Ադրբեջանում վերջերս տեղի ունեցող իրադարձութիւնները, մասնաւորապէս՝ «Ազատութիւն» ռադիօկայանի գրասենեակի փակումը, նշանակում են Կասպից ծովի անկայուն տարածաշրջանում կտրուկ փոփոխութիւններ՝ Ադրբեջանի կառավարութեան աճող թշնամանքը Վաշինգտոնի նկատմամբ, գրում է Ջոշուա Կուչերան ամերիկեան The New York Times-ում:
Յօդուածագիրը նշում է, որ 1991 թուականի անկախութիւնից յետոյ Ադրբեջանը Միացեալ Նահանգների ուժեղ գործընկերն է եղել, որը «կոտրում» էր Ռուսաստանի էներգետիկ մենաշնորհը տարածաշրջանում՝ աջակցելով դէպի Թուրքիա նաւթի եւ գազի խողովակաշարերի կառուցմանը:
Բաքուի ուղղութիւնը դէպի Արեւմուտք միշտ երկու նպատակ է հետապնդել՝ պահպանել իշխանութիւնը եւ հետ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, գրում է յօդուածագիրը: Սակայն Եւրասիայում ռազմավարական դաշտում Ռուսաստանի նոր արտաքին քաղաքականութեան բերած փոփոխութիւններից յետոյ Բաքուն վերահաշուարկում է, թէ արդեօք իր կապերն Արեւմուտքի հետ իսկապէս նպաստո՞ւմ են նպատակների իրագործմանը, թէ ոչ:
«Ազատութիւն» ռադիօկայանի վրայ յարձակմանը նախորդել է ամիսներ շարունակ հնչող հակաարեւմտեան հռետորաբանութիւնը: Հիմնական քննադատութիւնը եղել է այն, որ Վաշինգտոնը, գործելով ՀԿների եւ մարդու իրաւունքներով զբաղուող խմբերի միջոցով, փորձում է ապակայունացնել իրավիճակն Ադրբեջանում: Վերջերս ուժեղացած հակաամերիկեան հռետորաբանութիւնը թոյլ է տալիս ենթադրելու, որ Բաքուն իր կողմնորոշումը փոխել է դէպի Մոսկուա, գրում է յօդուածագիրը:
Միացեալ Նահանգները երբեք ռազմական միջամտութիւն չի ունենայ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնում՝ Ադրբեջանի կողմից, գրում է յօդուածագիրը:
Ադրբեջանի՝ ռուսական հռետորաբանութեան ընդօրինակումը եւ Մոսկուայի հետ մերձեցումը թաքնուած սպառնալիք են Վաշինգտոնի համար. տո՛ւր մեզ այն, ինչ մենք ենք ուզում, թէ չէ մենք ուղղութիւնը կը փոխենք դէպի Ռուսաստան:
Միացեալ Նահանգները չպէտք է ենթարկուի այս շանտաժին: Այն ժամանակ, երբ Վաշինգտոնն աշխատում է Ռուսաստանին տնտեսապէս մեկուսացնելու ուղղութեամբ, եւրոպացիների համար Ադրբեջանի բնական գազը ռուսական գազից է՛լ աւելի կարեւոր այլընտրանք է դառնում: Եւ Բաքուի աշխարհաքաղաքական փոփոխութիւնը կարող է խախտել փխրուն հաւասարակշռութիւնը, որը զսպել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարուածութիւնը լայնամասշտաբ պատերազմի վերաճելուց:
Բայց Վաշինգտոնի համար անհեռատես կը լինի զոհել իր սկզբունքները Ռուսաստանի դէմ իր քաղաքականութեան աջակցութիւնն ապահովելու համար: Մոսկուայի ներկայիս աշխարհաքաղաքական պահը ժամանակաւոր է: Մինչ Բաքւում ռուսամէտ ուժերն սկսում են գերիշխել, միւս հզօր դաշինքներն Արեւմուտքի հետ աւելի սերտ կապերի կողմնակից են, գրում է յօդուածագիրը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.