Վարեց՝ ԱՆԻ ԱԶԱՏԵԱՆ
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութիւնն ամէնամեայ ծրագրի շրջանակներում կազմում է նաեւ եռամսեակային ծրագրեր, որոնցով եւ առաջնորդւում է: Կարող եմ յստակ ասել, որ բոլոր ուղղութիւններով կարողացել ենք կատարել մեր առջեւ դրուած առաջադրանքները: Որպէս առաւել մեծ ձեռքբերում՝ կ՛ընդգծէի ժողովրդի հետ կապը, որովհետեւ մենք հանդիպումներ ենք ունենում բազմաթիւ համայնքներում:
Միայն 2014 թուականին խմբակցութիւնն այդպիսի մի քանի տասնեակ հանդիպումներ է ունեցել: Մեզ համար շատ կարեւոր է ժողովրդի հետ անմիջական շփումը, քանի որ գտնում ենք, որ պատգամաւորը պէտք է ժողովրդի տրամադրութիւնները միանգամից ընկալի, նրանց խնդիրների մասին բարձրաձայնի, փորձի հարցերին լուծումը գտնել: Օրինակ գազալցակայաներում գազի գնի իջեցումը եւ այլն: Ի հարկէ, պատգամաւորի գործառոյթները չեն սահմանափակւում վերոյիշեալ ուղղութեամբ, այլ դրանք բազմաբնոյթ են:
Իրականում, ճիշդ էք նկատել, մենք ԱԺ լիագումար նիստերի ժամանակ շատ աշխոյժ էինք եւ տարբեր հարցադրումներ էինք ուղղում կառավարութեանը: Ակտիւ ենք եղել նաեւ օրէնքների նախագծերի քննարկումների ժամանակ, հանդէս եկել տարբեր առաջարկութիւններով: Կարող եմ շեշտել նաեւ «Դաշնակցութիւն» խմբակցութեան կարգապահութիւնը: ԱԺ նիստերին խմբակցութիւնից գրեթէ բացակայութիւններ չեն եղել:
Խմբակցութեան ձեռքբերումներն առկայ են բոլոր բնագաւառներում եւ, կարելի է ասել, խմբակցութիւնը հիմնականում կատարել է բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսուած են եղել 2014 թուականին:
ԱՆԻ ԱԶԱՏԵԱՆ.- Խմբակցութիւնը, ինչպէս նախորդ տարիներին, այժմ եւս շարունակում է ԼՂՀ բնակչութեան հետ արդէն աւանդոյթ դարձած իր հանդիպումները: Հիմնականում բնակչութիւնն ի՞նչ հարցերով է դիմում խմբակցութեանը եւ որքանո՞վ է յաջողւում այդ հարցերին համապատասխան լուծումներ տալ:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Բնակչութիւնը հիմնականում երկու տեսակի հարցեր է բարձրացնում. մի մասն՝ անձնական բնոյթի, իսկ միւս մասը՝ տուեալ համայնքի հետ կապուած: Բարձրացուած հարցերին հիմնականում յաջողւում է լուծումներ տալ: Համայնքների հետ կապուած հարցերը մենք բարձրացնում ենք տարբեր օղակներում, իսկ որոշ հարցերով խմբակցութիւնը գրաւոր դիմում է կառավարութեանը, որպէսզի այն ընդգրկուի բիւջէի մէջ:
Այս առումով՝ համայնքային մի շարք հարցերի մեզ յաջողուել է լուծումներ տալ՝ կառավարութեան համապատասխան օղակների հետ համագործակցելով: Անձնական բնոյթի բոլոր այն հարցերին, որոնք օրէնքի շրջանակներում են եղել, հնարաւորինս լուծումներ են տրուել:
ԱՆԻ ԱԶԱՏԵԱՆ.- 2014 թուականին ԼՂՀ ԱԺն աչքի ընկաւ մասնաւորապէս տարբեր երկրների խորհրդարանների հետ փոխայցելութիւններով: Խորհրդարանային մակարդակով տարբեր երկրների հետ ստեղծուեցին բարեկամական խմբեր: Այս առումով ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութիւնն ի՞նչ դեր ունեցաւ:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- ՀՅ Դաշնակցութիւնը շատ ակտիւ գործունէութիւն է ծաւալում Արցախի ճանաչման գործընթացում: Այս առումով ՀՅԴ Հայ Դատի մարմիններն առանձնապէս սերտօրէն համագործակցում են նախագահի, խորհրդարանի եւ արտգործնախարարութեան հետ: Կազմակերպուել են մի շարք հանդիպումներ ոչ միայն Հայ Դատի մարմինների կողմից, այլ նաեւ՝ հէնց ԼՂՀ իշխանութիւնների ջանքերի շնորհիւ:
Խորհրդարանի նախագահի ղեկավարած պատուիրակութեան կազմում, որտեղ ընդգրկուած են եղել խորհրդարանական երեք ուժերի ներկայացուցիչներ, Ֆրանսիայի Սենատում մասնակցել ենք պաշտօնական հանդիպման, որն, ի դէպ, որպէս այդպիսին առաջինն էր: Հանդիպում է եղել նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովում: Առայժմ ստեղծուած են ԱԺում Լիտուայի եւ Ֆրանսիայի հետ բարեկանական խմբերը, որտեղ, որպէս բարեկամական խմբի անդամներ, «Դաշնակցութիւն» խմբակցութիւնից ընդգրկուած են Վահրամ Բալայեանը եւ Կամօ Բարսեղեանը:
ԱՆԻ ԱԶԱՏԵԱՆ.- 2015 թուականի երկրի գլխաւոր փաստաթղթի խորհրդարանական քննարկումներից յետոյ կառավարութիւն ներկայացուած 47 առաջարկներից 37ը «Դաշնակցութիւն» խմբակցութիւնն է արել: Հիմնականում ի՞նչ խնդիրներ են կարեւորուել այդ առաջարկութիւններում եւ քանի՞սն են ընդունուել:
ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Դաշնակցութիւնն առհասարակ շատ լուրջ է վերաբերում բիւջէի քննարկմանը, որովհետեւ դա այն փաստաթուղթն է, որը մէկ տարի ուղենշելու է երկրի զարգացումը եւ կարողանալու է իր մէջ ներառել տարբեր հարցերի լուծումներ: Խմբակցութիւնը հանդիպումների ժամանակ բանաւոր ներկայացրել է հինգ տասնեակից աւելի հարցեր, իսկ գրաւոր՝ մօտ չորս տասնեակ առաջարկութիւններ: Բիւջէի հետ կապուած առաջարկութիւնները հիմնականում բաժանւում են երկու մասի:
Մի մասը մարտավարական բնոյթի առաջարկութիւններ են, որոնց մի մասը ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ բարձրացուած հարցերից են ծնուել եւ վերաբերում են մի շարք համայնքներում մանկապարտէզների կառուցմանը, խաթարուած ջրագծերի վերանորոգմանը, աղբահանութեան ծրագրի ներդրմանը: Նաեւ՝ կրթութեան, մշակոյթի ոլորտների վերաբերեալ մի շարք առաջարկութիւններ՝ գիւղական միջավայրում մշակոյթի եւ սպորտի շէնքերի կառուցման գործընթացում փոփոխութիւն կատարելու ուղղութեամբ:
Երեք շէնք կառուցելու փոխարէն, որոնցից մէկն առանձին ծառայում է որպէս հանդիսութիւնների տուն, միւսն՝ առանձին դահլիճ, իսկ միւսը՝ մշակոյթի տուն, առաջարկել ենք այդ ամէնը ամփոփել մէկ շէնքի մէջ եւ կառուցել համապատասխան ճարտարապետական տեսքով, որի արդիւնքում եւ շէնքերի օգտակարութեան գործակիցը բարձի կը լինի, եւ գիւղերում, չնչին ծախսեր կիրառելով, մեծ թափով կը զարգանայ սպորտը եւ մշակոյթը:
Սակայն մեր առաջարկութիւնների առանցքային մասը ռազմավարական բնոյթ են կրում, որով նախանշւում են երկրի զարգացման ուղղութիւնները, մասնաւորապէս՝ հարկային դաշտի բարելաւման, հանքարդիւնաբերութեան բնագաւառում պետական վերահսկողութեան ուժեղացման, հիպոթեքային վարկաւորման, պետական կառավարման ուռճացուած ապարատի կրճատման, արտահանման եւ ներմուծման անհամաչափութիւնը կրճատելուն եւ այլ հարցեր:
Այս հարցերով խմբակցութիւնն առանձին հանդիպում է ունեցել նաեւ երկրի վարչապետի հետ եւ լայնօրէն քննարկել երկրի զարգացման տարբեր ուղղութիւնների վերաբերեալ մեր տեսակէտները: Պէտք է նշել, որ հայեցակարգային առումով եւ խնդիրների լուծման ուղղութիւններով խմբակցութեան եւ կառավարութեան մօտեցումների մէջ, յատկապէս ռազմավարական բնոյթի հարցերում, տարբեր ուղղութիւններ կան, բայց, ընդհանուր առմամբ, կառավարութիւնը դրական է մօտեցել մեր հարցադրումներին:
Խնդիրը դրանց լուծման ժամկէտների հետ է կապուած: Խոստացել է համապատասխան ֆինանսի առկայութեան դէպքում լուծում տալ, իսկ հարցերի մի մասին անմիջապէս լուծում է տրուել:
«Դաշնակցութիւն» խմբակցութիւնն առաջիկայում էլ հետամուտ եւ հետեւողական է լինելու վերոյիշեալ խնդիրների լուծմանը:
«ԱՊԱՌԱԺ»