Wake Up The Souls Tour շրջագայութեան առթիւ աշխարհահռչակ Rolling Stone ամսագիրը հրապարակել է Սերժ Թանկեանի հետ անցկացրած հարցազրոյցը: Նշենք, որ Սերժ Թանկեանը System of a Down խմբի ստեղծման առաջին օրից բարձրացնում է Հայոց Ցեղասպանութեան հարցը, եւ հէնց նրա շնորհիւ քաղաքական եւ մշակութային շատ գործիչներ սկսեցին ուշադրութիւն դարձնել այս թեմային: Ի դէպ, System of a Down-ի պաշտօնական կայքում կարելի է տեսնել յատուկ մի քարտէս, որտեղ նշուած են Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած բոլոր երկրները: Խումբը կոչ է անում իր բոլոր երկրապագուներին «ստիպել» Թուրքիայի խորհրդարանին ճանաչելու կատարուած յանցանքը:
«Խնդիրն այն է, որ մարդիկ դեռ շարունակում են Ցեղասպանութիւն կատարել եւ կարեւոր չէ, արդեօք այսօր դուք «ցեղասպանութիւն», «հոլոքոստ» կամ «մարդասիրական աղէտ» եզրերը օգտագործում էք, թէ ոչ. արդիւնքում իմաստը չի փոխւում: Խումբը ցանկանում է, որ փոփոխութիւններ տեղի ունենան, եւ մենք ցանկանում ենք լինել այդ փոփոխութիւնների մի մասնիկը: Մենք ցանկանում ենք, որ ճանաչեն 20րդ դարի առաջին Ցեղասպանութիւնը: Սա հնարաւորութիւն է տալիս հաւատալ նրան, որ մարդկութիւնը, ի վերջոյ, կը դադարի սպաննել ինքն իրեն:
Խմբի բոլոր անդամները Ցեղասպանութիւնը վերապրած մարդկանց ժառանգներն են: Շատ տրամաբանական կը լինէր, որ մեր՝ այս հարցի լուծմանն ուղղուած ամբողջ աշխատանքը վերջապէս իր արդիւքն ունենար: Թուրքիան պէտք է լուրջ մօտեցում ցուցաբերի իր պատմութեանը: Հարցը միայն հայերի, յոյների եւ ասորիների մասին չէ, այլ թէ ինչ է այժմ կատարւում ամբողջ աշխարհում: Ո՛չ ՄԱԿի, ո՛չ էլ ԱՄՆի հովանու տակ գտնուող միջազգային կազմակերպութիւնները կամ մէկ այլ պետութիւն չի կարող միջոցներ, բանաձեւեր կիրառել, որոնք հնարաւորութիւն կը տան դադարեցնել ու կանխել, ինչպէս նաեւ դատապարտել նման ոճրագործութիւնները: Սիրիայի Դեր Զօրում ISIS-ի զինուորները սպաննել են հազարաւոր անմեղ մարդկանց, եւ դրանից արդէն անցել է 100 տարի, խորհրդանշական է, այնպէս չէ՞:
Իմ հանգուցեալ պապիկը, ով վերապրել է այդ բոլոր սարսափները եւ անցել այդ թոհ ու բոհի միջով, մի շարք պատմութիւններ է պատմել, որոնք մենք նկարահանել ենք Screamers ֆիլմում, քանի որ այս ոճրագործութեան վկաները, հասկանալի պատճառներով, ժամանակին զուգընթաց աւելի ու աւելի նուազում են:
Իսկ ինչ վերաբերում է Երեւան գնալուն, ապա նշեմ, որ խումբն ամբողջ կազմով մեկնելու է Հայաստան: Նախկինում ես այնտեղ ելոյթ եմ ունեցել որպէս մենակատար, եւ դա մեծ փորձ էր ինձ համար: Կարծում եմ հիանալի համերգ է լինելու:
Մենք մտադիր էինք նաեւ երգել Թուրքիայում, բայց մեզ այնտեղ թոյլ չտուեցին ելոյթ ունենալ. կարծում եմ, որ պատճառը մեր մեծ հետաքրքրութիւնն էր Ցեղասպանութեան թեմայով: Մենք շատ երկրպագուներ ունենք Թուրքիայում եւ կը ցանկանայինք նաեւ նրանց համար ելոյթ ունենալ: Մեզ վրայ սկսեցին ցեխ շպրտել, մամուլում մեր մասին Աստուած գիտի, թէ ինչեր էին գրում, որոնք բնականաբար չէին համապատասխանում իրականութեանը: Մեր պաշտօնական կայքում մենք ի հարկէ հերքեցինք այդ ամէնը: Դրանից յետոյ Թուրքիայում ապրող մեր երկրպագուները քննադատել էին տեղի լրագրողներին ու խմբագիրներին՝ մեղադրելով նրանց ապատեղեկատուութիւն տարածելու մէջ: Մենք շատ զարմացել էինք, բայց Թուրքիայում ապրող մեր երկրպագուները պաշտպանեցին մեզ: Հետեւաբար կարելի է յանգել այն եզրակացութեան, որ միաբեւեռ հասարակութիւն գոյութիւն չունի:
Կարծում եմ, որ Թուրքիան կը ճանաչի Ցեղասպանութիւնը: Այս պահին խորհրդարանում քննարկում են Ցեղասպանութեան մասին բանաձեւը (որը նաեւ ներառում է Հայոց Ցեղասպանութիւնը): Այն ներկայացրել է քուրդ պատգամաւոր Սեբահաթ Թունջելը: Վստահ չեմ, որ բանաձեւը կ՛ընդունուի, բայց սա արդէն լուրջ քայլ է: Ի դէպ, ես Լոս Անջելեսում զբաղուած եմ Ցեղասպանութեան մասին ֆիլմի նկարահանման աշխատանքներով:
Ես նաեւ ցանկանում եմ խօսել աշխարհի բոլոր ծայրերում ապրող այն հայերի մասին, ովքեր ինչ որ կերպ փորձում են օգնել այս հարցի ճանաչման գործում: Որքան էլ մարդիկ քննադատում են Քիմ Քարդաշեանին, բայց նա ամէն տարի Ապրիլի 24ին բարձրաձայնում է այս թեմայի մասին եւ յարգանքի տուրք մատուցում զոհուածների յիշատակին: Իսկ սա շատ կարեւոր է. չէ՞ որ նրա Twitter-եան էջում աւելի շատ բաժանորդագրուածներ կան, քան իմ էջում»:
NEWS.am