ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱԳՃԵԱՆ
Հակառակ այն բանին, որ ըստ ՀՀ պետական օրէնքի խանութների ճակատին բոլոր օտարատառ գրութիւների կողքին պէտք է տուեալ անունը գրուի նաեւ հայատառ, (անգամ «լոգօ»ի դէպքում), սակայն որոշ բացառութիւներով, գրեթէ ամէնուր խախտումներ են թոյլ տրուած: Եթէ մի օտարականի աչքերը փակեն ու այնուհետ Երեւանի կենտրոնական պողոտաներից մէկում բացեն, թերեւս չի կարող զանազանել Եւրոպայո՞ւմ է գտնւում, ԱՄՆո՞ւմ, թէ Հայաստանում:
Օտարամոլ այսպիսի դրսեւորման հանդիպում ենք նաեւ մայրաքաղաքից դուրս: Հեռաւոր մի գիւղի մթերային փոքր մի խանութի ճակատին կարդացի Supermarket: Հետաքրքիր է իմանալ խանութի տիրոջից՝ ամերիկացի կամ եւրոպացի քանի՞ մարդ է անցնում այդ գիւղով, ասենք մէկ տարուայ ընթացքում կամ (եթէ այցելում է) օտարազգի զբօսաշրջիկը անպայման պիտի լատինատա՞ռ Supermarket-ը տեսնի, որ հասկանայ, թէ այդտեղ ինչ է վաճառւում: Ինքս յաճախ չեմ կարողանում զսպել վրդովմունքս եւ նոյն հարցն եմ տալիս Երեւանի օտարահունչ անուներով խանութների տէրերին: Մի դէպքում կարողացայ համոզել տիրոջը, որ խանութի անունը հայերէն տառերով եւս գրի ու փակցնի խանութի ճակատին: Ամիսներ յետոյ վերջինս մեծ հպարտութեամբ ինձ ցոյց տուեց պահանջածս փոփոխութիւնը:
Այս առումով Վրաստանում մարդիկ մեզանից շատ աւելի ազգային են, չնայած որ իրենց մօտ շատ աւելի զբօսաշրջիկ է այցելում, քան մեզ մօտ: Օրինակենք այս գովելի երեւոյթը:
Մի ուրիշ երեւոյթ էլ եմ նկատում վերջերս. որեւէ նոր խանութի բացումից առաջ ցուցափեղկին գրւում է Opening Soon: Միայն մէկ դէպքում հանդիպեցի «Բացումը Շուտով» գրութեան: Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ անուղղելի կամ ահաւոր վնաս կը հասցուի տուեալ «բիզնեսին», եթէ հայերէն ծանուցուի բացման լուրը։ Եւ այդ ո՞ր օտարացին է, որ կը բարկանայ կամ կը պախարակի խանութի տիրոջը իր հայրենիքում իր հարազատ մայրենի լեզուն գործածելու համար: Ընդհակառակը, այս կերպ մենք յարգանք ու կարեւորութիւն կը ցուցաբերենք մեր ինքնութեան ու տեսակի հանդէպ: Ուրեմն ինչո՞ւ օտարատառ ու օտարահունչ:
Երբեմն-երբեմն արծարծել եմ այս հարցը եւ յուրախութիւն ինձ՝ համակարծիք պատասխան ստացել: Շատ դէպքերում օտար անուններ ու օտարատառ գրութիւն կիրառում են առանց լուրջ քննարկելու այս ոլորտը:
Կարծում եմ, որ մեր օտարամոլութեան պատճառը հպարտութեան պակասն է մեր ազգի մշակոյթի ու պատմութեան նկատմամբ: Այն օրը, երբ մեր մատղաշ սերնդի ուսանողը օտարալեզու պատմութեան գրքերում միւս ազգերի, կայսրութիւների շարքում կարդայ օրինակ՝ Տիգրան Մեծի ու Արտաշէս Աշխարհակալի կայսրութեան մասին, հին փիլիսոփաների շարքում հանդիպի Նարեկացու, Ներսէս Շնորհալու անուններին, հին պատմաբանների շարքում կարդայ Մովսէս Խորենացու, Եղիշէի, գիտնակաների շարքում՝ Անանիա Շիրակացու, Գրիգոր Տաթեւացու եւ մեր շատ ու շատ ուրիշ մօտակայ դարերի անուանի մեծերի մասին, այլեւս ակնածանքով ու հպարտութեամբ կը մտածի մեր ազգի կարեւորութեան մասին: Չի՛ ունենայ ինքնանուաստացումի բարդոյթ:
Ի դէպ, մինչեւ տասնութերորդ դարը, լատինատառ գրքերում հայկական մշակոյթի ու պատմութեան մասին եղել է տեղեկութիւն: