
Այս բաղադրատոմսը, որ խորհուրդ ենք տալու, նախատեսուած է ոչ միայն քաղցկեղով եւ այլ ծանր հիւանդութիւններով տառապող մարդկանց, այլեւ միանգամայն առողջ մարդկանց համար: Բժիշկ Ջոաննա Բադուիգը (Dr. Johanna Budwig) քաղցկեղային հիւանդութիւնների ոլորտի Եւրոպայի լաւագոյն կենսաքիմիկներից մէկն էր: Նա ծնուել է 1908թ., մահացել է 95 տարեկան հասակում: Ուռուցքաբանական հիւանդութիւնների ոլորտում ցնցող բացայայտումների համար նա 7 անգամ ներկայացուել է Նոբելեան մրցանակի: Բժիշկ Բադուիգը մի քանի տարի տրամադրել է քաղցկեղով հիւանդների արեան ուսումնասիրութեան համար: Ուսումնասիրութեան արդիւնքում նա յայտնաբերել է, որ հիւանդների արեան մէջ միշտ ցածր է ֆոսֆոլիպիդների (ճարպանման նիւթերու խումբ-Խմբ.) պարունակութիւնը: Ինչպէս նաեւ արեան մէջ հեմոգլոբինի ցածր քանակութեան հետ մէկտեղ նա յայտնաբերել է նաեւ անսովոր դեղնականաչաւուն միացութիւններ: Եւս մէկ բացայայտում եղաւ այն, որ առողջ մարդկանց արեան մէջ Օմեգա 3 դասի իւղաթթուների մակարդակը շատ աւելի բարձր է, քան հիւանդների մօտ: Ուսումնասիրութիւնների արդիւնքում բժիշկ Բադուիգը սկսեց փորձարկման ճանապարհով սննդակարգ կազմել հիւանդութեան բուժման համար: Արդիւնքում նա կանգ առաւ կաթնաշոռի եւ էկոլոգիապէս մաքուր չզտուած կտաւատի ձէթի (flex seed oil) խառնուրդի վրայ:
Կտաւատի ձէթը բոլորից շատ է պարունակում Օմեգա 3 դասի իւղաթթուներ, հեշտ իւրացւում է եւ ալերգիաներ (գերզգայնութիւններ-Խմբ.) չի յարուցում: Կաթնաշոռն, իր հերթին, պարունակում է սուլֆոպրոտինների բարձր մակարդակ: Բադուիգը յայտնաբերեց, որ կաթնաշոռի եւ էկոլոգիապէս մաքուր չզտուած կտաւատի ձէթի խառնուրդը ջրի մէջ լուծւում է, այսինքն՝ օրգանիզմի կողմից հեշտ իւրացուող է: Միայն կտաւատի ձէթի օգտագործումն անվտանգ է, բայց նաեւ անարդիւնք է: Այն անպայման պէտք է խառնուած լինի կաթնաշոռի հետ:
Բազմաթիւ փորձարկումներց յետոյ Բադուիգը գտաւ օպտիմալ չափաբաժինը, այն է՝ 2 ճաշի գդալ էկոլոգիապէս մաքուր չզտուած կտաւատի ձէթը խառնել 100-150 գրամ կաթնաշոռի հետ՝ մինչեւ համասեռ զանգուած դառնալը: Օգտագործել օրը մէկ անգամ:
1990թ. ուռուցքաբան բժիշկ Ռոեմը յայտարարեց, որ այս սննդակարգն աշխարհում ամենայաջողուած հակաքաղցկեղային սննդակարգն է: Այն ապացուցեց իր բուժական արժէքայնութիւնը քաղցկեղի, միոկարդի ինֆարկտի, աթերոսկլերոզի, լեարդի ֆունկցիայի խանգարումների, խոցային հիւանդութիւնների, արթրիտի, մաշկային էկզեմաների, տարիքային դեգրադացիոն հիւանդութիւնների եւ աւտօիմունային հիւանդութիւնների կանխարգելման եւ բուժման մէջ: