ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Դերասան Հրանդ Թոխատեան 5 Դեկտեմբերին՝ խօսելով «Արդարութիւն Հայաստանում» նախաձեռնութեան մասին, յայտնած է, որ անիկա կը միտի ժողովուրդը սթափեցնել, որ տէր կանգնի իր քուէին։ «Չի ասւում՝ ինչ-որ մէկի օգտին է պէտք քուէարկել, պարզապէս պէտք է տէր լինել քո ձայնին», նշած է ան:
Ըստ անոր՝ Հայաստանի պատմութեան մէջ այդպէս ալ չձեւաւորուեցաւ բնական ընդդիմութիւն մը, որ կարենայ յառաջ տանիլ շարժումը:
«Հրապարակներում հաւաքւում էին ինչ-որ ուժեր, բայց վերջում ինչ-որ բան էր պատահում, ընդդիմութիւնը մի կողմ էր գնում, եւ ժողովուրդը մնում էր արանքում: Երբ ինձ առաջարկեցին լինել աւագանու անդամ, ես մեծ հաճոյքով համաձայնեցի, քանի որ առաջին անգամ պէտք է լինէի մի օղակի մէջ, որն ինչ-որ հարցեր է լուծում: Այս տարիների ընթացքում իմ ձայնն իմ բեմն է եղել, այնտեղից եմ ես տեղ հասցրել ասելիքս, քանի որ իմ ներկայացումներին ներկայ են եղել մարդիկ թէ՛ իշխող կուսակցութիւնից, թէ՛ չիշխող», դիտել տուած է Թոխատեան:
Ան նաեւ նշած է, որ ճիշդ պիտի ըլլար դիմել Սփիւռքին ո՛չ միայն գումար ուզելու համար, այլ փորձել Սփիւռքի մէջ մտաւորական մարդուժը օգտագործել Հայաստանի զարգացման համար: