ԵՐԵՒԱՆ, «Արմէնպրէս».- Յայտնի է դարձել «Իսլամական պետութիւն» (ԻՊ) խմբաւորման կազմում Սիրիայում կառավարական ուժերի դէմ կռուող Ադրբեջանի քաղաքացիների մօտաւոր թիւը:
Ինչպէս հաղորդում է «Արմէնպրէս»ը, Ադրբեջանի «Արեւելք-Արեւմուտք» հետազօտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն, յենուելով սեփական ուսումնասիրութիւնների եւ ադրբեջանական ԶԼՄների հրապարակումների վրայ, «Ազատութիւն» ռադիօկայանին յայտնել է, որ այդ թիւը տատանւում է 600ից 1000ի միջեւ:
«Դա Ադրբեջանի համար լուրջ թիւ է: Աշխարհում մուսուլմանների թիւը 1.5 մլրդ. է: Նման մարդկանց իրենց երկրներ վերադարձը խիստ վտանգաւոր է: Նրանք կարող են կապ պահպանել ահաբեկչական կազմակերպութիւնների հետ, ձեռք բերել զէնք եւ զինամթերք եւ դրանք օգտագործել պետութեան դէմ: Այդ մարդիկ մտադիր չեն ընդունել ադրբեջանական ժողովրդի ներկայիս վիճակը», ասել է նա:
Օրուջլուն խօսել է նաեւ Սիրիայում եւ Իրաքում վարձկան մարտիկների շարքերում կռուող ադրբեջանցիների հնարաւոր թուաքանակի մասին:
«Ադրբեջանի բնակչութիւնը կազմում է աշխարհի մահմեդականների ընդամէնը 0.69 տոկոսը: Սիրիայում եւ Իրաքում կռուող ադրբեջանցիների թիւը 1.5 տոկոսից աւելի է: Սա Ադրբեջանի համար լուրջ վտանգ է», ասել է Օրուջլուն:
Ռուսաստանի Դաշնութեան Հիւսիսային Կովկասի դաշնային վարչութեան ներկայացուցիչ Սերգէյ Մելիքովը օրերս յայտարարել էր, որ Հիւսիսային Կովկասից մօտ 1500 անձինք ԻՊի կազմում կռւում են Սիրիայում եւ Իրաքում:
2014 թուականի աշնանից ԻՊի դէմ միջազգային կօալիցիա (միութիւն-Խմբ.) է ստեղծուել, եւ ԱՄՆի օդային ռազմական ուժերը հարուածներ են հասցնում ԻՊի դիրքերին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Երկուշաբթի առաջարկել էր նորացնել այդ ահաբեկչական խմբաւորման դէմ ռազմական գործողութիւնները: Նա նշել է, որ Իրաքում, Սիրիայում եւ Հիւսիսային Աֆրիկայում ԻՊի մարտիկների դիրքերին 5000ից աւելի օդային հարուածներ են հասցուել:
Արմատական կրօնական ուսմունքների հետեւորդները վերջին շրջանում բաւականին ամուր արմատացել են Ադրբեջանում՝ վերածուելով մշտական գլխաւացաւանքի, իրաւապահ մարմինների, Կովկասի մահմեդականներրի վարչութեան եւ այդ երկրի ամբողջ բնակչութեան համար: Ադրբեջանում գնալով աւելի մեծ թուով երիտասարդ մարդիկ են յայտնւում վահաբիների եւ սալաֆիների ազդեցութեան տակ: Ադրբեջանում իսլամի այդ արմատական հոսանքի հետեւորդների թիւը ներկայում, վերջին տուեալներով, անցնում է 40 հազարը: Կարծիքներ են շրջանառւում նաեւ այն մասին, որ Իլհամ Ալիեւի կառավարութիւնը կարող է թիրախ դառնալ սալաֆիների համար, որոնք Սիրիայում միացել են իսլամիստական խմբաւորումներին եւ մարտական փորձ հաւաքած՝ վերադարձել Ադրբեջան:
Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների՝ Թուրքիայի վրայով Սիրիա անցնելու փաստը:
Ադրբեջանական ԶԼՄներն աւելի վաղ յայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դէմ կռւում են մեծ թուով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացուել են 300ից աւելի ադրբեջանցիներ: 2013թ.ի Մայիսին Սիրիայում կռուող ադրբեջանցիները հանդէս էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ յանուն հաւատի) կատարել Սիրիայում:
Որոշ դիտորդների կարծիքով՝ Սիրիայում օրէցօր ահագնացող բախումները հնարաւոր է ապագայում ներթափանցեն նաեւ Ադրբեջան: Եթէ նախկինում ենթադրւում էր, որ այդ թշնամութիւնը տեղի է ունենալու շիա եւ սիւննի արմատական վահաբիների միջեւ, ապա այժմ դաժան դիմակայութիւն է սկսուել արմատական իսլամիստական խմբաւորումների միջեւ:
Իսրայէլցի փորձագէտ, նախկին դիւանագէտ, Իսրայէլի «Նաթիւ» կենտրոնի նախկին ղեկավար Եակով Քեդմին virtualaz.org լրատուական կայքին տուած հարցազրոյցում Ադրբեջանում կրօնական հողի վրայ լարուածութեան հետ կապուած յայտնել էր, որ Ադրբեջանի համար ամենալուրջ սպառնալիքներից մէկը կրօնական հողի վրայ ծայրահեղական (ehval-ruhiye) հոգեվիճակի ուժեղացումն է: «Այս կամ այն իսլամիստական խմբաւորումների մարտիկների՝ Սիրիայից Ադրբեջան վերադարձը կարող է պատճառ դառնալ երկրում ներքին կայունութեան կտրուկ խախտման եւ ահաբեկչական գործողութիւնների աճի համար», ասել է նա: