ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Հակառակորդի յատուկ նշանակութեան ջոկատի ուժեղացուած խմբի՝ Մարտի 19ին ձեռնարկած յարձակման հետեւանքով ոտքի շրջանում վիրաւորում ստացած Գոռ Հրաչի Դալմանեանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Վիրաւոր զինծառայողը գտնւում է Ստեփանակերտի զինուորական հիւանդանոցում:
Նշենք, որ Գոռ Դարմանեանի ոտքն անդամահատուել է: Վիրաւորուած զինծառայողի հայրենի Թալինի քաղաքապետ Սարգիս Արամեանը Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց, որ այս պահին Գոռի մօտ են նրա հայրը, հօրեղբայրը եւ հօրեղբօր որդին:
«Անընդհատ զանգում, տեղեկանում ենք Գոռի վիճակից: Վիճակը կրիտիկական (ծանր) է, նրա մօտ առկայ է ոտքի ամպուտացիա (անդամահատում), սակայն, բժիշկներն անում են ամէն ինչ, որ փրկեն կեանքը»,- ասաց քաղաքապետը:
Նա նշեց նաև, որ Գոռը ինն ամսից արդէն պետք է զօրացրուեր բանակից:
«Նորմալ ընտանիք է, իրենց քրտինքով ապրող մարդիկ են: Հայրը բանուոր մարդ է: Նաեւ անասնապահութեամբ են զբաղւում: Գոռը միայն մէկ քոյր ունի: Նա դեռ դպրոցը չի աւարտել: Մեծը Գոռն է: Համալսարանի պատմական ֆակուլտետի ուսանող է»,- ասաց Արամեանը: