ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ԵՐԿԻՐ ԵՒ ՄՇԱԿՈՅԹ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Սփիւռքահայերը ոչ միայն բարոյական պատասխանատուութիւն են կրում պահպանելու իրենց նախնիների մշակոյթն ու ժառանգութիւնը, այլեւ՝ պէտք է ակտիւ ֆիզիկական դերակատարում ստանձնեն իրենց նախնիների հողի զօրացման գործում», այս կարգախօսով շուրջ 40 տարի առաջ Ֆրանսիայում բնակուող մի խումբ երիտասարդներ հիմնեցին «Երկիր եւ Մշակոյթ»կազմակերպութիւնը, որ տարիների ընթացքում համալրուեց տարբեր երկրներց համախոհներով եւ դարձաւ համազգային կառոյց: Միութեան հիմնական գործունէութիւնն է Հայաստանում, Արցախում եւ հայերին պատմականօրէն պատկանած այլ տարածքներում եկեղեցիների եւ պատմա-մշակութային նշանակութեան կոթողների վերականգնումն ու պահպանումը աշխարհասփիւռ երիտասարդ կամաւորների միջոցով:
«Ներդրում ունենալով հայրենիքում, մեր երիտասարդները իւրատեսակ կապ են հաստատում մայր հողի հետ՝ դառնալով նաեւ պատմութեան շարունակողը», զրոյցում նշում են Ամերիկայում «Երկիր եւ Մշակոյթ»ի հիմնադիրները՝ ազգային հարցերի բազմամեայ նուիրեալներ, յայտնի բարեգործներ Նազարէթ Գեւոնեանը, դոկտոր Հայկ եւ Հիլդա Մանջիկեան ամոլը: Շուրջ երեսուն տարի, նրանք անձնուիրաբար համակարգում եւ ղեկավարում են «Երկիր եւ Մշակոյթ»ի գործունէութիւնը Միացեալ Նահանգներում՝ կազմակերպելով դրամահաւաքի ձեռնարկներ ու խրախուսելով երիտասարդներին ներգրաւուել հայրենանուէր գործում: Նրանց ջանքերով, սփիւռքահայ հազարաւոր երիտասարդներ, եւ առաջինը իրենց զաւակները, հնարաւորութիւն ունեցան վերագտնելու ազգային ինքնութիւնը՝ մերձենալով մայր հողին: «Կարեւոր է, որ Սփիւռքում ունենանք եկեղեցի եւ դպրոց, բայց պէտք է գիտակցենք, որ մնայուն է միայն հայրենիքը: Այս մտայնութիւնից ելնելով, պէտք է իւրաքանչիւրս մեր գործունէութեան առնուազն տասը տոկոսը հայրենիքում իրականացնենք»: Ոգեւորիչ եւ յուզիչ էր հետեւել երեք տասնամեակից աւելի նոյն նուիրումով գործող Գեւոնեանի ու Մանջիկեանների զրոյցին, որոնց տարիների աշխատանքը՝ վերականգնուած եկեղեցիներն են ու Հայաստանի եւ Արցախի գիւղական համայնքները:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որո՞նք էին «Երկիր եւ Մշակոյթ» համազգային բարեգործական կազմակերպութեան տեղծման հիմնանպատակները:
ՀԻԼԴԱ ՄԱՆՋԻԿԵԱՆ.- «Երկիր եւ Մշակոյթ» կազմակերպութիւնը ստեղծուել է 1977 թուականին Ֆրանսիայում, երբ մի խումբ ֆրանսահայ երիտասարդներ Գեղամ Գեւոնեանի նախաձեռնութեամբ որոշում են զբաղուել հայ մշակութային կոթողների պահպանութեամբ ու վերականգնմամբ: «Երկիր եւ Մշակոյ»չի հիմնադիրները համոզուած էին, որ հայ մշակոյթի միջոցով է պահպանւում ազգային ինքնութիւնը, իսկ կոթողները՝ մեր պատմութեան ու մշակոյթի վառ վկայութիւնն են: Առաջին նպատակակէտը լինում է Իրանի Ատրպատականի շրջանում գտնուող պատմական նշանակութեան եւ ԵՈՒՆԵՍՔՕի Ժառանգութեան ցուցակում գրանցուած Սուրբ Թադէի վանքը, որ սկսուել էր քայքայուել ջրից: Նոյն նպատակով աշխատանքներ են կազմակերպւում Իրանի նախկին հայաբնակ շրջաններում. Արաքս գետի ափին գտնուող Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքն է վերանորոգւում եւ Ծործորի Սուրբ Աստուածածին եկեղեցին, որը «Երկիր եւ Մշակոյթ» կազմակերպութեան գաղափարով քար առ քար նոյնութեամբ տեղափոխւում է աւելի բարձր վայր, որպէսզի չվնասուի ջրամբարի կառուցման պատճառով: Այդ տարիներին, կազմակերպութեան գործունէութեանը ծանօթանում է այն ժամանակ Նիւ Եորքի առաջնորդ Մեսրոպ արք. Աշչեանը, եւ նրա նախաձեռնութեամբ 1987թ.ին հիմնւում է կազմակերպութեան Ամերիկայի մասնաճիւղը՝ սկսելով գործունէութիւնը դրամահաւաքի ձեռնարկների անցկացումով:
ՆԱԶԱՐԷԹ ԳԵՒՈՆԵԱՆ.- Իրան այցերը, որ հնարաւոր էին Շահի ժամանակաշրջանում, յեղափոխութիւնից յետոյ սահմանափակուեցին: Հայաստան նոյնպէս դիւրին չէր գնալ խորհրդային տարիներին: Սակայն «Երկիր եւ Մշակոյթ» կազմակերպութեան անդամների համոզումն ու մղումն անսասան էր, եւ որոշուեց աշխատանքները շարունակել Քեսապում՝ Կիլիկիայից մնացած միակ գիւղում: Այնտեղ շատ վանքեր ու մշակութային կոթողներ չկային, բայց ժողովուրդ կար, ովքեր ապրում էին իրենց մեծ պապերի տներում՝ հայկական աւանդոյթներով ու ազգային մշակոյթով: Սակայն Քեսապում բնակուող ոչ մեծ թուով հայերի նոր սերունդներն էլ կամաց-կամաց հեռանում էին՝ վաճառելով իրենց տները, առանց գիտակցելու, թէ մշակութային ինչպիսի արժէք ունեն այդ օջախները հայերի համար, եւ յատկապէս եկեղեցուն յարող թաղամասը: «Երկիր եւ Մշակոյթ»կազմակերպութիւնը որոշում է գնել վաճառուող տները եւ առաջին ձեռքբերումը՝ մի քանի հարիւր տարուայ կիսախարխուլ տուն էր, որը վերանորոգուեց: 1982 թուականից Քեսապում սկսուած աշխատանքները ներառում են նաեւ Սուրբ Ստեփանոս մատուռի վերանորոգումը: Մեր ծրագրերում կամաւոր հիմունքներով ընդգրկւում էին բազմաթիւ երիտասարդ տղաներ ու աղջիկներ՝ վերանորոգելու եւ վերականգնելու Քեսապը, եւ սա բաւական ոգեւորիչ էր, ու մեծ ազդեցութիւն ունեցաւ տեղի բնակիչների համար: Նրանք էլ սկսեցին վերարժեւորել ունեցածը, միացան մեզ ու ամէն տարի անհամբերութեամբ էին սպասում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Երկիր եւ Մշակոյթ»ն աւելի քան երկու տասնամեակ աշխատանքներ է իրականացնում Հայաստանում: Ինչպէս սկսուեց հայրենիքում ձեր գործունէութիւնը:
ՀԻԼԴԱ ՄԱՆՋԻԿԵԱՆ.- 1989ին, երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով, մեր կամաւորական խմբերը մեկնեցին Հայաստան, եւ առաջինը՝ Գոգարան գիւղ, որ ամբողջովին աւերուել էր: Այդ ժամանակ, մեր անդամներն արդէն բաւական փորձառու էին եւ պատրաստ արագօրէն կազմակերպելու աշխատանքները: Մի քանի տարիների ընթացքում յաջողուեց վերականգնել գիւղը՝ Գոգարանի եկեղեցին, համայնքային կենտրոններ, հիւանդանոցներ, յուշարձաններ, բնակելի տներ: Այստեղ աշխատանքներն աւարտելուց յետոյ վերադարձանք մեր հիմնական առաքելութեանը՝ որպէս թիրախ ունենալով Հայաստանի տարբեր շրջանների, յատկապէս սահմանային գիւղերի եկեղեցիներն ու կոթողները, որոնց վերականգնումն իրականացւում էր սփիւռքահայ երիտասարդ կամաւորների միջոցով:
Ընդգծեմ, որ «Երկիր եւ Մշակոյթ» կազմակերպութեան միւս գլխաւոր նպատակն է տարբեր երկրներում ծնուած եւ մեծացած, երրորդ չորրորդ սերնդի հայ պատանիներին եւ երիտասարդներին ծանօթացնել հայրենիքի հետ, կապել նրանց հայրենի հողին: Այս նպատակին հասնելու լաւագոյն միջոցներից էր նրանց նեգրաւուել աշխատանքի միջոցով, այս դէպքում՝ եկեղեցիների ու մշակութային այլ կոթողների վերակառուցման ուղիով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որքանո՞վ յաջողուեց ձեր այդ նախաձեռնութիւնը:
ԴՈԿՏ. ՀԱՅԿ ՄԱՆՋԻԿԵԱՆ.- Վստահօրէն կարող եմ ասել, որ Հայաստան այցելելով եւ աշխատելով հայրենիքում, մեր երիտասարդների հայութիւնը նորոգուեց, արմատներին մերձենալով՝ նրանք վերագտան իրենց ինքնութիւնը: Երբ ձեռքերով աշխատում ես հողի հետ, այլ կերպ ես զգում այն, կապւում ես այդ հողին: Մենք կարող ենք դրամ հաւաքել, վարձել մասնագէտների եւ նրանց միջոցով նորոգումներ իրականացնել, սակայն մեր նպատակն այն է, որ սփիւռքահայ երիտասարդն ինքը քրտնի, աշխատի այն նոյն քարի վրայ, որտեղ հարիւրաւոր տարիներ առաջ նրա նախնիներն են աշխատել: Մեր ժառանգութիւնը 3000ամեայ պատմութիւն ունեցող շղթայ է, եւ երբ մի երիտասարդ միանում է այդ ժառանգութեան վերանորոգմանն ու կառուցմանը՝ դառնում է այդ շղթայի մասը: ԱՄՆում ծնուած եւ մեծացած երիտասարդներն օրինակ՝ մասնակցում են չորս հարիւր տարուայ եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, եւ մի պահ վերապրում են այն բոլոր պատմութիւնները, որոնց մասին միայն լսել են ծնողներից ողջ մանկութեան ընթացքում, եւ դժուարութեամբ են թերեւս պատկերացրել, մինչ այն պահը, երբ այդ պատմութիւնը դառնում է իրենցը: Տարիների ընթացքում նկատել ենք, որ երբ երիտասարդն աշխատում է եկեղեցու վրայ՝ տարբեր զգացումներ ունի, եւ դա նրանից է, որ իր պատմութեան հետ գործ ունի, որովհետեւ դառնում է այդ պատմութիւնը շարունակողներից:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր հիմնական կազմը մի քանի կամաւոր նուիրեալներ էին, դժուար չէ՞ր քիչ ուժերով իրականութիւն դարձնել նպատակները:
ԴՈԿՏ. ՀԱՅԿ ՄԱՆՋԻԿԵԱՆ.- Տարիներ առաջ, երբ ես «Երկիր եւ Մշակոյթ»ի փոխատենապետն էի, մեր փոքրիկ խումբը Սուրբ Մարիամ եկեղեցում ընդունելութեան ժամանակ հանդիպեց Գարեգին Ա.ին: Ներկայացնելով մեր կազմակերպութիւնը վեհափառին, ասացի, որ մեծ գաղափարներ ունեցող, բայց շատ փոքր ու նիւթական սահմանափակ միջոցներ ունեցող խումբ ենք: Վեհափառն էլ պատասխանեց, «թէ յիշում է մէկ այլ փոքր՝ 12 անդամ ունեցող միութիւն, որ սկսուել էր 2000 տարի առաջ, եւ ականատես ենք, թէ ուր են այժմ հասել», նկատի ունենալով քրիստոնէութիւնը: Այսօր, վստահօրէն կարող ենք փաստել, որ «Երկիր եւ Մշակոյթ»ը կարողացել է փոխել բազմաթիւ սփիւռքահայերի մտայնութիւնը:
Խորհրդային տարիներին, երբ չէինք կարողանում Հայաստան գնալ, եւ Սփիւռքում հիմնական աշխատանքները կապուած էին համայնքի հետ, մեր միութիւնն առաջին անգամ միտք յուշեց, որ սփիւռքահայերի ջանքերի ու միջոցների որոշակի մաս անհրաժեշտ է յատկացնել մեր պատմական հողերի վրայ գտնուող մշակութային կոթողների պահպանմանը: Հարցն այն է, որ միայն քարոզելով մեր ինքնութեան մասին ու գիրք գրելով մեծ օգուտ չկայ՝ դա չի կարող պահել մեր երիտասարդների, նոր սերունդների ազգային ինքնութեան զգացողութիւնը, նրանք վաղ թէ ուշ կ՛ուծացուեն: Պարզ է, որ մեր այստեղ գործող համայնքները մի օր հնարաւոր է չլինեն, եւ մեր միակ առանցքն ու արմատը հայրենիքն է: Մեր միութիւնը փորձում էր այս նոր գաղափարը տարածել, որի միջոցով նաեւ բարոյահոգեբանական օժանդակութիւն ցուցաբերէինք մեր համերկրացիներին, յատկապէս գիւղացիներին, որ մնան իրենց հողի վրայ եւ չհեռանան:
Ուրախ ենք, որ ժամանակի ընթացքում մեր այս գաղափարն այլ կազմակերպութիւններ էլ որդեգրեցին, եւ այսօր նոյն ձեւաչափով շատ կազմակերպութիւններ են աշխատում՝ երիտասարդներին տանելով Հայաստան աշխատելու:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս էք կարողանում ներգրաւուել կամաւորների: Ինչպէ՞ս են արձագանգում երիտասարդները:
ՆԱԶԱՐԷԹ ԳԵՒՈՆԵԱՆ.- Մենք տարուայ ընթացքում, բացի դրամահաւաքի ձեռնարկներից, զբաղւում ենք նաեւ երիտասարդ կամաւորների հաւաքագրմամբ: Քոլեջներում եւ համալսարաններում տարածում ենք տեղեկատուական նիւթեր, զետեղում են յայտարարութիւններ լրատուամիջոցներում, եւ մեր կայքում առաջարկում ենք դիմումնաձեւեր, որոնք պէտք է ներբեռնել եւ լրացնել: Կամաւորներն իրենք են հոգում իրենց ծախսերը եւ հասնելով Հայաստան՝ բնակւում են տուեալ աշխատանքին մօտ վայրերում, որոնք մենք օգնում ենք վարձել: Ամէն տարի շուրջ 20 հոգի մեր կազմակերպութեան միջոցով գնում է Հայաստան: Ընդգծեմ, որ սա մի աշխատանք է, որ ամէն երիտասարդ չի կարող անել, միայն նրանք, ովքեր իսկապէս զգում են իրենց մէջ հայրենիքին օգտակար լինելու մղումը: Հայաստանը փոքր երկիր է, եւ ինչ անես՝ տարբերութիւնը տեսանելի է լինում: Մեր կամաւորները շատ ոգեւորւում են, որ անմիջապէս տեսնում են իրենց կատարածի արդիւնքը: Հետարքրքիր մի փաստ ներկայացնեմ. երբ այժմ ուսումնասիրէք հայրենադարձուած, կամ հայրենիքում աշխատող անհատների, կը պարզուի, որ նրանք առաջին անգամ մեր կազմակերպութեան միջոցով են գնացել Հայաստան, եւ սա մեր գործունէութեան արդիւնքի մասին ամենախօսուն վկայութիւնն է:
ՀԻԼԴԱ ՄԱՆՋԻԿԵԱՆ.- Մեր ծրագրերի միջոցով սփիւռքահայ երիտասարդներն էլ պատկերացում են կազմում իրենց հայրենակիցների կեանքի եւ կենցաղի մասին՝ բնակուելով նրանց հետ քով-քովի եւ կիսելով նրանց առօրեան: Մեր ծրագիրը նաեւ նպաստում է գիւղական կեանքի աշխուժացմանը: Օրինակ, երբ մեր երիտասարդները Սիւնիքում էին, որ բաւական հեռու է մայրաքաղաքից, տեղի բնակիչները կարծես նոր յոյս ու լոյս էին ստացել: Նրանք նաեւ օրինակ հանդիսացան սիւնեցի երիտասարդների համար, եւ շատ են դէպքերը, երբ տեղացիները միանում են մեր աշխատանքներին: Ուրախալի է նաեւ այն փաստը, որ մեր կամաւորները երեք շաբաթեայ ծրագրից յետոյ դժուարութեամբ են հեռանում հայրենիքից՝ նրանք այնքան են մտերմանում տեղացիների հետ կարծես մէկ ընտանիք լինեն, եւ սա այն դէպքում, երբ նրանց համար այդ միջավայրը միանագամայն այլ իրականութիւն է: Մեր կամաւորները շարունակում են կապ պահել իրենց նոր ընկերների հետ՝ ստեղծելով այնքան անհրաժեշտ կամուրջը Հայաստանի հետ:
ՆԱԶԱՐԷԹ ԳԵՒՈՆԵԱՆ.- Մեր ծրագրի շրջանակներում շատ են դէպքերը, երբ մեր կամաւորները ծանօթացել ու ամուսնացել են, եւ նրանցից ոմանք էլ տեղափոխուել են Հայաստան: Իմ կրտսեր դուստրն, օրինակ, որ ծնուել է ԱՄՆում, առաջին անգամ մեր կազմակերպութեան շրջանակներում գնաց Հայաստան: Հիմա նա հաստատուել է Արցախում, եւ փորձում է քինօա աճեցնել՝ ներգրաւուելով նաեւ այտեղ բնակուող սիրիահայերին: Հայրենիքում ապրելու եւ գործելու ցանկութիւնը նրա մէջ արթնացաւ այնտեղ աշխատելուց եւ տեղի հնարաւորութիւններին անձամբ ծանօթանալուց յետոյ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իսկ յատկապէս ի՞նչ աշխատանքներ են իրականացնում կամաւորները:
ՀԻԼԴԱ ՄԱՆՋԻԿԵԱՆ.- Նրանք զբաղւում են տուեալ մշակութային համալիրի տարածքի մաքրման, բարեկարգման աշխատանքներով, ներգրաւուում են վերակառուցման գործում: Մասնագէտների ուղղորդմամբ նրանք նաեւ կատարում են պեղումներ: Քանի որ ուսանողների հետ ենք աշխատում, իւրաքանչիւր տարի աշխատանքներն ընթանում են 2-3 ամիս ուս. տարուայ սկսելուն համապատասխան Ամերիկայի կամաւորները սկսում են Յուլիսին, եւրոպացիները՝ Օգոստոսին: Ամէն նախագծի լիարժէք իրականացում սովորաբար տեւում 3-4 տարի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս է կատարւում տուեալ նախագածի ընտրութիւնը ձեր կողմից:
ՀԻԼԴԱ ՄԱՆæԻԿԵԱՆ.- Հայաստանի պարագայում առաջարկներ է ներկայացնում «Երկիր եւ Մշակոյ»չի անդամ, ճարտարապետ Ստեփան Նալբանդեանը, որ շրջում է երկրում եւ ընտրելով վերանորոգման ենթակայ կառոյցները՝ ներկայացնում է խորհրդի քննարկմանը: Մեր խորհրդի ամէնամեայ ընդհանուր ժողովի ժամանակ, որ անցկացւում է Ֆրանսիայում, դիտարկում ենք ներկայացուած նախածգի մշակութային արժէքը, մեր ֆինանսական միջոցներն ու ըստ այդմ կատարում ենք ընտրութիւն: Ի դէպ, բացի վերակառուցումից եւ բարեկարգումից, տուեալ տարածքում կատարւում են հնագիտական աշխատանքներ, իրականացւում են պեղումներ, որոնց ընթացքում բազմաթիւ յայտնագործութիւններ եւ բացայայտումներ են լինում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր կայքէջից կարելի է տեղեկանալ շուրջ 40 տարիների աշխատանքի մասին: Վերջին տարիներին, մասնաւորապէս 2014-2015թթ.ին ինչ ծրագրեր էք իրականացրել:
ՆԱԶԱՐԷԹ ԳԵՒՈՆԵԱՆ.- Հայաստանում, 2015թ.ի Օգոստոսին բացումը կատարեցինք Սպիտակի շրջանի Շիրակամուտ գիւղի մօտ գտնուող Չիչխանավանք անունով եկեղեցու: 6-7րդ դարից մեզ հասած այս սրբավայրը կիսաւէր էր, հողի տակից հազիւ երեւացող պատերով եւ մեզ յաջողուեց ամբողջութեամբ վերականգնել այն՝ իր նախնական ձեւին շատ մօտ, քանզի վերականգնողական աշխատանքներում մեր ճարտարապետները մշտապէս հաշուի են առնւում պատմական տուեալները: 2008թ.ից սկսուած կառուցման աշխատանքների սկզբում էլ պեղումներ էին կատարուել, ինչի արդիւնքում նախաքրիստոնէական դամբարաններ եւ այլ հետաքրքիր բացայայտումներ արուեցին: Եկեղեցու օծումը գիւղի ու յարակից շրջանների բնակիչների համար իրական տօնախմբութեան վերածուեց:
Ներկայում ընթացքի մէջ են մի շարք այլ աշխատանքներ, այդ թւում՝ Սիւնիքի մարզի Շիկահող գիւղում գտնուող 16րդ դարի Սուրբ Ստեփանոս Նախավկայ եկեղեցու նորոգումը: Եկեղեցին փլուզուած վիճակում էր, եւ կատարուեցին բազաթիւ աշխատանքներ՝ քարտէզագրում, չափագրում, ուսումնասիրուեցին արխիւային եւ մատենագրական նիւթեր, տեղի ունեցան եկեղեցու տարածքի հնագիտական եւ տանիքի բուսածածկոյթի մաքրման աշխատանքներ:
Սիւնիքի մարզի Բեխ անունով փոքրիկ գիւղում բարձրադիր բլուրի վրայ ծառերով եւ առատ բուսականութեամբ ծածկուած Տանձափարախ կոչուող վանական համալիր կայ, որի տանիքը փլուել էր, եւ շինութիւնն աւերման եզրին էր: Մենք գտանք ֆրանսիայից մի տանիքագէտ-ճարտարապետի, ով իր թիմով բաւական դժուար պայմաններում վերականգնեց շինութիւնը, քանզի տարածքին հասնել հնարաւոր էր միայն ձիով՝ կտրելով 7 կմ. զառիվեր ճանապարհը: Նշենք նաեւ, որ երբ տուեալ ծրագիրն աւարտւում է, շարունակում ենք հետեւել տուեալ վայրերի պահպանմանը:
«Երկիր եւ Մշակոյ»չն ունի կայքէջ, որտեղ կարող էք մանրամասն ծանօթանալ կազմակերպութեան ծրագրերին, մասնակիցը դառնալ այս հայրենանուէր միութեան աշխատանքներին www.lcousa.org: Ստորեւ՝ Հայաստանում եւ Արցախում 1989թ.ից «Երկիր եւ Մշակոյ»չի իրականացրած ծրագրերի ամփոփ տեղեկագիրը:
Տեղեկանք
Գոգարան – 4րդ դարի եկեղեցու վերակառուցում, գիւղական տների վերանորոգում, 1989-1996, 2000, 2012թթ.
Թալին – 10րդ դարի Ամրոցի բարեկարգում, 1991թ.
Ամբերդ – 10րդ դարի եկեղեցու եւ Ամրոցի բարեկարգում, 1989-1991թթ.
Դպրեւան – Մրգերի արեւային չորացման համակարգի, գիւղական տների կառուցում, 1990-1997թթ.
Սաղմոսավանք – 13րդ դարի վանքի մասնակի վերականգնում, 1998-2002թթ.
Այրում – Արեւային չորացման 2 համակարգի կառուցում, 2000-2001թթ.
Տաթեւ – 13րդ դարի եկեղեցու, դպրոցի վերանորոգում, 1995-1999թթ.
Քարինտակ – Հանրային կենտրոնի վերանորոգում, 1995-1999թթ.
Շուշի – Հիւանդանոցի վերակառուցում, 2002-2011թթ.
Շատուան – Դպրոցի շէնքի վերանորոգում, 2004-2005թթ.
Ազատ – Դպրոցական շէնքի վերանորոգում, 17րդ դարի եկեղեցու շրջակայքի բարեկարգում, 2006-2010թթ.
Եղվարդ – 16րդ դարի եկեղեցու վերանորոգում, 2008-2011թթ.
Գորիս – 16րդ դարի եկեղեցու վերանորոգում, 2008-2012թթ.
Շիրակամուտ-Չիչխանավանք – 7-10րդ դարի եկեղեցու վերանորոգում, 2010-2015թթ.
Շիկահող – 17րդ դարի եկեղեցու վերանորոգում, 2012ից մինչ այժմ։
2016ի ծրագիրն է նորոգել Մեղրիում գտնուող Ս. Յովհաննէս եկեղեցի: