2016թ. աշունը Վրաստանի իշխանութիւնների համար հաշուետու, իսկ ազգաբնակչութեան համար ընտրութեան շրջան է: 2012թ. նոյն այդ շրջանում յաղթանակելով խորհրդարանական ընտրութիւններում, իսկ մէկ տարի անց նաեւ նախագահական ընտրութիւններում, երկրում խարիզմատիկ (հրապուրիչ-Խմբ.) գործիչ համարուող Բ. Իվանիշվիլու եւ նրա թիմակիցների հիմնադրած «Վրացական երազանք» քաղաքական ուժն արդէն չորս տարի է, ինչ գտնւում է իշխանութեան ղեկին: Փաստենք, որ դեռ նախընտրական շրջանում, իսկ այնուհետեւ նաեւ իշխանութեան ձեւաւորման փուլում, ե՛ւ անձամբ Բ. Իվանիշվիլին, ե՛ւ նախագահ Գ. Մարգվելաշվիլին, ե՛ւ «Վրացական երազանք»ի ներկայացուցիչ կամ այդ քաղաքական ուժին սատարող բազմաթիւ չինովնիկներ ու կազմակերպութիւններ բազմիցս յայտարարեցին Վրաստանի ոչ վրացի ազգաբնակչութեամբ բնակեցուած շրջանների խնդիրների լուծման հարցում իրենց պատրաստակամութեան մասին: Կոնկրետ ջաւախքահայութեանը յուզող խնդիրների մասով այդպիսի յայտարարութիւններ կամ խոստումներ հնչել են ինչպէս անձամբ Բ. Իվանիշվիլու եւ Գ. Մարգվելաշվիլու Ախալքալաք կատարած այցերի ժամանակ, այնպէս էլ այլ առիթներով:
Ամփոփելով «Վրացական երազանք» քաղաքական թիմի կողմից ջաւախահքայութեան շրջանում իրականացուած աշխատանքները, ծրագրերն ու տարաբնոյթ այլ դրսեւորումներ, ինչպէս նաեւ մանրակրկիտ քննութեան առնելով ջաւախքահայութեան ներկայիս վիճակը եւ սպասուելիք մարտահրաւէրները՝ յայտարարում ենք, որ, չնայած «Վրացական երազանք»ի առաջնորդների նախընտրական ու յետագայի հաւաստիացումներին եւ առկայ նախադրեալներին՝ անցած չորս տարիներին պետութեան կողմից որոշակի ծրագրեր են իրականացուել միայն սոցիալ-տնտեսական, ենթակառոյցների բարելաւման ուղղութեամբ:
Այդուհանդերձ, ջաւախքահայութեանը յուզող հիմնական խնդիրների, այն է՝ ազգային-քաղաքական, կրթական եւ հոգեւոր-մշակութային հարցերի լուծման մասով չեն նկատուել դրական տեղաշարժեր: Աւելին, նշեալ զգայուն ոլորտներում բազմաթիւ հիմնահարցեր խորանալով դարձել են նոր անհանգստութիւնների եւ յուզումների պատճառ: Օրինակ, հաշուետու շրջանում արգելուեցին ՀՀից մինչ այդ ներմուծուող այբբենարանները, մայրենի լեզուի եւ հայ գրականութեան դասագրքերը, եւ Ջաւախքի բոլոր շրջանների հայ աշակերտներն արդէն երրորդ ուսումնական տարին է, ինչ զրկուած են անգամ այդ դասագրքերից:
Աւելացնենք, որ ջաւախքահայութեան կրթական կեանքի պատմութեան մէջ սա աննախադէպ երեւոյթ էր: æաւախքահայութեան համար անհասկանալի երեւոյթների շարքից էր նաեւ իշխող «Վրացական երազանք»ի կողմից մեծամասամբ հայաբնակ Սամցխէ-Ջաւախքի նահանգում իրականացրած կադրային քաղաքականութիւնը, որի հետեւանքով տեղի ազգաբնակչութեանն այդ մասով եւս ընկալելի չեղան 2012 թուականով սկզբնաւորուած փոփոխութիւնները:
Ջաւախքահայութեանը յուզող հիմնահարցերը ե՛ւ գրաւոր շարադրուած փաստաթղթերի տեսքով, ե՛ւ կենդանի հանդիպումների ժամանակ փոխանցուել են իշխանութիւններին, եւ սոյն յայտարարութեան նպատակը, բնականաբար, վերոնշեալ խնդիրները շարադրելը չէ, այլ եզրակացնելը, որ անցած քառամեակը մեզ համար հանդիսացաւ սպասումներով, շատ պարագաներում՝ յուսախաբութիւններով եւ հակասական ապրումներով լեցուն մի շրջան:
Ամփոփելով վերոնշեալը՝ Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը յայտարարում է, որ առայժմ ոչ մի հիմք չունի սատարելու Վրաստանի խորհրդարան մուտք գործելու յայտ ներկայացրած քաղաքական ուժերից որեւէ մէկին: Խորհուրդը միաժամանակ յայտարարում է, որ պատրաստակամ է հանդիպումներ եւ ջաւախքահայութեանը յուզող բազմապիսի եւ բազմոլորտ խնդիրների լուծման ուղղութեամբ քննարկումներ կազմակերպել բոլոր քաղաքական ուժերի հետ, լսելու վերջիններիս մօտեցումները նշեալ հիմնահարցերի հանդէպ, որոնց արդիւնքում էլ խորհուրդն առաջիկայում հանդէս կը գայ Վրաստանի խորհրդարանական ընտրութիւններին մասնակցող քաղաքական ուժերի հանդէպ յստակ դիրքորոշումներ արտայայտող նոր յայտարարութեամբ:
ՍԱՄՑԽԷ-ՋԱՒԱԽՔԻ ԵՒ ՔՈՒԵՄՕ ՔԱՐԹԼԻԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ
ԽՈՐՀՈՒՐԴ
ք. Ախալքալաք