Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ,
Սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ 2016թ. Հոկտեմբերի 20-24, Երեւանում եւ Ստեփանակերտում կայացած Լրագրողների համահայկական 8րդ համաժողովի մասնակիցները որոշեցին համահայկական լրատուամիջոցներով սկսել «Դո՛ւ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը:
Շարժման նպատակն է բոլոր հնարաւոր միջոցներով աջակցել Արցախի եւ նրա ժողովրդի տնտեսական, սոցիալական բարելաւման գործին եւ բարեկեցութեանը:
Այս նպատակով կոչ ենք անում 2017թ. սփիւռքեան համայնքների կողմից կազմակերպուող բոլոր միջոցառումները նուիրել Արցախին (փառատօներ, մշակութային երեկոներ, մրցոյթներ, արիւնատուչութեան ձեռնարկներ, համերգներ, ցուցահանդէսներ, դրամահաւաքներ եւ այլն), ինչպէս դա արուեց Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի տարում: Ուզում ենք, որ 2017 թուականը համայն հայութեան համար դառնայ Արցախի տարի…
Նախարարութիւնը բացել է ֆէյսբուքեան էջ՝ «What Are You Doing for Karabakh?», որտեղ հրապարակուելու են սփիւռքեան համայնքների եւ սփիւռքահայ անհատների կողմից Արցախի համար իրականացուող բոլոր միջոցառումները: Իրականացուող ձեռնարկները հրապարակուելու են նաեւ նախարարութեան «Հայերն Այսօր» էլեկտրոնային լրատուամիջոցի համապատասխան բաժնում՝
Միացէ՛ք մեր ֆէյսբուքեան էջին՝ «What Are You Doing for Karabakh?» եւ հետեւէք շարժման գործընթացին՝ մաս կազմելով այս հիանալի համահայկական ձեռնարկին: Ձեռնարկները մեկնարկելու եւ հայկական աշխարհում հանրայնացնելու նպատակով, իւրաքանչիւրիդ խնդրում ենք լուսանկարուել՝ պարզելով «Դո՛ւ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» ցուցապաստառը եւ ուղարկել մեզ՝ ֆէյսբուքեան էջում եւ լրատուամիջոցներում հրապարակելու եւ տարածելու համար:
Մենք հաւատում ենք, որ Հայկական Սփիւռքի եւ Հայաստանի միասնական ներուժով կարող ենք զօրավիգ լինել Արցախում ապրող մեր քոյրերին ու եղբայրներին:
ՀՀ ՍՓԻՒՌՔԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ
«Ասպարէզ» սիրով կ՛արձագանգէ համահայկական այս կոչին: