New York Times-ի Անդրադարձը Ամերիկահայ Շախմատիստ Սեմ Սեւեանի Ու Գարի Կասպարովի Համագործակցութեանը
Աղբիւրը նշում է, որ Սեւեանի հետ զրուցել է Մանհեթանում Գարի Կասպարովի հետ անցկացուող թրէյնինգի ժամանակ, ուր երիտասարդ գրոսմայստերը գնահատել է անցած տարուայ իր յաջող ելոյթները, որոնք նրան թոյլատրեցին դառնալու ԱՄՆի պատմութեան ամենաերիտասարդ գրոսմայստերը՝ 13 տարեկանում:
Սեւեանն ինքը գնահատական է տուել Նոյեմբերին Սենթ Լուիսում բելառուսցի Գորովեցի հետ իր խաղին: Դրա ընթացքում նրան ժամանակը չէր բաւականացնում քայլեր անելու համար: Այդպէս, մի քայլ անելու համար նա ստիպուած է եղել տեղաւորուել հինգ վայրկեանում, չնայած ներքուստ կարծել է, որ չի հասցնի: Իր յաղթանակի համար Սեւեանն իրեն երջանիկ է համարում, սակայն նշում է, որ պարտաւոր էր յաղթել:
Աղբիւրի հաղորդմամբ՝ իր մասնագիտական կեանքի անցած տարուայ ձեռքբերումից յետոյ այժմ Սեւեանը պատրաստւում է յաջորդ քայլին: Դա հնարաւոր է համարւում Գարի Կասպարովի ու Միխայիլ Խոդորկովսկու ծրագրի շնորհիւ, որում այժմ ներառուել է Սեւեանը: Այն Մասաչուսեթսում ապրող Սեւեանին ու միւս երիտասարդ շախմատիստներին հնարաւորութիւն կը տայ տարեկան երկու անգամ հանդիպելու եւ թրէյնինգներ անցնելու Կասպարովի մօտ, ունենալու հունգարացի Ալեքսանդր Չերնինի պէս մարզիչ:
The New York Times-ը գրում է, որ շախմատը չափազանց թանկ հաճոյք է անգամ Սեւեանի կալիբրի (տարողութեան-Խմբ.) շախմատիստների համար, եւ անգամ մրցանակային գումարները նրանց թոյլ չեն տալիս ճամբորդել ու համապատասխան մասնագէտների հետ շփուել: Նշւում է, որ Սենթ Լուիսում իր յաղթանակի համար Սեւեանը ընդամէնը 1000 ԱՄՆ դոլարի հոնորար է ստացել։