Թուրքիայի վարչապետի պաշտօնատար Ահմեթ Դաւութօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յանձնարարութեամբ սկսել է Յունիսի 7ին անցկացուած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներով խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցութիւնների հետ կոալիցիոն կառավարութիւն ստեղծելու բանակցութիւնները:
Ինչպէս հաղորդում է «Արմէնպրէս»ը՝ վկայակոչելով «Անատոլու» լրատուական գործակալութիւնը, այսօր Դաւութօղլուն փոխվարչապետ Նուման Քուրթուլուշի, զարգացման նախարար Ջեւդեթ Եըլմազի, մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Օմեր Չելիքի եւ իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան (ԱԶԿ) Ստամբուլից ընտրուած պատգամաւոր Այշէ Նուրի հետ այցելել է գլխաւոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան (ԺՀԿ) գլխաւոր գրասենեակ, որտեղ հանդիպել է կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քլըչդարօղլուի եւ նրա գլխաւորած պատուիրակութեան հետ: Դաւութօղլու-Քըլըչդարօղլու բանակցութիւնների մասին մանրամասներ չեն հաղորդւում:
Այնուհետեւ Դաւութօղլուն ծրագրել է հանդիպել խորհրդարան անցած «Ազգայնական շարժում» եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցութեան առաջնորդներ Դեւլեթ Բահչելիի ու Սալահեթդին Դեմիրթաշի հետ:
Չնայած այն բանին, որ ԱԶԿի հայեացքներն ամբողջութեամբ հակադիր են ԺՀԿի հայեացքներին, նրանք նոյնութեամբ են վերաբերւում Թուրքիայում քրդական խնդրի լուծման գործընթացին, որը սկսուել է 2009 թուականին, եւ նախաձեռնողը համարւում է Էրդողանը:
Բացի այդ, երկու կուսակցութիւններն էլ կողմնակից են Թուրքիայի՝ Եւրամիութեանն անդամակցութեանը եւ երկրում ժողովրդավարացման համար բարեփոխումների շարունակմանը:
Այս կողմերի միջեւ հիմնական տարաձայնութիւնը երկրի արտաքին, յատկապէս, Սիրիայի գծով Անկարայի քաղաքականութիւնն է:
ԺՀԿն դէմ էր հանդէս եկել իշխող ԱԶԿի սիրիական քաղաքականութեանը եւ իշխանութիւններին կոչ էր արել երկրից արտաքսել սիրիացի փախստականներին, ինչպէս նաեւ փակել Սիրիայի հետ սահմանը: Հէնց դա է տուեալ կուսակցութիւնների կողմից կոալիցիոն կառավարութիւն ձեւաւորելու գլխաւոր խոչընդոտը:
Քրդական ԺԴԿն արդէն յայտարարել է, որ դէմ չի լինի, եթէ ԱԶԿ-ԺՀԿ կոալիցիոն կառավարութիւն ստեղծուի Թուրքիայում: Այդուհանդերձ, ԺԴԿ առաջնորդ Դեմիրթաշը այսօր կազմակերպուած մամուլի ասուլիսում յայտարարել է, որ Թուրքիայի կայուն ապագայի համար անհրաժեշտ է, որպէսզի ապագայ կառավարութիւնը ստեղծուի ԱԶԿ-ԺԴԿ կոալիցիայի հիման վրայ:
Յունիսի 7ին Թուրքիայում անցկացուած խորհրդարանական ընտրութիւններում ԱԶԿն հաւաքել է ձայների 40.8 տոկոսը, ԺՀԿն՝ 25 տոկոսը, ԱՇԿն՝ 16.3 տոկոսը, եւ ԺԴԿն՝ 13.1 տոկոսը:
Թուրքիայի օրէնսդրութեան համաձայն՝ եթէ խորհրդարան անցած կուսակցութիւններից ոչ մէկը չի կարողանում զբաղեցնել խորհրդարանական 500 աթոռների կէսից աւելին, ապա երկրի նախագահի յանձնարարութեամբ գործող վարչապետը ամենաշատ ձայներ հաւաքած կուսակցութեան հետ երեք ընդդիմադիր կուսակցութիւններից մէկի հետ 45 օրերի ընթացքում պէտք է ձեւաւորի կոալիցիոն կառավարութիւն:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.