MedicalNewsToday-ի փորձագէտները դիտարկել են սէրը եւս մէկ տեսանկիւնից՝ ինչպէս է այն ամրապնդում հոգեկան ու ֆիզիկական առողջութիւնը: Նիւթը հետաքրքիր համարելով ներկայացնում ենք այն մեր ընթերցողին:
Սիրտը սիրոյ խորհրդանիշերից է, ու սէրը իսկապէս օգտակար է սրտի համար: Հետազօտութիւնը ցոյց է տուել, որ մարդիկ, ովքեր երջանիկ են եղել ամուսնական կեանքում, սրտի բարդ վիրահատութիւններից յետոյ առողջանալու աւելի բարձր մակարդակի աստիճան են ցուցադրել:
Երջանիկ յարաբերութիւնները զգալիօրէն ամրապնդում են սթրեսի հանդէպ մարդու դիմացկունութիւնը, եւ նա աւելի քիչ է դիմում վնասակար խթանիչների, ինչպիսիք են ալկոհոլը, ծխախոտը կամ թմրանիւթերը, ինչպէս նաեւ մեծ ուշադրութիւն է դարձւում ճիշդ սնուելուն: Դրանք զգալիօրէն նուազեցնում են տարբեր սրտանօթային համակարգի հիւանդութիւնների ռիսկը, այդ թւում՝ ինֆարկտի, ինսուլտի եւ այլն:
Կեանքից բաւարարուածութիւնը շատ բանով կախուած է երջանիկ յարաբերութիւններից: Կարեւոր դեր է խաղում սեռական յարաբերութիւնը սիրած մարդու հետ, որը առողջութեան լաւ խթանիչ է:
Սիրած մարդու կորուստը, հակառակը, բարձրացնում է սրտի, ընկճախտի եւ այլ հիւանդութիւնների հաւանականութիւնները եւ մեծացնում վաղ մահուան հնարաւորութիւնը:
Սէրը յանգեցնում է «երջանկութեան հորմոն»ի արտադրմանը, որն ուժեղանում է սիրած մարդու գրկում: Այդ իսկ պատճառով մենք այդքան ցանկանում ենք գրկել սիրած մարդուն:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.