ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 100ԱՄԵԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՉԵԽԻԱՅՈՒՄ
ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ
Վերջին երկու ստեղծագործութիւնները կատարւում էին առաջին անգամ, համաշխարհային պրեմիէրան էր: Հանդիսաւոր երեկոն ողջոյնի խօսքով բացեց Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սէյրանեանը՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցին եւ Թուրքիայի կողմից շարունակուող մերժողական քաղաքականութեանը: Հայաստանի դեսպանը համառօտ ներկայացրեց Հայոց Ցեղասպանութեան պատմութիւնը եւ, մասնաւորապէս, նշեց. «Հայոց Ցեղասպանութեան դառը դասերը համամարդկային պատմութեան եւ յիշողութեան մէջ անհետ չեն մնացել. դրանց լրացնելու եկան Հոլոքոստի, յոյների եւ ասորիների, Ռուանդայի ու Դարֆուրի ցեղասպանութիւնների, Նանջինգի սպանդի եւ այլ ողբերգութիւնների սարսափները: Ցաւալի է, որ ցեղասպանութեան ժխտողականութիւնն ու ուրացումը դեռեւս տեղ ունեն ժամանակակից աշխարհում:
Քաղաքական նպատակայարմարութիւնն ու տնտեսական շահը յաճախ գերակշռում են միջազգային քաղաքականութեան մէջ: Իսկ ժխտողականութիւնն ու ուրացումն անխուսափելիօրէն բերում են նոր բռնութիւններ եւ յանցագործութիւններ, ինչպիսին է, օրինակ, «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման՝ մարդկութեանը յայտարարուած պատերազմը»:
Դիրիժոր Դաւիթ Շուեցը, ով նաեւ Ազգային թատրոնի նուագախմբի դիրիժորներից է, հիացած էր նուագախմբի կատարած աշխատանքով եւ մեզ հետ զրոյցում փաստեց, որ լաւ կը լինի եւս մի քանի անգամ ներկայացնել Հայկ Վարդանի գործերը: Նրան յատկապէս ոգեւորել էր 2րդ սիմֆոնիան՝ իր հզօրութեամբ եւ խորութեամբ:
Կոմպոզիտոր Հայկ Վարդանը, ով նոյնպէս ներկայ էր համերգին, գոհունակութեամբ արտայայտուեց երաժիշտների կատարած աշխատանքի մասին: «Զարմացած եմ, որ այդքան կարճ ժամանակահատուածում նուագախումբը կարողացաւ կատարել իմ գործերը: Առաջին կատարման համար հիանալի էր», ասաց նա:
«Երրորդ սիմֆոնիա ռեքուիէմ 1915»ում կոմպոզիտորը ձգտել է ցոյց տալ կորստի ողբերգութիւնը՝ անձնականից մինչեւ համընդհանուր եւ նրա համար ներշնչանքի աղբիւր է հանդիսացել Ջէյմս Ջոյսի «Ուլիս»ի ընթերցումը, ուր նաեւ մեկնաբանութիւններ են եղել Օսկար Ուայլդի Requiescat բանաստեղծութեան մասին:
Հանդիսատեսը ջերմօրէն ողջունեց հայ կոմպոզիտորի ստեղծագործութիւնների կատարումը՝ գնահատելով ոչ միայն նուագախմբի, այլեւ երաժիշտ-մենակատարներ ջութակահար Մարիօ Սերեակովի, թաւջութակահար Ստեֆան Տիտգենի, սոպրանօ Էանա Սիբերիայի եւ բարիտոն Էիրժի Բրուկների կատարումները: Ի դէպ, դիրիժորը մեզ տեղեակ պահեց, որ «Երրորդ սիմֆոնիա ռեքուիէմ 1915»ը կատարուելու է նաեւ Ապրիլի 12ին, Վենետիկի Ազգային օպերայի թատրոնում, իսկ 2րդ սիմֆոնիան Սեպտեմբերին կը կատարուի Լինցում:
Յիշեցնենք, որ դեռեւս 1994 թուականին Վենետիկում ներկայացուած Հայկ Վարդանի «Պրոմեթեւս 12» օպերան 1995ին արժանացել էր ԵՈՒՆԵՍԿՕի մրցանակին:
«Օրեր» (Եւրոպական ամսագիր)