ԵՐԵՒԱՆ, «Մեդիամաքս».- «100 կեանք» («100 Lives») նախաձեռնութեան համահիմնադիրներ Ռուբէն Վարդանեանը, Նուբար Աֆէյեանը եւ Վարդան Գրիգորեանը բաց նամակով դիմել են Միաւորուած ազգերի կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Բան Կի Մունին՝ միանալով Մարդասիրութեան համաշխարհային օրուայ կապակցութեամբ մեկնարկած ՄԱԿի քարոզարշաւին:
Նամակում մասնաւորապէս ասուած է. «Խորին յարգանքով ու երախտագիտութեամբ միանում ենք ձեզ՝ Մարդասիրութեան համաշխարհային օրուայ առիթով յարգանքի տուրք մատուցելու եւ ոգեկոչելու այն մարդասէրների յիշատակը, ովքեր իրենց կեանքը զոհեցին աշխատանքային պարտականութիւններն իրականացնելիս:
Երեքիս համար այս օրուայ խորհուրդը խիստ անձնական է: Որպէս հայ՝ մենք անչափ շնորհակալ ենք այն անհատներին, ում հերոսական գործողութիւնները կեանքեր են փրկել Հայոց Ցեղասպանութեան ժամանակ: Նրանց, ինչպէս եւ ՄԱԿի յատուկ ներկայացուցիչ Սերխիօ Վիեիրա դէ Մելոյի խիզախ ժառանգութիւնը հրաշալի խթան է հանդիսացել շատերի համար՝ մարդասիրութեան ոլորտում աշխատելու եւ ոգեշնչել է մեզ՝ ճանաչելու այն զոհողութիւնները, որոնց շատերը դիմել են կեանքեր փրկելու համար:
Պարտականութեան ու գնահատանքի խորը զգացումից ելնելով՝ մենք հիմնադրեցինք «100 Lives» նախաձեռնութիւնը՝ յիշելու ու արժանին մատուցելու այն անհատներին, որոնց անձնուրաց գործողութիւնները կեանքեր փրկեցին 100 տարի առաջ: Այս նախաձեռնութիւնը ձգտում է կիսուելու թէ՛ փրկողների եւ թէ փրկուածների ուշագրաւ պատմութիւններով, ինչպէս նաեւ արժանին մատուցելու մարդկային ոգու տոկունութեանը:
Որպէս նախաձեռնութեան մաս՝ մենք ստեղծել ենք համաշխարհային նոր՝ Մարդկութեան զարթօնքի «Աւրորա» մրցանակը, որը իւրաքանչիւր տարի կը շնորհուի այն մարդասէրներին, ովքեր իրենց կեանքը վտանգի են ենթարկել՝ ուրիշներին գոյատեւելու ու բարգաւաճելու հնարաւորութիւն ընձեռելու համար: Մրցանակակիրը կը ստանայ 100,000 դոլարի չափով դրամական պարգեւ, ինչպէս նաեւ 1 մլն. դոլար դրամաշնորհ կը տրուի այն բարեգործական կազմակերպութեանը, որը ոգեշնչել է նրան կատարելու այդ արարքը:
Այս տարի, Մարդասիրութեան համաշխարհային օրուան նուիրուած ՄԱԿի քարոզարշաւը լոյս է սփռում ամբողջ աշխարհի մարդասիրական արարքների վրայ եւ ներկայացնում է Մարդասիրական անվեհեր հերոսներին: «Աւրորա» մրցանակի միջոցով մենք նոյն գործն ենք իրականացնում: Մենք ցանկանում ենք ճանաչման արժանացնել այն անհատներին, ովքեր ամբողջ աշխարհում կեանքեր փրկելու քայլեր են ձեռնարկել, յաճախ՝ դժուարին ու վտանգաւոր պայմաններում: Մենք հրաւիրում ենք հանրութեանը
www.100Lives.com/Prize առցանց պորտալի միջոցով մասնակցելու խրախուսանքի արժանի թեկնածութիւնների առաջադրման գործընթացին:
Յուսով ենք, որ դուք կը միանաք մեզ՝ առաջադրուած թեկնածուներին ներկայացնելու ընթացքում, որպէսզի մեր օրերի փրկարարներն այնպիսի գնահատանքի արժանանան, որը կը մղի նրանց յետագայ փայլուն գործունէութեան: Սա միայն կը բարձրացնի հանրային գիտակցութեան մակարդակն այն խնդիրների նկատմամբ, որոնց հետ դուք բախւում էք ամէն օր, ինչպէս նաեւ հնարաւորութիւն կ՛ընձեռի տեղեկանալու այն անձանց գործունէութեան մասին, ովքեր այսօր ամբողջ աշխարհում ամենախոցելի մարդկանց հետ են աշխատում»: