Tert.am-ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ «ՄՈԴՈՒՍ ՎԻՎԵՆԴԻ» ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԱ ՊԱՊԵԱՆԻ ՀԵՏ
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապեանը, Tert.am-ի հետ զրոյցում անդրադառնալով Թուրքիայի Դերսիմ նահանգը քուրդ զինեալների կողմից ինքնավար մարզ հռչակելու եւ այնտեղ անցակէտեր դնելուց բխող հետեւանքներին, ասում է, որ սա այն է, ինչի մասին ինքը եւ մի շատ վերլուծաբաններ խօսում են: Այսինքն, որ գալու են կայսրութիւնների տրոհման ժամանակներ: Վերլուծաբանը գտնում է, որ Թուրքիան յայտնուել է 2 կամ 3 կրակների արանքում, ինչի պատճառով ստիպուած է լինելու որոշ ժամանակով սառեցնել իր հակահայկական ծրագրերը՝ տարբեր ճակատներում չհակամարտելու համար: Կը կարողանա՞նք մենք՝ հայերս սրանից օգտուել, ըստ Պապեանի, ցոյց կը տայ ժամանակը:
«ԹԵՐԹ».-Պարոն Պապեան, Դերսիմը քուրդ զինեալների կողմից հռչակուել է ինքնավար մարզ, որտեղ անցակէտեր են դրուել: Սա ինչպէ՞ս կ՛անդրադառնայ Հայաստանի վրայ ինչպէս անվտանգութեան առումով, այնպէս էլ յետագայում այսպէս ասած՝ հողային պահանջների առումով: Պայմանական:
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ.- Հասկանալու համար այս բոլոր երեւոյթները պէտք է մի փոքր լայն վերցնենք: Իմ կարծիքով՝ Միջին Արեւելքում սկսւում է սառեցուած գործընթացի սկիզբը, որը սկիզբ էր առել Առաջին Համաշխարհային պատերազմից յետոյ: Դա կայսրութիւնների տրոհումն է, եւ մի պահ այդ ամէնը դադարեցուեց ռուսական յեղափոխութեան պատճառով, ապա վերսկսուեց 1990ականներին՝ Բալկաններում, հիմա՝ Միջին Արեւելք եւ Ռուսաստանում պիտի լինի: Մեր տեսանկիւնից, ըստ իս, եթէ չի յաջողւում հարեւան պետութիւնների հետ բարի-դրացիական յարաբերութիւններ ձեւաւորել, ապա անհրաժեշտ է դրանք հաստատել այդ պետութիւններում կազմակերպուած հանրութիւնների հետ՝ լինեն կրօնական թէ էթնիկ խմբեր:
Նշեմ, որ Դերսիմում բնակչութեան շուրջ 70-80 տոկոսը ալեւիներ են, որի շրջակայքում էլ եւս հոծ ալեւի զանգուած կայ: Այսինքն՝ եթէ այստեղ 70-80 տոկոս է, յարակից նահանգներում՝ 50-60 կամ 30-40: Եւ խօսքը 12-20 միլիոն մարդու մասին է՝ ողջ Թուրքիայի տարածքում:
Նշեմ նաեւ, որ թէեւ ալեւիները դասական առումով համարւում են շիա իսլամի յետնորդներ, ապա իրենցից շատերն իրենց չեն համարում իսլամի հետեւորդներ, այլ համարում են առանձին կրօնի ներկայացուցիչներ, որովհետեւ իսկապէս էական տարբերութիւններ կան. նրանք նամազ չեն անում, մզկիթ չեն գնում, Մեքքան չեն ընդունում որպէս իրենց կենտրոն եւ այլն: Բացի այդ, աւանդաբար, հայերի նկատմամբ ալեւիները եղել են անհամեմատ աւելի լաւ տրամադրուած եւ պատահական չէ, որ Հայոց Ցեղասպանութեան ժամանակ համեմատաբար աւելի շատ հայեր փրկուել են ալեւիների շրջանում: Գումարենք դրան եւ յիշենք, որ 1938 թուականին Դերսիմում տեղի ունեցան ջարդեր, Դերսիմի ցեղասպանութիւնը, որը Թուրքիան, ի տարբերութիւն Հայոց Ցեղասպանութեան, ըստ էութեան ճանաչել է, քանի որ Էրդողանը ճանաչեց եւ ներողութիւն խնդրեց: Եւ այս ամբողջը, գումարած ինքնագիտակցութեան զարգացման հետ, նոր երեւոյթ է: Հիմա ո՞ւր կը տանի այդ ամբողջը, կը տանի՞ արդեօք այս փուլում Թուրքիայի տրոհման, նոր պետական միաւորների ստեղծման, դեռ շուտ է ասել, բայց որ բաւականին լուրջ է, փաստ է: Եւ միայն Դերսիմի շրջանը չէ, կան բազմաթիւ այլ քրդաբնակ շրջաններ, որտեղ եւս ռազմական բախումներն են սաստկանում: Այնպէս որ, մենք թեւակոխում ենք լուրջ փոփոխութիւնների շրջան, որի մասին տարիներ ի վեր շատերն էին խօսում, այդ թւում նաեւ ես:
«ԹԵՐԹ».- Երբ Յուլիսի վերջին թուրք-սիրիական սահմանին պատերազմական գործողութիւններ սկսուեցին, դուք կանխատեսեցիք Թուրքիայի համար ծանր ժամանակների սկիզբ: Եւ հիմա այս Դերսիմի ինքնահռչակումով իրականանո՞ւմ են ձեր այդ կանխատեսումները:
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ.- Սա, ըստ էութեան, այդ ծանր օրերի փուլերից մէկն է, որովհետեւ Թուրքիան յայտնուել է երկու կրակի արանքում. մի կողմից այս ներքին փոքրամասնութիւններ են, որոնց պայմանականօրէն ենք կոչում փոքրամասնութիւն, որովհետեւ, ընդունէք, որ 12-15-20 միլիոնանոց հոծ զանգուածն արդէն փոքրամասնութիւն չէ, դա մի ողջ հանրոյթ է: Չեմ ասում՝ ժողովուրդ, որովհետեւ ալեւիութիւնն աւելի շուտ հաւատամք է, բայց դա հզօր երեւոյթ է: Իսկ միւս կրակն այն է, որ իսլամիստներն են սկսել ճնշել Թուրքիային: Եւ բացայայտօրէն խօսւում է Աթաթուրքը՝ որպէս իսլամի թշնամի, որպէս Իսլամական խալիֆաթը ոչնչացնող երեւոյթի մասին: Այսինքն՝ ձախից ալեւիներն են հարուածի տակ դնում Թուրքիային, աջից՝ իսլամիստները: Գումարած նրան, որ Արեւմուտքը համագործակցութեան շեշտադրումը տեղափոխում է դէպի Իրան, ինչի պատճառով Թուրքիան կորցնելու է իր կարեւորագոյն նշանակութիւնը:
Մենք՝ հայերս, ըստ իս եւ ցաւօք սրտի, հերթական անգամ անպատրաստ վիճակում կը յայտնուենք այս մեծ բեկումնային ժամանակաշրջանների առջեւ: Բայց ակնյայտ է, որ շատ կարեւոր է պատրաստ լինել նման ժամանակների համար, որովհետեւ նման ժամանակաշրջաններն են ստեղծում տարբեր հարցեր լուծելու հնարաւորութիւն, այդ թւում նաեւ՝ Հայաստանի հողային իրաւունքների հարցը: Եւ այստեղ ալեւիները մեզ կարող են դաշնակից լինել, քանի որ սա Թուրքիայի համար մեծ պրոբլեմ է. հաւանականութիւնը, որ Թուրքիան հակամարտութեանը կը միջամտի, քչանում է, չէ՞: Եւ չմոռանանք, որ Թուրքիան էլ կորցրել է Արեւմուտքի մօտ կարեւորութիւնը որպէս ՆԱՏՕի անդամ երկիր ու մահմեդական աշխարհիկ պետութիւն, բայց միաժամանակ էլ՝ չի գտել նոր դաշնակիցներ իսլամական աշխարհում: Այլ, հակառակը, թշնամիներ է ձեռք բերել: Այնպէս որ, կրկնում եմ՝ Թուրքիայի համար բաւականին ծանր օրեր են գալու: Իսկ դրանցից մենք կ՛օգտուե՞նք թէ ոչ, դա արդէն պայմանաւորած է շատ սուբյեկտիւ (ենթակայական-Խմբ.) եւ օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) հանգամանքներով:
«ԹԵՐԹ».- Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ Թուրքիան իր այս հակահայկական ծրագրերն ու նախագծերը՝ թուրքա-ադրբեջանական տանդեմ (համագործակցութիւն-Խմբ.), պանթուրքիզմ եւ այլն, իր համար ռազմավարական ծրագրերը մի պահ պէտք է սառեցնի՞:
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ.- Այո՛, որովհետեւ տարբեր ճակատներում պատերազմելը կամ հակամարտելը դժուար է: Եւ ամէն երկրի բան չէ, յատկապէս՝ Թուրքիայի: Այսինքն՝ ե՛ւ Սիրիայի ճակատում, ե՛ւ Իրաքի կողմից, ե՛ւ ներսում՝ ալեւիների ու քրդերի:
Բայց եթէ անդրադառնում ենք խնդրին Արեւմտեան Հայաստանի հողային հարցի դիտանկիւնից, ի վերջոյ, եթէ Դերսիմն ու ալեւիները գնում են անկախութեան, դրա մասին դեռ շատ վաղ է խօսել, բայց իրենց ձեռ է տալիս, որ իրենց հարեւանը լինի Հայաստանը, որովհետեւ դա իրենց ելք է տալու դէպի ծով:
«ԹԵՐԹ».- Իսկ այդ ամէնը Թուրքիայի ներսում ինչի՞ կը յանգեցնի՝ քաղաքացիական պատերազմի՞: Պարզ է, որ Թուրքիան ձեռքերը ծալած չի նստելու, ի՞նչ է անելու:
ԱՐԱ ՊԱՊԵԱՆ.- Պատերազմ, ըստ էութեան, ընթանում է: Եւ Թուրքիան անգամ աւիացիա է օգտագործում ապստամբներին ճնշելու համար: Բայց փորձը ցոյց է տալիս, որ զուտ ռազմական ճնշումով հարցը չի լուծուի… Թուրքիան ի՞նչ է անելու, շարունակելու է ճնշել, ջարդել եւ կոտորել, բայց գնալով այդ հնարաւորութիւնը փոքրանում է, որովհետեւ ներքին անկայուն վիճակի շահագրգիռ ուժեր կան: Օրինակ՝ այն ուժերը, որ չէին ուզենայ, որ իրանական գազը եւրոպական շուկայ հասնի որպէս մրցակից ռուսական գազին՝ «Գազպրոմին»: Եւ հիմա Իրաք-Սիրիա ճանապարհը փակ է Թուրքիայի ճանապարհը փակելու համար, որովհետեւ յաջորդ տարբերակը մնում է Ադրբեջան-Վրաստան ճանապարհը, որը, հնարաւոր է, ամէն վայրկեան փակուի ԼՂ հակամարտութեամբ, եւ միւս տարբերակը մնում է զուտ Հայաստան-Վրաստան տարբերակը: Այսինքն՝ այստեղ տարբեր ուժեր կան, որ հակամարտութեան մէջ են: