Լեռնային Ղարաբաղն այլեւս անակնկալի չի գայ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ապրիլի սկզբին բռնկուած պատերազմին՝ «The National Interest» պարբերականում գրում է Մայքահ Սպանգլերը, ով գտնուել է Լեռնային Ղարաբաղում անկախութեան 25ամեակի տօնակատարութիւնների շրջանակներում:
Յօդուածագիրը նշում է, որ Ապրիլին Ադրբեջանի կողմից յարձակման ծաւալները շատերի, այդ թւում նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարութեան համար անսպասելի էին: Այդ մասին յօդուածագրի հետ զրոյցում նաեւ նշել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարէն Միրզոյեանը:
«Արտգործնախարարն ինձ այդ մասին պատմեց իր՝ չճանաչուած հանրապետութեան անկախութեան 25ամեակի տօնակատարութիւններից մէկ օր յետոյ: Տօնը յաղթական էր, բայց միաժամանակ մռայլ: Զօրահանդէսն ու հրավառութիւնը կարծես ստուերուած լինէին հինգ ամիս առաջ սահմանում մօտ հարիւր զինուորների մահերով, երբ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը կռւում էին ամբողջական, չորսօրեայ պատերազմում, որն այժմ ընկալւում է որպէս 1994 թուականի հրադադարից ի վեր ամենամահացու ընդհարումը տարածաշրջանում», գրում է հեղինակը:
«Այժմ մենք ակտիւ, ինտենսիւ կերպով ուժեղացնում ենք մեր ճակատային գիծը: Ապրիլին մենք բաւականաչափ տեսախցիկներ չունէինք ճակատային հատուածում: Իսկ հիմա ներդնում ենք C4ISR մոդելի նոր, ժամանակակից տեսախցիկներ, որոնք մեզ հնարաւորութիւն են տալիս դիտարկել ողջ ճակատային գիծը՝ կոնկրետ խորութեան վրայ», յօդուածագրի հետ զրոյցում նշել է ԼՂ վարչապետի մամուլի խօսնակ Արտակ Բեգլարեանը:
Ըստ յօդուածագրի՝ Լեռնային Ղարաբաղում պնդում են, որ այս տեսախցիկների ներդնումը էականօրէն նուազեցնելու է Ադրբեջանի կողմից յանկարծակի գրոհի հաւանականութիւնը, քանի որ թոյլ կը տայ դիտարկել եւ արձանագրել ադրբեջանական կողմի ցանկացած շարժ: Միաժամանակ յօդուածագիրը յաւելում է, որ բացի այս տեխնիկայից, Հայաստանում սպասում են նաեւ զինամթերքի նոր խմբաքանակի, որը հայ-ռուսական պայմանագրով մատակարարուելու է Ռուսաստանից: Այս առումով յօդուածագիրը նշում է, որ թէեւ նոր զինատեսակները մատակարարւում են հէնց Հայաստանին, սակայն փորձագիտական շրջանակները տեսակէտ են յայտնում, որ որպէս Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան երաշխաւոր՝ Հայաստանի զինատեսակները կիրառուելու են նաեւ այդ նպատակով:
Չբացառելով նոր պատերազմի հաւանականութեանը՝ յօդուածագիրը գրում է, որ Երեւանում նոյնպէս կիսում են այդ տեսակէտը, ինչպէս օրինակ Ազգային ժողովի պատգամաւոր Թեւան Պօղոսեանը:
«Ցաւօք սրտի, ես կանխատեսում եմ, որ Ադրբեջանը կրկին յարձակուելու է Արցախի վրայ: Միջազգային հանրութիւնը պէտք է հասկանայ, որ քանի հակամարտութեան քաղաքական բաղադրիչը լուծուած չէ, Ադրբեջանը միշտ էլ նպատակ է ունենալու գնալու լուծման ռազմական ճանապարհով: Եւ մինչ միջազգային հանրութիւնը դա կը հասկանայ, տնտեսական կամ քաղաքական ցանկացած ճգնաժամի ի յայտ գալուց Ադրբեջանում սահմանային լարուածութիւնը կ՛օգտագործեն որպէս Բաքւում այսպէս կոչուած «կայունութեան» ապահովման գործիք», նշել է Թեւան Պօղոսեանը:
Եզրափակելով, հեղինակը նշում է, որ եթէ մինչեւ տարեվերջ այդ ամէնն իրականութիւն դառնայ, ապա դա ինը ամիսների ընթացքում արդէն երկրորդ մահացու բախումը կը լինի ու թէեւ դժուարութեամբ ազդի այնտեղի մարդկանց ոգու վրայ, բայց վերջապէս աշխարհին կը յիշեցնի, որ այս սառեցուած հակամարտութիւնը սկսել է կտրուկ թէժանալ:
Panorama.am