Դեկտեմբերի 19-20ին Թբիլիսիում կայացաւ խոշորագոյն հայ մտածող, վիպասան, ազգային-ազատագրական շարժման գաղափարախօս Րաֆֆու (Յակոբ Մելիք Յակոբեանի) 180ամեակին նուիրուած միջոցառումների մի ամբողջ շարք:
Վրաստանի Հայ համայնքում Րաֆֆու 180ամեակի տօնումը սկսուեց «Խաչագողի Յիշատակարանը» գեղարուեստական ֆիլմի ցուցադրութեամբ, որը նկարահանուած է համանուն պատմագեղարուեստական վէպի մոտիվներով:
«Չնայած Րաֆֆու ստեղծագործութեան ողջ նշանակութեանը՝ ցաւօք, «Խաչագողի Յիշատակարանը» միակ հայկական ֆիլմն է՝ նկարահանուած ըստ Մեծն Րաֆֆու ստեղծագործութեան մոտիվների: Հանդիսատեսի մեծամասնութիւնը՝ ֆիլմը դիտելու համար այսօր Հայ համայնքում հաւաքուած դպրոցականները եւ երիտասարդները, առաջին անգամ շփուեցին Րաֆֆու ստեղծագործութեան հետ: Կարեւոր է, որպէսզի հնարաւորինս շատ հայեր դաստիարակուեն Րաֆֆու ստեղծագործութեամբ: Նրա ստեղծագործութիւնը ուսուցանում է մեզ ճշմարիտ սէր ինքդ քո հանդէպ, քո ժողովրդի հանդէպ: Սովորեցնում է սիրել հայրենիքը». «Միութեան» հետ զրոյցում ասաց Վրաստանի Հայ համայնքի Ուսանողական-երիտասարդական միութեան ղեկավար Արթուր Միրզոյեանը:
Ազգային-ազատագրական շարժման գաղափարախօսի 180 ամեակի տօնակատարութեան երկրորդ օրը սկսուեց Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ հոգեհանգստի անցկացման արարողութեամբ: Կիրակնօրեայ ժամերգութիւնից յետոյ քահանաները Յակոբ Մելիք Յակոբեանի (Րաֆֆի) հոգեհանգստի ծիսակարգ անցկացրին: Մինչ եկեղեցական ծիսակարգի սկսուելը, վարդապետ Խորէն Օհանեսեանը եկեղեցում հաւաքուած ծխականներին յիշեցրեց հայ ժողովրդի համար Րաֆֆու ստեղծագործութեան անգնահատելի դերի, Մեծն գրողի անցած կեանքի ուղու մասին:
Հոգեհանգստի արարողութիւնից յետոյ թբիլիսահայերի մի փոքրաթիւ խումբ, գործող երկու հայկական կազմակերպութիւնների՝ Վրաստանի Հայ համայնքի եւ «Հայարտուն» կենտրոնի ներկայացուցիչները, վարդապետ Խորէն Օհանեսեանի ուղեկցութեամբ քայլերթ կազմակերպեցին դէպի Խօջավանք, որտեղ թաղուած է Մեծն Րաֆֆին:
Րաֆֆու՝ ազգային-ազատագրական շարժման գաղափարախօսի շիրիմին անցկացուեց կարճ միջոցառում: Հաւաքուած վիրահայ ներկայացուցիները ծաղիկներ դրեցին Յակոբ Մելիք Յակոբեանի գերեզմանին։ «Գլխաւոր խորհուրդը, որը տալիս է մեզ Րաֆֆին, դա միասնութեան կոչն է: Միասնութիւն՝ յանուն մեր ժողովրդի եւ հայրենիքն հաւաքական շահի: Ուրախալի է, որ այսօր մենք Մեծն գրողի գերագոյն խորհրդին հետեւող թբիլիսահայ հետեւորդն ենք հանդիսանում», ասաց Րաֆֆու յոբելեանին նուիրուած միջոցառումների անցկացման նախաձեռնողներից մէկը՝ Վրաստանի Հայ համայնքի Ուսանողական միութեան անդամ Քրիստինէ Աբրամեանը:
Րաֆֆու ծննդեան 180ամեակը եզրափակուեց Վրաստանի Հայ համայնքի կենտրոնական գրասենեակում, որտեղ անցկացուեց դասախօսութիւն-քննարկում՝ «Րաֆֆի. ժառանգութիւնը եւ արդիականութիւնը» թեմայով:
Դասախօսութեան հեղինակները՝ հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցչուհի Լարիսա Խաչատրեանը եւ «Միութիւն» թերթի աշխատակցուհի Մարօ Ասատրեանը հաւաքուածներին պատմեցին Փայաջուկ (Սալմաստ, Իրան) գիւղում ծնուած եւ Թբիլիսիում (Վրաստան) թաղուած խոշորագոյն վիպասանի կեանքի կարեւորագոյն փուլերի մասին: Լարիսա Խաչատրեանը եւ Մարօ Ասատրեանը Րաֆֆու երկու վէպերի՝ «æալալեդդինի» եւ «Խենթի» վերլուծութեան հիման վրայ հաւաքուածներին պատմեցին Մեծն մտածողի ստեղծագործութեան հիմնական ուղղութիւնների մասին:
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ