Հայ Դատի յանձնախմբի «Հայ Վոթս» ծրագիրն (HyeVotes) օգտագործում է իւրաքանչիւր առիթ՝ ամերիկահայ քաղաքացուն տեղեկացնելու քաղաքական, հասարակական գործընթացներում ակտիւ լինելու անհրաժեշտութեան մասին: «Ձայնդ լսելի դարձրու» կարգախօսով «Հայ Վոթս»ը յորդորում է հայ համայնքին արձանագրուել, քուէարկել եւ ընտրութիւնների միջոցով երկրում որոշումների կայացման մասնակից դառնալ:
Այս նպատակով, «Հայ Վոթս»ի յանձնախումբը Օգոստոսի 29ը յայտարարել է հանրային իրազեկման ու արձանագրման օր: Ըստ այդմ, Շաբաթ օրը առաւօտեան ժամը 10ից, հայախօս կամաւորները ձեզ կը դիմաւորեն մի շարք քաղաքների յաճախ այցելուող նպարատների մօտ:
Գլենդել՝ «Ջոնս» վաճառատուն, 600 Իսթ Քոլորադօ, 91205 (Glendale: Jons Marketplace, 600 East Colorado, 91205):
Հոլիվուդ՝ «Ջոնս» վաճառատուն, 5311 Սանտա Մոնիկա բուլվարդ (Hollywood: Jons Marketplace, 5311 Santa Monica Blvd, LA, CA 90029)
Բրբենք՝ «Ռաֆի՛զ» վաճառատուն, 324 Սաութ Գլենոքս բուլվարդ (Burbank, Raffis Market, 324 S Glenoaks Blvd., 91502):
Փասադենա՝ «Գուդֆուդ» վաճառատուն, 1864 Իսթ Ուաշինկթոն բուլվարդ, #106, 91104 (Pasadena: Good Food Market, 1864 E Washington Blvd # 106, CA 91104):
Սան Ֆերնանդօ հովիտ՝ «Ջոնս» վաճառատուն, 18135 Շըրման Ուէյ, 91335, (18135 Sherman Way, 91335), 12122 Մագնոլիա բուլվարդ, 91607 (12122 Magnolia blvd, 91607)
Կրեսենտա հովիտ-Գլենդել՝ «Օլդ Ֆեշըն Դելի եւ Մարքե»չ, 2830 Նորթ Վերդուգօ Ռոդ, (Old Fashion Deli & Market, 2830 North Verdugo Rd., Glendale, 91208):
«Հայ Կենտրոն», 17422 Չեթսուորթ սթրիթ, Գրանադա Հիլզ (Granada Hills: Armenian Community Center, 17422 Chatsworth St, Granada Hillls)։
Նշուած հասցէներում, առաւօտեան 10ից մինչեւ երեկոյեան 6ը, «Հայ Վոթս»ի կամաւորները կ՛արձանագրեն եւ տեղեկութիւններ կը տրամադրեն ընտրութիւններին մասնակցութեան ձեւերի մասին, կը պատասխանեն ձեր հարցերին:
«Հայ Վոթս»ի համակարգող Աննա Առաքէլեանը նշում է, որ ամերիկահայերը յաճախ հրաժարւում են արձանագրուելուց եւ քուէարկելուց՝ հիմնականում պատճառաբանելով, որ իրենց ձայնը լսելի չէ, չի կարող փոփոխութիւն առաջացնել, կամ որոշումները, միեւնոյնն է, կայացւում են առանց քաղաքացիների ձայնի: «Սա մի կարծրատիպ է, որ մեր ծրագրի միջոցով փորձում ենք փոխել՝ ներկայացնելով բազմաթիւ դէպքեր, երբ թեկնածուն յաղթել կամ պարտուել է մի քանի ձայնով», նշում է Առաքէլեանը: Կան նաեւ տեխնիկական պատճառներ, որոնք սխալ տեղեկութիւնների արդիւնք են, եւ դրանցից ամենատարածուածն այն է, որ արձանագրուելով պարտաւորուած ես լինում դատարանում ժիւրիի պարտաւորութիւններ կատարել (Jury Duty): «Հայ Վոթս»ի ղեկավարը հաւաստիացնում է, որ սա չի համապատասխանում իրականութեանը. «Եթէ անհատին տրւում է վարորդական վկայական, նա ինքնաբերաբար յայտնւում է դատարանում ժիւրիի անդամ դառնալու ցանկում, եւ արձանագրումը որեւէ կապ չունի այս հարցի հետ»: Աննա Առաքէլեանը տեղեկացնում է, որ Օգոստոսի 29ին «Հայ Վոթս»ի կամաւորները պատրաստ են պատասխանելու ընտրութիւնների հետ կապուած բոլոր հարցերին: