ԵՐԵՒԱՆ, «Արեւելք».- Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի նստավայրում ունեցած իր ելոյթում արտասանել է Եղիշէ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծութիւնից մի հատուած: Չարենցի ստեղծագործութիւնները տարբեր ժամանակներում տարբեր հեղինակների կողմից թարգմանուել են իտալերէն, սակայն, ըստ գրականագէտների, չարենցեան լաւագոյն իտալերէն թարգմանութիւնը մնում է հայ ժամանակակից փիլիսոփայ, Ստամբուլի համալսարանի պրոֆէսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Լեւոն Զեքիեանի պատրաստած Quattro poesie di Y. Čharents, In Canto d’Armenia. Yerg Hayastani, anno diciottesimo հրատարակութիւնը (1998): Հայր Լեւոն Զեքիեանը նաեւ հայերէնից եւ այլ լեզուներից իտալերէն բազմաթիւ այլ թարգմանութիւնների հեղինակ է: Նա տիրապետում է եօթ լեզուի:
Լեւոն Զեքիեանը համարւում է Հռոմի Պապի ամենամտերիմ հայը: Յայտնի է, որ անուանի հայագէտի ջանքերով է պատրաստուել Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելու փաթեթը: Վերջերս Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Լեւոն Զեքիեանին նշանակել է Մխիթարեան միաբանութիւնում պապական պատուիրակ, իսկ աւելի վաղ կրկին Պապի կողմից հայ անուանի կրօնականը ծառայութեան էր անցել Թուրքիայում եւ նրան շնորհուել էր արքեպիսկոպոսի աստիճան: