Ծնողին ճանապարհել դէպի յաւերժութիւն շատ ծանր պարտականութիւն է, շատ տխուր, բայց միաժամանակ նաեւ Աստծոյ կողմից քեզ շնորհուած բախտաւորութիւն:
Վերջացաւ հօրս՝ Ալֆրէդ Զարիֆեանի երկրային կեանքը: Նա ապրեց 93 տարի, քչերին տրուած երջանկութիւն: Ապրեց հանգիստ, շրջապատուած կնոջ գուրգուրանով, զաւակների, հարսի, փեսայի եւ թոռների սիրով ու հարազատների յարգանքով: Ապրեց իր տանը, չզգաց օտար հաստատութիւնում գտնուելու հոգեկան տառապանքը:
Այսօր, հրաժեշտի այս վերջին պահին, հայրս՝ Ալֆրէդ Զարիֆեանը, ներկայանում է որպէս ընտանիքի հայր, այնպիսին, ինչպէս ես տեսել եմ նրան մեր բազմանդամ ընտանիքում:
Սիրում էր շրջապատուած լինել զաւակներով եւ հարազատներով, ընտանեկան սեղանի շուրջ վայելել իր բալիկների ներկայութիւնը: Մանկական իմ յիշողութիւններում հայրս մեծ, յարգուած մարդ էր, մի բան, որ մանկական իմ տրամաբանութեան մէջ չէր տեղաւորւում: Հետագայ տարիները բերեցին այդ գիտակցութիւնը: Խիստ էր, միշտ խրատող։ «Դարձէք մարդ, լաւ հայ եւ ձեր շրջապատին միշտ օգնող», յաճախ ասում էր մեզ: Բայց իր խստութիւնը լիքն էր բարութեամբ, միշտ խրախուսում էր, որ կարող ենք յաղթահարել կեանքի դժուարութիւնները եւ հասնել մեր նպատակին: Լաւատես էր, երբեք չյուսահատուող եւ այդ պատճառով էլ կարողացաւ օտար երկնքի տակ միշտ ստեղծել իր սեփական աշխատանքը եւ սեփական տունը:
Իր ամենամեծ երազն էր գնալ Հայաստան: Այդ երազանքը կարողացանք իրականացնել 2002 թուականին: Արցախ այցելութիւնը չափազանց յուզիչ էր իր համար, որովհետեւ իր նախնիների ծննդավայրն էր ուխտագնացութիւն կատարել: Կարծում եմ, հայրս Հայաստանում եւ Արցախում ապրեց իր կեանքի ամենաերջանիկ օրերը:
Մի քանի տարի առաջ կորցրեց իր կրտսեր եղբայրներին՝ Ռուբէնին եւ Շահէնին: Մարդկային իր ազնիւ սիրտը չէր ընդունում բնութեան այս «սխալ»ը, տառապում էր, որ առաջինը ինքը պիտի հեռանար այս աշխարհից՝ իբրեւ մեծ եղբայր:
Սիրելի պապա, այսօր դու ուղղեցիր բնութեան «սխալ»ը։ Գնա՛, միացիր եղբայրներիդ եւ ընտանիքիդ: Հանգիստ մեկնիր, քանի որ մեզ թողնում ես մարդ եւ հայ ապրելու ժառանգութիւնը, նաեւ… քո բացակայութեան ցաւը:
Դուստրդ՝ ԱՐՄԻՆԷ
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.