ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴԵԱՆ
Դէպի ուր եւ դեռ ինչքան ներքեւ կը գլորուեն նաւթի գներն ու համաշխարհային շուկայում բիզնեսի տրամադրութիւնը որոշող չինական Եուանի եւ ռուսական ռուբլու փոխարժէքները: Տնտեսագէտները տարատեսակ մեկնաբանութիւններ ունեն, բայց, այնուամենայնիւ, դրական սպասելիքներից շատ ռիսկեր ու անորոշութիւթիւններ են կանխատեսւում: Տնտեսագէտ Վիլէն Խաչատրեանը համոզուած է՝ դրամը մինչեւ տարեվերջ անխուսափելիօրէն կ՛արժեզրկուի՝ հասնելով 1 դոլարի դիմաց 520-540 դրամ յարաբերակցութեան, կենտրոնական բանկի ձեռագիրն է այդպիսին: Բայց, այսքանով հանդերձ, Խաչատրեանը յորդորում է չտրուել դոլար գնելու մոլուցքին ու սպեկուլեացիայի (չարաշահումի-Խմբ.) չգնալ: Դոլարային վարկ ունեցողների՝ դոլարի կարիքն առանց այն էլ խնդրահարոյց է, շեշտում է տնտեսագէտը:
Չինական Եուանի եւ ռուսական ռուբլու արժեզրկումը շղթայական ռեակցիա է առաջացրել արժոյթի համաշխարհային շուկայում: Հէնց դրա հետեւանքով անկում է սպասում եւս 10 համաշխարհային արժոյթի, այդ թւում նաեւ նախկին խորհրդային մի շարք երկրների արժոյթներին: Նման վերլուծութեամբ ու ռիսկերի կանխատեսմամբ է հանդէս եկել Բլումբերգ հեղինակաւոր կազմակերպութիւնը՝ մեկնաբանելով՝ ռուսական ռուբլու շարունակական թուլացումը այդ երկրների համար անբարենպաստ պայմաններ է ստեղծում Ռուսաստանի հետ առեւտրում: Ռիսկի գօտում յայտնուած արժոյթների թւում Bloomberg-ը նշում է նաեւ հայկական դրամը եւ շեշտում՝ վերջին 12 ամիսներին դրամն արժեզրկուել է 15 տոկոսով, այն դէպքում, երբ ռուսականի անկումը 50 տոկոսին է մօտենում: Շղթայական ազդեցութիւնը գնահատելով Բլումբերգը յայտարարում է՝ ղազախական տենգէի 26 եւ աւելի տոկոսով անկումը կարող է յանգեցնել նաեւ Տաջիկստանի եւ Թուրքմենստանի ազգային արժոյթների արժեզրկմանը: Տենգէին արդէն հետեւել է ղրղզական սոմի անկումը դոլարի նկատմամբ՝ հասնելով հանրապետութեան ամբողջ պատմութեան ընթացքում իր նուազագոյն արժէքին: Ադրբեջանն ու Վրաստանն արժեզրկել են իրենց արժոյթները նախորդ տարի, մինչդեռ միւս երկրները, մասնաւորապէս՝ Հայաստանը, Տաջիկստանը, Մոլդովան եւ Մոնղոլիան, մնում են վտանգաւոր գօտում, կարծում են Bloomberg-ի փորձագէտները: Արժութային շուկայի վայրիվերերումները դեռ անցեալ տարեվերջին խուճապային տրամադրութիւն առաջացրին Հայաստանում: Տնտեսագէտներն այսօր էլ յորդորում են չտրուել դոլարային փոխարժէքի շուրջ սրուող զարգացումներին:
Տնտեսագէտ Վիլէն Խաչատրեանն է զրուցակիցս.
«Այս պահի դրութեամբ պիկը (գագաթնակետը-Խմբ.), արժութային ցնցումը կարելի է ասել յաղթահարուել է, բայց համաշխարհային տնտեսութեան մէջ կը կրկնուի սա թէ ոչ, դժուար է ասել: Պարզապէս չպէտք է տրուել սպեկուլեատիւ խաղերին»:
Հայաստանի հիմնական առեւտրային գործընկեր Ռուսաստանի արժոյթի անկման պայմաններում հայկական դրամի փոխարժէքի պահպանումը խիստ թանկ է նստում Կենտրոնական բանկի գրպանին: «Կենտրոնական բանկը վախենում է արժեզրկել դրամը, որովհետեւ, ըստ էութեան, արտաքին պարտքի մեծացման հետեւանքով կ՛աւելանան նաեւ արտաքին վճարումները: Բայց միւս կողմից հայկական դրամի բարձր փոխարժէքը խիստ բացասաբար է ազդում հայկական բիզնեսի ներմուծման-արտահանման վրայ. հայկական արտադրանքը ռուսաստանեան շուկայում շարունակ թանկանում է, իսկ ռուսաստանեան արտադրանքը հայկական շուկայում իր ցածր գնով ներքին արտադրողին զրկում է մրցակցութեան հնարաւորութիւններից: Դրամի ներկայիս փոխարժէքը խնդիրներ է առաջացնում նաեւ հայաստանցի միգրանտների համար: Դրամի փոխակերպելիս նրանց աշխատած ռուսական ռուբլին արժեզրկւում է, ինչն էլ կրճատում է Հայաստանում մեծ թուով մարդկանց սպառողական հնարաւորութիւնը: Չափազանց լուրջ հարուածի տակ են դոլարային վարկեր ունեցողները, իսկ Հայաստանի վարկառուների 2/3ի վարկերը դոլարով են, շեշտում է Վիլէն Խաչատրեանը: Տնտեսագէտը դոլար-դրամ փոխարժէքի մասին սեփական կանխատեսումն ունի: Դրամը կը շարունակի արժեզրկուել, ասում է ու բացատրում.
«Մեր կենտրոնական բանկը սովորաբար նախընտրում է կուրսը պահել, պահել ու մէկ քայլով միանգամից արժէզրկել: Իսկ այդ քայլը կարող է լինել 40-60 դրամանոց: Հայկական դրամի փոխարժէքը 1 դոլարի դիմաց 520-540 դրամ յարաբերակցութեան կը հասնի մինչեւ տարեվերջ, սա անխուսափելի է»:
Իսկ ռուսական ՌԲԿ գործակալութիւնը համեմատել է այն երկրների արժոյթները, որոնք առաւել մեծ կախուածութեան մէջ են նաւթի արտահանումից: Զրուցակիցս արձանագրում է՝ նաւթն այժմ իր պատմական նուազագոյն գինն ունի: Էներգակրի գների յետագայ վայրիվերումների ուղղութիւնը պարզ կը դառնայ, երբ ԱՄՆը հրապարակի նաւթային պահուստների վիճակագրութիւնը: Եթէ պահուստները նուազած լինեն, հնարաւոր է նաւթի գների բարձրացում, եթէ ոչ՝ նաւթի էժանացումը կը շարունակուի: Իսկ մինչ սա կը պարզուի, շատ տնտեսագէտներ արժութային համաշխարհային շուկայում ստեղծուած այս աժիոտաժին (իրարանցումին-Խմբ.) մէկ անուն են տալիս՝ նաւթային անէծք ու սպասում են դրա յետագայ ազդեցութեանը, որը շատերին անկասելի է թւում: