Բրիտանական հեղինակաւոր Financial Times պարբերականի թղթակից æեք Ֆարչին զրուցել է գործարար Ռուբէն Վարդանեանի հետ՝ նրա մոսկովեան գրասենեակում: Յօդուածը, որը վերնագրուած է «Ռուբէն Վարդանեան, Նախկին «Տրոյկա Դիալոգ»ի գլխաւոր տնօրէնը. Փնթփնթացող Լաւատես», թարգմանաբար ներկայացուած է ստորեւ:
Ռուբէն Վարդանեանը, մարդ, որը ժամանակին համարւում էր ռուսական կապիտալիզմի գովազդային դէմքը, զարմանալիօրէն հանգիստ է իր շուրջ պայթող ճգնաժամի հարցում: Նստած իր գրասենեակում՝ Մոսկուայի շքեղ գրասենեակային համալիրներից մէկում, որը նոյնպէս իրեն է պատկանում եւ զարդարուած է իր կնքած գործարքների եւ սեփական յաջողութիւնների այլ խորհրդանիշերով՝ պարոն Վարդանեանի պատասխանը ռուբլու փլուզման եւ ռեցեսիայի փուլ մտնելու մասին տիպիկ ռուսական է՝ «աւելի վատ էլ է եղել»:
«Ամէն ինչ յարաբերական է», ասում է նա եւ սկսում թուարկել Ռուսաստանի տնտեսական ճգնաժամերը վերջին քառորդ դարում՝ Խորհրդային Միութեան փլուզումից ի վեր. «25 տարի այս երկրում լինելով եւ յետադարձ նայելով ես կարող եմ ասել, որ միշտ էլ մարտահրաւէրներ կան»:
46ամեայ պարոն Վարդանեանը դա շատերից աւելի լաւ գիտի: Նախորդ երկու տասնամեակներում Ռուսաստանի առաջատար ներդրումային բանկի՝ «Տրոյկա Դիալոգ»ի նախկին գլխաւոր տնօրէնը երկրի տնտեսական իւրաքանչիւր ճգնաժամի առաջին շարքերում է եղել:
Ինչ որ չափով պարոն Վարդանեանը կարող է իրեն թոյլ տալ հանգիստ լինել: «Տրոյկան» 2011ին վաճառուեց Ռուսաստանի ամենամեծ բանկին՝ «Սբերբանկին»: Նա աւելի ուշ հրաժարուեց ընկերութեան առօրեայ ղեկավարումից, թէեւ շարունակում է մնալ «Սբերբանկ»ի գլխաւոր տնօրէնի խորհրդականը:
Վարդանեանի նախկին գործընկերներից ու մրցակիցներից շատերը կարող են նախանձել նրան ներդրումային բանկը ժամանակին վաճառելու համար. վերլուծաբանները 2014ին Ռուսաստանի ներդրումային բանկերի եկամուտների կտրուկ անկում են կանխատեսում, քանի որ բաժնետոմսերի եւ պարտատոմսերի թողարկումը գրեթէ դադարեցուել է արեւմտեան պատժամիջոցների եւ այդ արժեթղթերի արժեզրկման արդիւնքում: Արեւմտեան բազմաթիւ բանկեր իրենց մոսկովեան գրասենեակների աշխատակիցներին տեղափոխում են:
Սակայն պարոն Վարդանեանը համաձայն չէ, որ Ռուսաստանը ներդրումային բանկերի համար դարձել է ամայի տեղ:
Վարդանեանի խօսքով՝ ինչպէս 1991ին, երբ Խորհրդային Միութեան փլուզումը քաղաքական եւ տնտեսական մեծագոյն պոռթկումներ առաջացրեց Ռուսաստանում, երկիրն այժմ մէկ այլ նման ճկման կէտում է:
Նա 1991ը լաւ է յիշում, որպէս քսանն անց երիտասարդ. «Մոսկուայում էի եւ ինքս ինձ ասացի՝ ես ունեմ երկու ընտրութիւն: Մէկը՝ Խորհրդային Միութիւնը կը մնայ, ես կը վերադառնամ եւ կ՛արտագաղթեմ: Երկրորդ ընտրութիւնն այն էր, որ Ռուսաստանը կը կառուցի կապիտալիզմ: Դա հսկայական հնարաւորութիւն է»:
«Այժմ՝ 24 տարի անց, մենք նստած ձեզ հետ զրուցում ենք նոյն բանի մասին», ասում է Վարդանեանը: Ինչպէս 1991ին, պարոն Վարդանեանը Ռուսաստանում է՝ ընտրելու շուկային հարազատ ուղին:
«Այո, կը լինեն վայրիվերումներ, կը լինեն իրավիճակներ, երբ մարդիկ աւելի յուսահատ ու նեարդային կը դառնան, ինչպէս արդէն մի քանի անգամ եղել է նախկինում, բայց վերջին հաշուով սա անկասելի է… 20 տարի անց Ռուսաստանում շարունակուելու է լինել շուկայական տնտեսութիւն»:
Դա ոմանց համար Մոսկուայում կարող է լաւատեսական երեւալ: Վլադիմիր Պուտինը 2012ին վերադարձաւ իր նախագահութեան երրորդ ժամկէտին, ինչը համընկաւ բիզնեսում պետութեան ազդեցութեան կտրուկ աճի հետ:
Սա միտում է, որը խորացել է տնտեսական վերջին ճգնաժամի արդիւնքում, ինչի վկայութիւնը երկրի ամենահարուստ մարդկանցից մէկի՝ Վլադիմիր Եւտուշենկովի տարեվերջեան ձերբակալութիւնն էր, որի նաւթային ընկերութիւնը առգրաւուեց եւ պետականացուեց: Թէեւ պարոն Եւտուշենկովը վերջերս ազատ է արձակուել, այս դէպքը սառը զգուշացում էր մոսկովեան գործարար շրջանակների համար:
Պարոն Վարդանեանի սերնդակից բազմաթիւ ռուսներ, որոնք հասուն կեանք էին մտել 1990ականներին եւ օգտուել Արեւմուտքի առջեւ Ռուսաստանի բացուելուց, հեռանում են Եւրոպա կամ Հիւսիսային Ամերիկա: «Իմ ընկերներից ոմանք ցանկանում են հեռանալ այս երկրից, նրանցից շատերն իրենց երեխաներին արդէն դուրս են ուղարկել», խոստովանում է Վարդանեանը:
Մեր զրոյցի ամբողջ ընթացքում առաջին անգամ անցնելով ռուսերէնի՝ Վարդանեանն իրեն նկարագրեց որպէս «վորչաշչիյ օպտիմիստ»՝ փնթփնթացող լաւատես:
«Երկիրն ապագայ չունի ասելը եւ յետոյ ճիշդ դուրս գալը մխիթարանք չի կարող լինել, քանի որ նման սցենարի հետեւանքն ամբողջ աշխարհը կը կրի», ասում է Վարդանեանը: «Գաղափարը, որ կարող ես արտագաղթել Իտալիա կամ Իսպանիա եւ այնտեղ լաւ գինի խմել՝ սեփական երկրում առկայ սթրեսներից զերծ, մեծ պատրանք է»:
Այդ ամէնից ելնելով՝ ճանապարհը, որ նա ընտրել է, թերեւս հիմք է տալիս ենթադրելու, որ 1990ականների վերջի եւ 2000ականների սկզբի ռուսական կապիտալիզմի վերելքի տարիներն այլեւս չեն վերադառնայ:
Աւելի քան մէկ տասնամեակ ղեկավարելով «Տրոյկա»ն, մինչեւ այն վաճառելը, եւ «Ֆորբս»ի գնահատմամբ՝ վաստակելով 850 միլիոն դոլար կարողութիւն, պարոն Վարդանեանն իր մեծ եռանդն ու հմայքն այժմ ուղղում է բարեգործութեան աշխարհին:
Ինչպէս որ նա 1990ականներին Ռուսաստանում ներդրումային բանկինգի ոլորտի առաջամարտիկն էր, այժմ էլ առաջամարտիկն է բարեգործութեան ոլորտում:
«Այսօր Ռուսաստանում մենք ունենք առաջին սերունդը, որ հարստութիւն է կուտակել եւ կարիք ունի ինչ որ բան թողնելու յաջորդ սերնդին… սա 100 տարուայ մէջ առաջին անգամ է: 1917ին դա կանգ առաւ, եւ երեխաներին թողնելու ոչինչ չմնաց»:
Վարդանեանն ընդգծում է, որ Ռուսաստանում պաշտօնական վիճակագրութեամբ 230 հազար մարդ կայ, որ տարեկան 1 միլիոն դոլարից աւելի գումար է վաստակում: «Նրանք ուլտրա-օլիգարխներ չեն, սակայն եթէ դու միլիոն դոլար ունես, դա արդէն մեծ գումար է: Դու ուզում ես այդ գումարը հիմա՞ ծախսել, թէ ինչ որ բարեգործութիւն անել: Սա բարդ հարց է»:
Ինչպէս ներդրումային բանկինգի դէպքում, պարոն Վարդանեանը երկու ոտքով ցատկել է բարեգործութեան աշխարհ: Նա կրթութիւն եւ ծառայութիւններ է մատուցում հարուստ այն ռուսներին, որոնք չգիտեն՝ ինչ անեն իրենց միլիոնները, բիզնես է ստեղծում, որը կը սպասարկի բարեգործական նախաձեռնութիւններին, եւ խանդավառութեամբ ներգրաւուում է բարեգործութեանը: Այնուամենայնիւ Վարդանեանը բարկանում է այդ բառի վրայ. «Բարեգործութիւն սովորաբար նշանակում է՝ դու փող ես տալիս եւ մոռանում դրա մասին: Ես բաւական եռանդուն ներգրաւուած եմ մենեջմենթի որոշումներ կայացնելու գործում: Ինչպէս կապիտալիզմի դէպքում… Կրելով ամբողջ այս ճնշումը, լինելով աննկուն ներդրումային բանկիր, բայց արդիւնքներ ստեղծելով բարի գործերի համար»:
Վարդանեանը շատ ժամանակ ունի միայն բարեգործութեան համար, որը միլիարդատէրերի շրջանում մոդայիկ է դարձել Բիլ Գէյթսի ու Ուորէն Բաֆեթի յանձնառութեան շնորհիւ, որոնք իրենց կարողութեան կէսը նուիրաբերել են դրան: Վերջերս այդ գործին է ներգրաւուել նաեւ Վլադիմիր Պոտանինը՝ «Նորիլսկի Նիկել» ընկերութեան գլխաւոր տնօրէնն ու բաժնետէրը:
Պարոն Վարդանեանը համոզուած է, որ Ռուսաստանի նման երկրում չի կարելի սպասել մինչեւ մեռնելը, որպէսզի փողդ նուիրաբերես:
«Մեր դէպքում, համոզուած եմ, որ մարդկանց մի մասը պէտք է այդ գումարները ծախսի հիմա, որպէսզի դրամատիկ վերափոխումները հնարաւոր դարձնի: Որովհետեւ մեր երկրի նման երկրներում նման փոփոխութիւնների կարիքը շատ աւելի դրամատիկ է զգացւում, քան զարգացած երկրներում»:
Վարդանեանի չորս երեխաները կը ժառանգեն միայն սեփականութիւն: Նա ասում է, որ ինքը եւ իր կինը իրենց հարստութեան մնացած մասը կը ծախսեն բարեգործական ծրագրերի վրայ իրենց ամբողջ կեանքի ընթացքում:
Նրա ծրագրերից շատերը կենտրոնանում են Հայաստանում՝ նրա մանկութեան ու ծնողների երկրում, թէեւ նա անմիջապէս յիշեցնում է, որ Հայաստանի անձնագիր եւ քաղաքական նպատակներ չունի:
Նա 80 միլիոն դոլար է ծախսում, ինչպէս ինքն է ասում, ստեղծելու աշխարհի ամենաերկար ճոպանուղին դէպի 9րդ դարի Տաթեւի վանական համալիր՝ Հայաստանի հարաւում, ինչպէս նաեւ վերականգնում է վանքը: Իսկ Հայաստանի հիւսիսում՝ Դիլիջանում, Վարդանեանը դպրոց է կառուցել, որը, յուսով է, որպէս Համաշխարհային միացեալ քոլեջների ցանցի անդամ, աշխարհը կը բացի երիտասարդ հայերի համար:
Նա ծրագիր է մշակում նշելու 1915ի Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցը՝ մեծարելով այն մարդկանց ու կազմակերպութիւններին, որոնք օգնել են փրկելու հայերի կեանքը:
Պարոն Վարդանեանը պատմում է, թէ ինչպէս է իր պապը երեխայ ժամանակ փրկուել Ցեղասպանութիւնից ամերիկացի միսիոներների որբանոցի շնորհիւ:
«Ես յաջողակ եմ դարձել եւ այսօր կարող եմ ձեզ հետ ունենալ իմ հարստութեան մասին այս զրոյցը, որովհետեւ 100 տարի առաջ չորս միսիոներ գնացին մի խենթ վայր, որտեղ պատերազմ էր, եւ 150 երեխայի կեանք փրկեցին: Այժմ ես հարուստ մարդ եմ, ես ցանկանում եմ վերադարձնել…»:
«ՍԻՎԻԼՆԵԹ»