ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ
Այս տարի Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ կառոյցների երիտասարդական թեւը մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Ասկերանի շրջանի Աստղաշէն համայնքում կազմակերպել է պատանեկան ճամբարներ: «Ապառաժ» թերթի հիւրն էր Աստղաշէնում կայացած ճամբարի ընդհանուր պատասխանատու Սերոբ Աբրահամեանը:
Սերոբն արդէն կատարել է ամենակարեւոր քայլը. նա 2013 թուականին Լոս Անջելեսից տեղափոխուել եւ բնակութիւն է հաստատել Մայր Հայաստանում:
Ինչպէս նա է պատմում՝ մայրն արմատներով Երուսաղէմից է, հայրը՝ Բէյրութից: 70-80ական թուականներին նրանք տեղափոխուել են ԱՄՆ:
Սերոբն ԱՄՆում աւարտել է քաղաքագիտութեան բաժնի բակալաւրիատը եւ այս տարի ընդունուել Հայաստանի Ամերիկեան համալսարանի միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետը:
2013թ. Սերոբը մասնակցել է «Դէպի Հայք» ծրագրին եւ մի քանի ամսով մնացել Հայաստանում:
«Ծրագրին մասնակցել եմ այն նպատակով, որ հասկանամ՝ արդեօք կարո՞ղ եմ եւ ուզո՞ւմ եմ հայրենիքումս ապրել», ասում է Սերոբը, «2.5 ամիս ծրագրին մասնակցելով գտայ հարցիս պատասխանը՝ այո՛, ուզում եմ եւ պէտք է Հայաստանում ապրեմ: Այս հողի հետ կապը իմ երակներում է, իմ էութեան մէջ. ուրիշ տեղ այլեւս անկարող եմ ապրել: Այստեղ ինձ երջանիկ եմ զգում եւ այդ երջանկութիւնը բացատրել չեմ կարող…»:
Հայաստան տեղափոխուելուց մի քանի ամիս յետոյ Սերոբին աշխատանք են առաջարկել Գորիսում, եւ նա տեղափոխուել է: Աշխատում է բջջային հեռախօսների ծրագրերի մշակման ֆիրմայում: Գորիս տեղափոխուելու մասին ասում է. «Գիտակցում էի, որ ինձ համար դժուար է լինելու: Ապրում էի աշխարհի ամենամեծ քաղաքներից մէկում եւ միանգամից տեղափոխուեցի Գորիս: Գիտէի, որ Գորիսը համարւում է Հայաստանի 3րդ ամենամեծ քաղաքը: Ի հարկէ, այդ փաստը շատ բան չէր խոստանում, բայց երբ հաստատուեցի՝ հասկացայ, որ ինձ համար հաճելի եւ հետաքրքիր է աշխատել 21,000 բնակչութիւն ունեցող հայրենիքիս այդ փոքրիկ անկիւնում: Ես շատ լաւ ընկերներ եմ ձեռք բերել Գորիսում, ովքեր ինձ համար դարձել են կարեւոր մարդիկ»:
Պատանեկան ճամբարին մասնակցելու համար Սերոբը 2 ամիս շուտ հրաժարուեց գործից, որպէսզի ժամանի Արցախ եւ ամառն արցախցի փոքրիկների հետ անցկացնի:
Պատանեկան ճամբարների կազմակերպման ամենակարեւոր բանը համարում է արցախցի պատանիների այն զգացումը, որ սփիւռքահայութիւնը պատրաստ է ոչ միայն օգնելու, այլեւ ընկերանալու պատանիների հետ: «Ծրագիրն առաջին հերթին մեզ՝ սփիւռքահայ երիտասարդներիս է շատ ոգեւորում, որովհետեւ հնարաւորութիւն է տալիս մեզ հայրենասիրութիւն եւ ազգային ոգի ստանալ հայրենիքում»:
Սերոբը դժուարութեամբ նշում է որոշ խնդիրների մասին:
«Սփիւռքահայ երիտասարդները, ընդամէնը 6 շաբաթ ճամբարի մասնակցելով, չեն կարող լիարժէք տեսնել իրական Հայաստանը. չեն կարող եւ չեն էլ ուզում տեսնել իրական Հայաստանը: Նրանք ապրում են իրենց հայրենիքի երեւակայական պատկերով: Իսկ իրական Հայաստանը լոկ հեքիաթային երկիր չէ. այն շատ ու շատ խնդիրներ ու մտահոգութիւններ ունի: Ես չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր չբերելով իրենց լուման հայրենիքի համար, պահանջում կամ գանգատւում ու բողոքում են միայն: Նրանք չեն հասկանում, որ տունը քարը քարի վրայ դնելով է կառուցւում, շէնանում, եւ պէտք է վատը շտկել: Ես չեմ ասում, որ սփիւռքահայերն իրենց հնարաւորութիւններից վեր գումարներ տրամադրեն հայրենիքի շէնացմանը, բայց կարելի է եւ պէտք է մեր բոլորի ուժը, կարողութիւնները, գիտելիքները, փորձը ներդնել մեր երկրի համար», ասում է ու շարունակում. «Գուցէ մի քիչ ծայրայեղական թուամ, բայց այն մարդիկ, ովքեր գանգատւում են եւ ոչ մի բան չեն անում երկրում առկայ սխալները շտկելու համար, ինձ համար հաւասար են դաւաճանների…»:
«Ուզում եմ, որ սփիւռքահայութիւնն ամուր կապ ունենայ Հայաստանի հետ: Սփիւռքահայը չպէտք է որպէս զբօսաշրջիկ այցելի հայրենիք: Սփիւռքահայութիւնը պէտք է իր մասնակցութիւնն ունենայ Հայաստանի կեանքի թէ՛ քաղաքական եւ թէ սոցիալական հարցերին», ասում է նա, «մենք պէտք է ուժեղ եւ միասնական լինենք՝ յանուն մեր վաղուայ օրուայ»:
«Ապառաժ»