ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐԵԱՆ
Ընդհանրապէս մտածելով աստղագիտութեան եւ յատկապէս աստղաֆիզիկայի ճիւղի մասին՝ հայ գիտնականների անունները շատ յաճախ չեն շրջւում ամէնօրեայ խօսքի մէջ: Սակայն, հռչակաւոր աստղագէտ Վիկտոր Համազասպի Համբարձումեանը, անդադար ջանք թափելով՝ նորանոր ճանապարհներ բացեց ապագայ սերունդների գիտնականների համար: Համբարձումեանը վերացական աստղաֆիզիկայի ճիւղի հիմնադիրներից մէկն է եղել, մասնագէտ լինելով նաեւ տիեզերաբանութեան, արեգակնային դրութիւնների, գալակտիկական ծագումների եւ այլ նման մարզերում: Իր ուսումնական փորձառութիւնը նաեւ նուիրաբերել է թուաբանական ֆիզիկայի ասպարէզին:
Համբարձումեանի հռչակաւոր հրատարակութիւններից մէկն այն է, ուր աստղերի բարեշրջումը մանրամասն ձեւով ուսումնասիրուել է, եւ զանազան գիւտեր երեւան են եկել, որպէս այս ուսումնասիրութեան արդիւնքը: Օրինակի համար, աստղերի ներքնային կառոյցը բաղկացած է զանազան գազային շերտերից, որոնք ինքներն արդէն բաղկացած են իւրայատուկ տարերային գազերից, եւ աստղերի ձեւաւորումը տիեզերքում պատահում է խմբային դրութեան մէջ: Աստղաֆիզիկայի ասպարէզում արդէն ընդունուած փաստ է, որ միջաստղային տարրը, որը գտնւում է լայնարձակ տարածութիւնների վրայ, գոյատեւում է ամպաձեւ վիճակում:
1946 թուականին, Համբարձումեանը հիմնադրեց Բիւրականի աստղադիտարանը, Արագած լերան լանջին գտնուող Բիւրական գիւղաքաղաքի մօտ: Այս աստղադիտարանը հանդիսացաւ Խորհրդային Միութեան գիտահետազօտական կարեւոր կենտրոն՝ աստղագիտական բազմաթիւ ուսումնասիրութիւնների համար, որոնց մեծամասնութիւնը կատարուել է Համբարձումեանի վաւերացումը ստանալուց յետոյ: Հիմնումից մէկ տարի անց, Համբարձումեանը ընտրուեց որպէս Բիւրականի աստղադիտարանի գլխաւոր ղեկավար եւ այդ պաշտօնում մնաց մինչեւ 1988 թուականը, երբ պատասխանատուութիւնը յանձնուեց աստղաֆիզիկոս Էդուարդ Խաչիկեանին:
Ես, 2014 թուականին, առիթը ունեցայ այցելելու այս պատմական աստղադիտարանը, երբ Հայաստանում էի՝ ՀամաՀՄԸՄական 10րդ Ընդհանուր բանակումին մասնակցելու համար: Մի քանի օր մնացած մեր ճամբորդութեան աւարտին, մի խումբ հետաքրքրուած սկաուտներով հաւաքուեցինք եւ գիշերով ճանապարհուեցինք դէպի աստղադիտարան: Մեր այցելութեան ընթացքում առիթը ունեցանք ցոլացման հեռադիտակով նայել միլիոնաւոր մղոնների տարածութեան վրայ գտնուող աստղերի, մոլորակների, եւ նախայիշեալ միջաստղային ամպաձեւ տարրերից մէկին: Մեր ուղեւորութիւնը աւարտուեց, երբ այցելեցինք Բիւրականի աստղադիտարանի եւ ժամանակին՝ Սովետական Միութեան ամենամեծ ցոլացման հեռադիտակը, որը իր 2.6 մետրանոց հայելիով գտնւում է աստղադիտարանի հսկայ գմբէթաւոր շէնքերից մէկում:
Ես, անձնապէս, որպէս աստղաֆիզիկայի ուսանող, անհամբեր սպասում եմ այդ յարմար առիթին, որ կարողանամ իմ ստացած գիտելիքները օգտագործել իմ ընտրած մարզում:
Անուշ Ղազարեան 25 տարեկան է