ՀՀ սփիւռքի նախարարութեան հայապահպանութեանը, ազգային խնդիրների լուծմանն ուղղուած ծրագրերից մէկը «Սփիւռք» ամառային դպրոցն է: Ամառային դպրոցի նախատիպը տարիների խորքից է գալիս. դեռեւս Խորհրդային Միութեան տարիներին Սփիւռքահայութեան հետ մշակութային կապերի կոմիտէի եւ Հայաստանի կառավարութեան ջանքերով իւրաքանչիւր տարի Հայաստան էին գալիս սփիւռքահայ ուսուցիչները՝ վերապատրաստման դասընթացներ ունենալու նպատակով:
Սփիւռքի նախարարութեան ստեղծումից յետոյ նախարար Հրանոյշ Յակոբեանի հետեւողական, սրտացաւ աշխատանքի շնորհիւ կրկին կեանքի կոչուեց Ամառային դպրոցը՝ իբրեւ Սփիւռքում ազգային դպրոցների պահպանման, մայրենիի ուսուցման, Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդման երաշխաւոր: «Սփիւռք» ամառային դպրոցը առաւել ոգեւորեց սփիւռքեան դպրոցներում մայրենիի նկատմամբ ուշադրութիւնը. համայքների դպրոցների զգալի մասը տեղեակ չէին հայաստանեան կրթական համակարգից, ուսուցման նոր ծրագրերից եւ մեթոդներից, իսկ մայրենիի ուսուցիչների թիւը անկում էր ապրում, ինչից տուժում էր մայրենիի ուսուցման որակը:
Այսպիսով, «Սփիւռք» ամառային դպրոցը ամուր հիմքեր գցելուց, հաստատուելուց յետոյ ընդլայնեց ոչ միայն ծրագրի մասնակիցների թիւը, այլեւ ծրագրի ուղղութիւնը բազմաճիւղ դարձաւ. հայոց լեզուի արագացուած դասընթացը, ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսոյցների վարպետութեան դասընթացները, կրթօջախների տնօրէնների, կազմակերպիչների եւ ուսուցիչների վերապատրաստումը, սփիւռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթացները, Սփիւռքի լրագրողների դասընթացները, Սփիւռքի հայ համայնքների աշխատակիցների համար կազմակերպուող դասընթացները:
Սփիւռքի նախարարութիւնը առաջնահերթ խնդրի լուծում համարեց մայրենիի ուսուցիչների վերապատրաստման հարցը:
Ուսուցիչների հետ տարուող աշխատանքներում կարեւորուեց արեւմտահայերէնի եւ արեւելահայերէնի դասաւանդման ճշգրիտ բաշխումը. դասական Սփիւռքում ուսուցումը, բնականաբար, կազմակերպւում է արեւմտահայերէն, իսկ նորակազմ Սփիւռքում առաւել շատ՝ արեւելահայերէն, ուստի նախարարութիւնը դասակարգեց մօտեցումները առանձնացնելով արեւմտահայերէնի եւ արեւելահայերէնի դասաւանդումը:
Սփիւռքի ուսուցիչների վերապատրաստմանը կարող են մասնակցել Սփիւռքի Ազգային վարժարանների, ամէնօրեայ եւ մէկօրեայ դպրոցների տնօրէններ, ուսուցիչներ, կրթական գործի կազմակերպիչներ: Ծրագրի ընթացքում նախապատուութիւն է տրւում գործնական պարապմունքներին, ուսումնական, արտադասարանական եւ դաստիարակչական աշխատանքների կազմակերպման ուղղութեամբ փորձի փոխանակմանը, հայաստանեան կրթօջախների մասնագէտների եւ մանկավարժների հետ համատեղ ծրագրերի մշակմանը:
Ծրագիրը կ՛իրականացուի Երեւանի պետական համալսարանի, Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախօսների, հանրապետութեան փորձառու մանկավարժների մասնակցութեամբ:
Քննարկւում են Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման շրջանակներում, համայնքներում հայապահպանական ծրագրերի իրականացման գործում Սփիւռքի կրթօջախների դերակատարութեան բարձրացման հարցեր:
Նշենք, որ ինչպէս ամէն տարի, այս տարի եւս մայրենիի դասընթացները կը վարեն հանրապետութեան եւ Սփիւռքի յայտնի լեզուաբան-մանկավարժները: Մայրենիի ուսուցման ընթացքը կը զուգակցուի տեսական-գործնական պարապունքներով, սովորողները հնարաւորութիւն կ՛ունենան տարբեր միջավայրերում մայրենի լեզուով հաղորդակցուելու եւ լեզուի ուսուցման ժամանակակից տեխնիկական միջոցներից օգտուելու: Երեքշաբաթեայ դասընթացներին կարող են մասնակցել սփիւռքահայեր՝ առանց տարիքային սահմանափակման:
ՀՀ սփիւռքի նախարարութեան ուշադրութեան կենտրոնում են նաեւ Սփիւռքում ապրող եւ աշխատող լրագրողները. «Սփիւռք» ամառային դպրոցի գործառոյթների մէջ ընդգրկուած է նաեւ լրագրողների վերապատրաստումը: Հայաստան ժամանած Սփիւռքի լրագրողների մասնագիտական որակների մակարդակը բարձրացնելու համար դպրոցի շրջանակում այս ուղղութեանը նոյնպէս համալիր մօտեցում է ցուցաբերւում. լրագրողները ոլորտին առնչուող դասախօսութիւններ են լսում, զրոյց-հանդիպումների են մասնակցում, ինչպէս նաեւ մօտիկից ծանօթանում են Հայաստանում գործող լրատուամիջոցների աշխատանքներին:
Սփիւռքի նախարարութիւնը մեծ աջակցութիւն է ցուցաբերում նաեւ Սփիւռքում գործող ազգային երգի ու պարի խմբերին, մասնագէտներ է գործուղում, կազմակերպում է տարբեր փառատօներ: «Սփիւռք» ամառային դպրոցում կազմակերպւում են մասնագիտական դասընթացներ պարուսոյցների եւ խմբավարների համար: Կարեւոր ձեռքբերումներից էր երիտասարդ առաջնորդների դպրոցի կազմակերպումը:
Սփիւռքի հայ համայնքներում ազգային ինքնութեան պահպանմանն ու զօրացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզուի իմացութեան մակարդակի, հայկական կրթօջախների ուսուցիչների, կրթական գործի պատասխանատուների, մշակութային խմբերի ղեկավարների որակաւորման բարձրացմանը, Սփիւռքի ԶԼՄերի, երիտասարդական կազմակերպութիւնների գործունէութեանը, ինչպէս նաեւ համայնքների ինքնակազմակերպմանն աջակցութեան նպատակով ՀՀ սփիւռքի նախարարութիւնը Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ 2015թ. շարունակում է «Սփիւռք» ամառային դպրոցի ծրագիրը:
«Սփիւռք» ամառային դպրոցում ինչպէս ամէն տարի, այս տարի նոյնպէս գործելու են վեց ուղղութիւններով դասընթացներ.
1.- Հայոց լեզուի արագացուած ուսուցում.
2.- Կրթօջախների հայոց լեզուի ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում.
3.- Սփիւռքի լրագրողների դասընթաց.
4.- Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսոյցների վարպետութեան դասընթացներ.
5.- Սփիւռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց.
6.- Սփիւռքում համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.