ՆԵԼԼԻ ՂՈՒԿԱՍԵԱՆ
Միացեալ Նահանգների Մեքսիկայի Առեւտրի պալատի Քալիֆորնիայի մասնաճիւղը Փետրուարի 20ին անցկացրեց միջազգային առեւտրին նուիրուած ձեռնարկ, որի նպատակն էր մասնակիցներին հնարաւորութիւն տալ նոր կապեր ձեռք բերել եւ հաղորդակցուել միջազգային առեւտրի մասնագէտների հետ: Աւանադական դարձած այս ձեռնարկը համախմբել էր մի քանի տասնեակ բիզնեսների տարբեր համայնքներից, այդ թւում՝ հարաւային եւ կենտրոնական Ամերիկան ներկայացնող, հայ համայնքը ներկայացնում էր Հայ-Ամերիկեան Առեւտրի պալատը, ի դէմս նախագահ Յարութ Եդալեանի:
Լոս Անջելեսի բազմազգ համայնքում նման ձեռնարկների անհրաժեշտութեան մասին բացման խօսքով հանդէս եկաւ Մեքսիկայի գլխաւոր հիւպատոս Կառլոս Մանուել Սեդան: Նա միաժամանակ ներկայացրեց իր երկրի տնտեսական իրավիճակը, տեղեկութիւններ տրամադրեց արտահանուող եւ ներկրուող ապրանքների մասին:
ԱՄՆ Մեքսիկայի Առեւտրի պալատի նախագահ æիմ Մըքլիլանը նշեց, որ արդէն եօթերորդ տարին անցկացուող այս ձեռնարկի միջոցով, փորձում են համախմբել Լոս Անջելեսում գործող ողջ առեւտրային համայնքը: «Մեր նախաձեռնութեան միջոցով, տարբեր ազգերի ձեռնարկատէրեր ոչ միայն ծանօթանում են, այլեւ՝ կան օրինակներ, երբ հաստատում են գործարար յարաբերութիւններ ու ձեռնարկում նոր գործեր», նշեց Մըքլիլանը:
Միջազգային տնտեսագէտ Ֆերնանդինօ Գերան կարեւորեց նմանատիպ միջոցառումները՝ ինչպէս հանրութեանը կրթելու առումով, այնպէս էլ մատնանշելու համար միջազգային առեւտրի կարեւորութիւնը Կալիֆորնիայի տնտեսութեան դէպքում: Նա ներկայացրեց, թէ ինչ նշանակութիւն եւ ազդեցութիւն ունի միջազգային առեւտուրն աշխատատեղերի ստեղծման եւ ՀՆԱի վրայ: Ըստ Գերանի, «չափազանց կարեւոր է պահպանել մրցունակութիւնը, ունենալ աւելի շատ ազատ առեւտրի համաձայնագրեր, ինչպէս նաեւ ներգրաւել օտարերկրեայ ուղղակի ներդրումներ»:
Հայ-Ամերիկեան Առեւտրի պալատի նախագահ Յարութ Եդալեանն էլ ընդհանուր տեղեկութիւններ տրամադրեց Հայաստանի տնտեսութեան, ԱՄՆ-Հայաստան ապրանքաշրջանառութեան, նաեւ՝ Լոս Անջելսում գործող հայկական ձեռնարկութիւնների եւ ապրանքների մասին: Եդալեանը ողջունեց գործարարների համար ԱՄՆ-Մեքսիկայի Առեւտրի պալատի ձեռնարկը, որը նոր հնարաւորութիւններ է ընձեռնում նաեւ հայ գործարարներին: «Այսօրինակ միջոցառումներում ներկայացուելով մենք տեսանելի ենք դառնում մասնաւորապէս այլ շուկաների եւ գործարարների համար, որ ներկայ են այստեղ: Յոյս ունենք, որ այսօր սկիզբ կը դրուի յետագայ յաջող համագործակցութիւնների»: Յարութ Եդալեանը նշեց, որ արդէն իսկ ունեցել է նախնական պայմանաւորուածութիւններ մի քանի առեւտրային համաձայնագրերի կնքման շուրջ, որտեղ հնարաւոր է նաեւ ներգրաւել Հայաստանը եւ տեղական բիզնեսների: «Ամէն ինչ սկսւում է երկխօսութիւնից եւ այն սկսուած է», յաւելեց Եդալեանը:
Միացեալ Նահանգների Մեքսիկայի Առեւտրի պալատի կազմակերպած՝ «Լոս Անջելեսում Միջազգային առեւտրի համայնքի եօթերորդ տօնակատարութիւն» խորագրով ձեռնարկին մասնակցում էին սննդի, զբօսաշրջութեան, անշարժ գոյքի ոլորտների գործարարներ, բանկային համակարգի ներկայացուցիչներ:
Ներկաները հնարաւորութիւն ունեցան նաեւ համտեսելու տարբեր ազգերի տաղաւարներում առաջարկուող ուտեստներ ու խմիչքներ: Ուշագրաւ էր Հայ-Ամերիկեան Առեւտրի պալատի ներկայացրած՝ հայկական տաղաւարի շուրջ տիրող աշխուժութիւնը. հայկական կերակրատեսակներն ու տարատեսակ անուշեղէնները մեծ հիացմունք էին առաջացրել այցելուների շրջանում: