազմավարական խորը գործակցութեան մի շարք պատճառներով: Առաջինը, անկասկած, անկախ Հայաստանի՝ օր-օրին խորացող կախումն էր Ռուսաստանից: Երեւանը, շրջապատուած ոչ բարեացակամ տրամադրուած հարեւաններով, իր անվտանգութիւնը աւելի ու աւելի կապում էր Ռուսաստանից սպասուող օգնութեան հետ: Ապրիլեան քառօրեայ պատերազմը սառը ցնցուղ էր եւ յօդս ցնդեցրեց ռուսական պատրանքային յոյսերը:
Թուրքիա-Հայաստան փակ սահմանը, Արցախեան եւ տարածաշրջանային միւս հակամարտութիւնները եւս հայ-ամերիկեան գործընկերութեան ընդլայնմանը խոչընդոտող գործօններից են: Անկախ դիւանագիտական բառապաշարի ընտրութեանը, ակնյայտ է՝ որքան ընդլայնւում է ռուսական ներկայութիւնը Հայաստանում, այնքան նեղանում է ամերիկեանը:
Այդուհանդերձ, Մ. Նահանգները շարունակում է մնալ Հայաստանի կարեւորագոյն քաղաքական եւ տնտեսական գործընկերներից: Մ. Նահանգները ներգրաւուած է Արցախեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ուղղուած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահութիւնում: Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, Վաշինգտոնը, միւս կողմից, բաց է թողնում Արցախի կարգավիճակի որոշման հարցում որեւէ վերջնարդիւնք:
1992ի Օգոստոսին ԱՄՆ Սենատը ընդունեց 907 ուղղումը, որն արգելում էր Ադրբեջանին տրամադրել ռազմական օժանդակութիւն, քանի դեռ այն օգտագործւում է Հայաստանի դէմ: 1998ից 907 ուղղումը կորցրել է իր ուժը: Այսօր Մ. Նահանգները ռազմական օժանդակութեան տրամադրման հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պահպանում է հաւասարակշռութիւն:
Հայաստանից յետոյ միակ պետութիւնը, որը բիւջէի առանձին տողով օգնութիւն է տրամադրում Արցախին, Մ. Նահանգներն է: Լոս Անջելեսում են կազմակերպւում «Հայաստան» Համահայկական հիմնադրամի տարեկան հեռուստամարաթոնները, որոնց ընթացքում հանգանակուած գումարներըը հիմնականում ուղղւում են Արցախում ենթակառուցուածքների բարելաւմանը: Ռուսաստանից յետոյ ամենամեծ հայկական համայնքը Մ. Նահանգներում է:
Մ. Նահանգները Հայաստանին մարդասիրական եւ տեխնիկական օգնութիւն տրամադրող խոշորագոյն դոնոր պետութիւնն է, 1991ից ի վեր այդ գումարը կազմել է շուրջ 2.5 միլիարդ դոլար:
Հայ-ամերիկեան տնտեսական յարաբերութիւնները եւ առեւտրային ցուցանիշները տպաւորիչ չեն: Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառութեան մէջ Մ. Նահանգները դուրս է առաջին տասնեակից: 2015ին հայ-ամերիկեան ապրանքաշրջանառութիւնը 150 միլիոն դոլարի սահմաններում էր:
1991ից ի վեր Մ. Նահանգների որեւէ նախագահ կամ փոխնախագահ չի այցելել Հայաստան, ի տարբերութիւն հարեւան Վրաստանի եւ Թուրքիայի: Երեւան այցելած բարձրաստիճան պաշտօնեան եղել է պէտքարտուղարը: 1992ին æէյմս Բէյքերը, իսկ երկու անգամ՝ Հիլարի Քլինթոնը, այցելել են Հայաստան:
Առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը երկու անգամ է հիւրընկալուել Սպիտակ տանը՝ 1991ի Նոյեմբերին եւ 1994ի Օգոստոսին՝ æորջ Բուշ աւագի եւ Բիլ Քլինթոնի նախագահութեան տարիներին: Եւս երկու անգամ հիւրընկալուել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը՝ 1999ին եւ 2001ին, երբ ԱՄՆում նախագահում էին Քլինթոնն ու æորջ Բուշ կրտսերը: Երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը, չնայած Հայաստանի արտգործնախարարութեան ջանքերին, Սպիտակ տանը չի արժանացել հեռացող նախագահ Բարաք Օբամայի ընդունելութեանը:
Հայաստանում ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների եւ օրէնքի իշխանութեան հարցերում Մ. Նահանգները հետեւողական է: Քանի դեռ Հայաստանը համարւում էր «ժողովրդավարութեան օազիս» կովկասեան տարածաշրջանում, դա Վաշինգտոնում գնահատւում էր յաւուր պատշաճի: 1994ին, երբ կասեցուեց ՀՅԴն, Սպիտակ տունն ու Կոնգրեսը Հայաստանի հասցէին օգտագործեցին խիստ բառապաշար: Յետագայում, երբ սկսեցին կեղծուել նախագահական ընտրութիւնները, Մ. Նահանագները յստակ դիրքորոշում էր արտայայտում, երբեմն նաեւ չշնորհաւորելով Հայաստանում նախագահ դարձածին:
2017ի Յունուարի 20ին Մ. Նահանգները կ՛ունենայ նոր նախագահ՝ Դոնալդ Թրամփը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը յայտարարել է, որ «Մ. Նահանգները կը մնայ Հայաստանի համար կայուն եւ հաստատուն գործընկեր»: