ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Մրէյգ Բարեթ, Սթիւ Վոզնեակ, Ֆեդերիկօ Ֆաջինի, Ցուգիօ Մակիմոտօ, Մարիօ Մացցոլա՝ Տեղեկատուական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում աշխարհի ամենաազդեցիկ այս անուններին միաւորում է «Համաշխարհային ՏՏ մրցանակ»ը, որ սահմանուել է Հայաստանի նախագահի կողմից 2009թ.ին: Մրցանակը շնորհւում է այն անհատներին, ում ներդրումը ՏՏ ոլորտում յանգեցրել է յեղափոխական զարգացումների եւ կենսական ազդեցութիւն է ունեցել մարդկութեան զարգացման համար: Այս, եւ հայրենիքում ՏՏ ոլորտի զարգացումների մասին Մայիսի 18ին մանրամասներ ներկայացրեց միջազգային ճանաչում ունեցող եւ Հայաստանում ոլորտի զարգացման գործում մեծ ներդրումներ իրականացրած Թոնի Մորոյեանը: ՏՏ ոլորտում բացառիկ մրցանակաբաշխութիւնը հնարաւոր է դարձել մեծապէս նաեւ Հայաստանում «Վիասֆեր Տեխնոպարկ»ի հիմնադիր-նախագահ, Սիլիկոնեան հովտի Բարձր տեխնոլոգիաների ոլորտի վետերան Մորոյեանի նուիրումի եւ ջանքերի շնորհիւ: «Այսօր աշխարհում գրեթէ ամէն ինչ հիմնուած է տեղեկատուական տեխնոլոգիաների վրայ: Ուրախութեամբ պէտք է նշեմ, որ Հայաստանը ՏՏ ոլորտի մի շարք ճիւղերում աշխարհում լաւագոյնների ցանկում է՝ առաջ անցնելով նոյնիսկ այնպիսի երկրներից, ինչպիսիք Ճապոնիան ու Հնդկաստանն են: Աշխարհահռչակ շատ ընկերութիւններ այսօր իրենց մասնաճիւղերն են բացում Հայաստանում, եւ նրանց արտադրանքն ապահովում են հայ մասնագէտները», յայտնեց Թոնի Մորոյեանը Լոս Անջելեսում ՀՀ Գլխաւոր հիւպատոսութիւնում կայացած ասուլիսի ժամանակ:
Թոնի Մորոյեանը ԲՏ ոլորտում հայ մասնագէտների յաջողութեան գրաւական է համարում ստեղծագործական մօտեցումն աշխատանքին: «Հայերը պատուիրատուին մշտապէս առաջարկում են աւելին՝ այլընտրանքներ, որ շատ գրաւիչ է: Սա էր պատճառներից մէկը, որ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումն ու կայացումը շատ կարճ տեւեց՝ մօտ տասը տարի, մինչ Հնդկաստանում՝ շուրջ հինգ տասնամեակ»:
Թոնի Մորոյեանը 2000 թուականին ստեղծում է Հայաստանում առաջին կոմերցիոն տեխնոլոգիական տեխնոպարկը, որն այսօր ներառում է 18 ընկերութիւններ եւ 800 աշխատակից: Ոլորտի զարգացման հարցում Մորոյեանը կարեւորում է նաեւ կրթութիւնն ու կառավարութեան վերաբերմունքը ոլորտի նկատմամբ:
«Մարտահրաւէրները ես միշտ դիտարկում եմ որպէս հնարաւորութիւն, եւ եթէ այսպէս մօտենանք հարցին, կարող ենք ունենալ լաւագոյն արդիւնքներ: Մեզ՝ հայերիս չի վախեցնում պայքարը, գլխաւորը նպատակն է: Այս առումով չափազանց անհրաժեշտ են ներդրումները, որի համար կարեւոր պայման է կանխատեսելիութիւնը, որ ներդրողը կարողանայ գնահատել ռիսկերը: Եղել են դէպքեր, երբ տարբեր պատճառներով շատերն անյաջողութիւնների են մատնուել Հայաստանում, այդ թւում եւ ես, սակայն չպէտք է յուսահատուենք, դա չի օգնի ո՛չ մեզ, ո՛չ մեր հայրենիքին: Յուսադրող է այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանութիւնները, ի դէմս նախագահի, ՏՏ ոլորտը յայտարարել են գերակայութիւն», յայտնեց Մորոյեանը:
Հայաստանի՝ որպէս բարձր տեխնոլոգիաների զարգացող կենտրոնի մասին, միջազգային լաւագոյն յայտ է նաեւ «Համաշխարհային ՏՏ մրցանակաբաշխութիւնը»ը, որի կայացման գործում իր զգալի ներդրումն ունի Թոնի Մորոյեանը: Աշխատելով աշխարհահռչակ կազմակերպութիւնների համար եւ լինելով խորհրդատու տարբեր երկրների կառավարութիւններում, Մորոյեանն իր հեղինակութեամբ արժանւոյնս ներկայացրել է Հայաստանն ու մրցանակաբաշխութիւնը: «35 տարի լինելով ԲՏ ոլորտում, Մորոյեանը մեծ վաստակ ունի «Թեքսաս Ինսթրումենթըս» եւ «Հիթաշի» ընկերութիւններում եւ բազմաթիւ կազմակերպութիւնների ձեւաւորման գործում: Որպէս գործադիր տնօրէն է եղել եօթ նորաստեղծ ընկերութիւններում եւ հիմնել է Սիլիկոնեան հովտի առաջին ինկուբատորներից (թխսիչներէն-Խմբ.) մէկը: Ռազմավարական խորհրդատու է եղել «Մայքրոսոֆ»չ, «Ֆիլիփս», «Շարփ», «Էլջի», «Կոմպակ» ընկերութիւնների, ինչպէս նաեւ՝ Ճապոնիայի, Բրազիլիայի, Նիդերլանդների եւ Հայաստանի կառավարութիւնների համար», Մորոյեանին ներկայացնելով՝ նշեց ՀՀ գլխաւոր հիւպատոսի տեղակալ Վալերի Մկրտումեանը:
Թոնի Մորոյեանն էլ պատմեց ԲՏ ոլորտում Հայաստանի սահմանած բացառիկ մրցանակին արժանացած անհատների մասին, որոնց հետ նաեւ գործնական ճանապարհ է անցել: Մորոյեանը նշում է, որ ՏՏ ոլորտի ամենահեղինակաւոր անհատներից ոմանք Հայաստանին առաջին անգամ ծանօթացել են մրցանակաբաշխութեան նպատակով այցի ժամանակ եւ շատ տպաւորուել են:
«Cisco ընկերութեան զարգացման գծով տնօրէն Մարիօ Մացցոլային երբ դիմեցի, ծանօթ չէր Հայաստանին: Նա ընդհանրապէս խուսափում էր հանրային միջոցառումներից, սակայն երբ ներկայացրի հայերի ներդրումը ոլորտում եւ նախկին մրցանակակիրներին՝ համաձայնուեց մասնակցել մրցանակաբաշխութեանը: Տպաւորուած Հայաստանից եւ ՏՏ ոլորտում ձեռքբերումներից, Մացցոլան 1 միլիոն դոլար նուիրաբերեց Հայաստանի Ամերիկեան համալասարանին», պատմում է Մորոյեանը, տեղեկացնելով, որ Cisco-ն արդէն նաեւ գրասենեակ է բացել Հայաստանում: Կիսահաղորդչային արդիւնաբերութեան մասնագէտների միութեան եւ «Թեքնօ Վիժն» ընկերութեան նախագահ, «Հիթաչի» ընկերութեան նախկին գործադիր տնօրէն Ցուգիօ Մակիմոտոյի այցից յետոյ էլ Ճապոնիան դեսպանատուն է բացել Հայաստանում:
Թոնի Մորոյեանն ընդգծեց, որ բոլոր մրցանակակիրների այցի պարտադիր մաս է կազմում Հայոց Ցեղասպանութեան թանգարան այցն ու պուրակում ծառատնկումը:
«Համաշխարհային ՏՏ մրցանակ»ին 2009-2014թթ.ին արժանացել են. Քրէյգ Բարեթը՝ «Ինտել» կորպորացիայի գլխաւոր գործադիր տնօրէն, տնօրէնների խորհրդի նախագահ, Սթիւ Վոզնեակը՝ «Էփըլ Քոմփիւթեր» կորպորացիայի համահիմնադիր, Ֆեդերիկօ Ֆաջինին՝ «Սինափթիքս» ընկերութեան պատուաւոր նախագահ, Ցուգիօ Մակիմոտօն՝ Կիսահաղորդչային արդիւնաբերութեան մասնագէտների միութեան եւ «Թեքնօ Վիժն» ընկերութեան նախագահ, «Հիթաշի» ընկերութեան նախկին գործադիր տնօրէն, Մարիօ Մացցոլան՝ Cisco ընկերութեան զարգացման գծով տնօրէն:
Տեղեկանք. Թոնի Մորոյեանը հանդիսանում է նաեւ Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային հայկական «Արմթեք» համաժողովի համահիմնադիրը: Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի Բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը եւ ներդրումների աճը: Ձեռնարկը նաեւ բացառիկ հնարաւորութիւն է՝ ներկայացնելու հայաստանեան ԲՏ ոլորտը միջազգային տեխնոլոգիական համայնքին, եւ համաշխարհային մակարդակով բարձրացնելու Հայաստանի՝ որպէս աշխարհում առաւել արագ զարգացող ԲՏ ոլորտ ունեցող երկրի վարկանիշը: