ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ
Հոգեհանգստեան պաշտօնը կատարեցին ու քարը օրհնեցին Ս. Սարգիս եկեղեցւոյ եւ Ս. Լուսաւորիչ Մայր եկեղեցւոյ հոգեւոր հայրեր տէր Նարեկ Թրթռեանը եւ տէր Մեսրոպ Լագիսեանը:
Այնուհետեւ մօտ հարիւրից աւելի ներկաները հրաւիրուեցին «Միթոս» յունական ճաշարանը: Հոգեճաշի սեղանը օրհնեց տէր Նարեկ Թրթռեանը, ապա մի քանի խօսքով անդրադարձաւ յանգուցեալի կեանքի, նրա անսասան հաւատքի, յոյսի եւ բարի գործունէութեան:
Յարութ Մկրեանը յուզուած արտայատուեց իր հօր բարութեան ու նրա ազնիւ նկարագրի մասին: Շնորհակալութիւն յայտնեց ներկաներին, որ յարգել են նրա յիշատակն ու ներկայ գտնուել այդ ցուրտ օրին: Իսկ նրա Թորոս եղբօր մեծ թոռը՝ Ջան Յուհաննէսը մեծ սիրով ու յուզումով արտասանեց իր մեծ հօր սէրը հանդէպ թոռներին, հայրենի երկրին, հայ լեզուի պահպանումին եւ կեանքի մէջ աշխատասէր լինելիութեան, որը միշտ անշէջ պիտի մնայ իր հոգու խորքում որպէս մնայուն պատգամ:
Յաջորդ օրը, Կիրակի Յունուար 18ին, Ս. Սարգիս եկեղեցւոյ Ս. պատարագից յետոյ հոգեհանգստեան պաշտօն կատարուեց նրա յիշատակին ձեռամբ Անուշաւան եպս. Դանիէլեանի եւ եկեղեցւոյ հովիւ տէր Նարեկ Թրթռեանի: Որից յետոյ ներկաները հրաւիրուեցին «Բակումեան» սրահը սուրճի եւ ուտեստեղէն-անուշեղէնների: Սրբազանը օրհնեց սեղանը եւ խօսեց Յարութիւն Մկրեանի երկար տարիների անդամակցութիւնը Ս. Սարգիս եկեղեցիին, «Հայ Տուն» ծերանոցին եւ պատուոյ անդամ լինելը Հայ Օգնութեան Միութեան. նրա բուռն եւ անքակտելի հաւատքը եւ բարութիւնը հանդէպ իր ընտանիքին ու իր ազգին:
Յարութիւն Մկրեանը ծնուել էր Դամասկոսում, զաւակն էր 1915ի Ցեղասպանութիւնից վերապրող Յարութիւն եւ Երանուհի Մկրեանի: Փոքր տարիքում եկել է Լիբանան, ապա 1946 թուի ներգաղթի օրերին, 22 տարեկան հասակում ուղեւորւում է դէպի մայր Հայաստան: Զբաղւում է կօշկակարութեամբ, յետոյ աշխատանք գտնում Միասնիկեան կահոյքի գործարանում: 1974թ. մնայուն հաստատւում են Նիւ Եորքում իր սիրելի տիկնոջ Նոյեմիի եւ չորս զաւակների հետ միասին:
1976թ. բացում են իրենց անձնական գորգի առեւտրական առաջին խանութը Նիւ Եորքի յայտնի Հինգերորդ պողոտայի վրայ:
Ներկայիս Հայաստանի տարածքում ունեն 22 «Մկրեան Ռագս» գործարաններ, ուր աշխատում են բազմաթիւ հայրենակիցներ՝ նպաս-տելով իրենց ընտանիքներին ու երկրին: Ունեն սաներ Հայաստանի մէջ. միշտ եւ ամենայն սիրով հովանաւորում եւ օգտակար են լինում կարիքաւորներին:
Ուրախ ենք, որ այսօր «Մկրեան Ռագս» հայ գորգը եւ գորգագործութիւնը, մեծ ճանաչում ունի Հայաստանի եւ աշխարհի մեծ երկրների յայտնի շէնքերի մէջ ու հանրայայտ անձանց բնակարաններում: Յոյսով ենք որ շուտով նաեւ ականատես կը լինենք «Հայ գորգի թանգարան»ին Երեւանի մէջ:
Ինչպէս ասացինք, Ցեղասպանութիւնից վերապրողի զաւակ Յարութիւն Մկրեանը իր կեանքի գործընթացքը սկսեց կօշկակարութեամբ, յաջողութեան բարձունքներին հասաւ յանձինս իր եւ իր զաւակների անսահման կամքի ոյժի ու անխոնջ աշխատանքի: Աչքերը փակեց ու մեզ հրաժեշտ տուեց կեանքից գոհ՝ ժպիտը դէմքին:
Սիրելի Յարութիւն, թող հողը թեթեւ գայ վրադ եւ հոգիդ ընդմիշտ վարդահեղեղ լոյսերի մէջ ապրի:
Նիւ Եորք