ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Այսպիսով, Յունիսի 12ին Բաքւում մեկնարկեցին Առաջին եւրոպական օլիմպիական խաղերը, որոնք կ՛անցնեն մինչեւ Յունիսի 28ը: Թերեւս կարիք չկայ խօսել այն մասին, թէ Բաքուի իշխանութիւններն ինչ նշանակութիւն են տալիս մարզական այդ իրադարձութեանը, որին նրանք դեռ խաղերի սկզբից շատ աւելի վաղ «պատմական» մակդիրն էին շնորհել եւ խօսում էին Ադրբեջանի միջազգային հեղինակութեան անխուսափելի բարձրացման ու «առաջին խաղերի հիւրերին ադրբեջանական ժողովրդի մշակոյթը, հանդուրժողականութիւնը, հիւրասիրութիւնը ցուցադրելու» անհրաժեշտութեան մասին:
Աւաղ, ալիեւեան ռեժիմին ոչ թէ քաղաքական-քարոզչական ցանկալի յաղթանակ էր սպասւում, այլ՝ դառը հիասթափութիւն, քանի որ արդէն ի սկզբանէ, հէնց որ յայտնի դարձաւ Եւրախաղերի անցկացման վայրը, Եւրոպայում միջազգային հանրութեանն ուղղուած բողոքի հզօր ալիք բարձրացաւ խաղերը բոյկոտելու կոչերով:
Բաքւում խաղերի անցկացման հակառակորդների գլխաւոր փաստարկն Ադրբեջանում մարդու իրաւունքների կոպտագոյն խախտումներն ու քաղբանտարկեալների առկայութիւնն է:
Ու թէեւ Բաքուի ղեկավարութիւնը փորձ էր անում վատ Եւրախաղի դէպքում ուրախ դէմք ցոյց տալ, նրա օլիմպիական «պատարագը» խանգարուեց, ուստի՝ դէմքն էլ… թթուած էր:
Եւրախորհրդարանը մէկ ամսում երեք անգամ լսումներ է անցկացրել Ադրբեջանի հարցով, դրանցից վերջինը Յունիսի 10ին էր՝ «Սպորտը եւ մարդու իրաւունքները, այդ թւում՝ Բաքուի եւրոպական խաղերի համատեքստում» թեմայով:
Գերմանիայում մի շարք զանգուածային հեղինակաւոր լրատուամիջոցներ, կապուած Ադրբեջանում մարդու իրաւունքների իրավիճակի հետ, սուր քննադատութեան ենթարկեցին այդ երկրի իշխանութիւններին, ինչը Բաքուի ԱԳՆին ստիպեց հանդէս գալու յայտարարութիւն-բողոքով:
Աւելին, գերմանական մամուլում հաղորդւում էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, նախագահ Եոահիմ Գաուկը, կառավարութեան անդամները հրաժարուել էին Բաքուի խաղերի բացման արարողութեանը մասնակցելուց՝ Ադրբեջանում քաղբանտարկեալների առկայութեան պատճառով:
Բողոքի ակցիային միացաւ նաեւ Amnesty International միջազգային յայտնի իրաւապաշտպան կազմակերպութիւնը: Մի խօսքով, քաղաքակիրթ աշխարհը, որի համար եւրոպական արժէքները՝ մարդու իրաւունքները, խօսքի եւ մտքի ազատութիւնը, վերացական հասկացութիւններ չեն, իր վերաբերմունքն արտայայտեց Բաքուի խոցելի վարչակարգի հանդէպ: Այս համատեքստում այնքան էլ հասկանալի չէ Հայաստանի սպորտի բարձրաստիճան պաշտօնեաների դիրքորշումը, ովքեր Եւրոպական խաղերին մասնակցելու համար հայկական պատուիրակութեանը Բաքու ուղարկելու որոշում կայացրին: Եւ դա՝ այն ակնյայտ ճշմարտութեան պարագայում, որ Ադրբեջանի իշխանութիւնները խաղերը դիտում են, ամէնից առաջ, ոչ թէ որպէս զուտ սպորտային մրցութիւններ, այլ՝ քաղաքական «Փի.Առ.»՝ ակցիա:
Իսկ այդտեղ, ինչպէս եւ սպասւում էր, դեր էր յատկացուած եւ հայկական կողմին, որը Բաքւում իր ներկայութեամբ միայն ջուր է լցնում թշնամի երկրի քարոզչական ջրաղացին: Ի դէպ՝ նշենք, որ Ադրբեջանի ղեկավարութիւնը տեղական ընդդիմութեան հետ բանավէճում, որն աշխարհին կոչ էր անում բոյկոտի ենթարկել Եւրախաղերը, որպէս ծանրակշիռ փաստարկ ամբողջ թափով օգտագործում էր այդ խաղերին մասնակցելու՝ Հայաստանի համաձայնութիւնը:
Իբր, եթէ նոյնիսկ հայերն են…
Սակայն, ինչպէս դժուար չէ կռահել, Ադրբեջանի հնարքները դրանով չեն սահմանափակւում: Բաքուն կը դաւաճանէր ինքն իրեն, եթէ չփորձէր այդ խաղերով միաւորներ վաստակել. ոչ, սպորտային չէ, այլ քաղաքական միաւորներ՝ շահարկելով ղարաբաղեան հիմնախնդիրը:
«Անհրաժեշտ է օգտուել Բաքւում Առաջին եւրոպական խաղերի անցկացման ընթացքում ընձեռուած հնարաւորութիւններից եւ հիւրերին տեղեկացնել լեռնային-ղարաբաղեան հակամարտութեան, հայերի կողմից ադրբեջանական հողերի օկուպացման մասին». ահա ալիեւեան վարչակարգի՝ անցած Երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահին առընթեր ոչ կառավարական կազմակերպութիւնների պետական աջակցութեան խորհրդի ղեկավար Ազա Գուլիեւի արտաբերած դրոյթը: Հաղորդելով, որ այդ նպատակով արդէն պատրաստուած են համապատասխան բրոշիւրներ, նիւթեր եւ վահանակներ, նա միեւնոյն ժամանակ զգուշացրեց. «Բայց դա պէտք է անել այնպէս, որ հիւրերի մտքով չանցնի, թէ այդ միջոցառման գլխաւոր նպատակը քարոզչութունն է»:
Ի հարկէ, հակահայկական քարոզչութիւնը խաղերի գլխաւոր նպատակը չէ: Բայց, ըստ էութեան, ի՞նչ նշանակութիւն ունի դա, երբ ադրբեջանական պաշտօնեայի կոչը ոչ թէ պարզապէս հակահայկական քարոզչութիւն է, այլ աւելին՝ ատելութեան քարոզչութիւն, որը հակասում է ժողովուրդների եւ պետութիւնների մերձեցմանը, խաղաղութեան ամրապնդմանը, մարդկանց միջեւ փոխադարձ յարգանքին եւ ըմբռնմանն՝ ուղղուած օլիմպիական շարժման մարդասիրական գաղափարներին: Պատահական չէ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադիր բարոն Պիեռ դէ Կուբերտենը դեռեւս 19րդ դարում յայտնի խօսքեր ասել. «Օ՜, սպորտ, դու խաղաղութիւն ես»:
Այդ պահից անցել է արդէն աւելի քան մէկ դար, բայց Ադրբեջանը, քաղաքականացնելով սպորտային միջոցառումը, այսօր փորձում է օգտագործել այն իր կեղտոտ նպատակների համար եւ նրանից խիստ կասկածելի շահաբաժիններ քաղել՝ դրանով իսկ աղաւաղելով սպորտի՝ որպէս խաղաղութեան դեսպանի ազնուաբարոյ, մարդասիրական առաքելութիւնն իսկ:
Ուշագրաւ մի հանգամանք: Մեկնաբանելով Եւրախորհրդարանում Յունիսի 10ին կայացած լսումները, որտեղ քննարկւում էր Բաքուի Եւրոպական խաղերի համատեքստում Ադրբեջանում տիրող մարդու իրաւունքների վիճակը, այդ երկրի փոխվարչապետ Ալի Ահմեդովը վրդովմունքով յայտարարեց. «Պէտք չէ քաղաքականացնել եւ որակազրկել սպորտը»:
Իրօք, պէտք չէ: Սակայն ո՞ւմ, եթէ ոչ հէնց Բաքուի սպորտային-քաղաքական խաղերի նախաձեռնողներին պէտք է ուղղուած լինի այդ յայտարարութիւնը: Բայց այստեղ արդէն ոչինչ չես անի: Հեգնանք, իսկ աւելի ճշգրիտ՝ հոգեկերտուածքի դիմածռութիւն…
Լէոնիդ Մարտիրոսեան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան «Ազատ Արցախ» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիրն է