Վահան Յովհաննիսեանի Մահը Մեծ Կորուստ Է Բոլորիս Համար. ՀՀ Նախագահ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր է յղել Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Յովհաննիսեանի մահուան կապակցութեամբ:
Վահան Յովհաննիսեանի ընտանիքին, հարազատներին, մերձաւորներին եւ գործընկերներին ուղղուած ցաւակցական հեռագրում, մասնաւորապէս, ասուած է. «Խոր ցաւով տեղեկացայ Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Յովհաննիսեանի վախճանի մասին:
Վահան Յովհաննիսեանի ներկայութիւնը նշանակալի է եղել Հայաստանի քաղաքական դաշտում թէ՛ արցախեան ազատամարտի տարիներին, թէ՛ դրանից յետոյ՝ Հայաստանի Ազգային ժողովում:
Դժուար է պատկերացնել, որ գաղափարական մարտիկի, կիրթ մտաւորականի, պետական ու կուսակցական գործչի, փայլուն հռետորի եւ վառ անհատականութեամբ ընդգծուած նրա կերպարը այլեւս մաս չի կազմելու հայաստանեան եւ համահայկական քաղաքական գործընթացների: Վահան Յովհաննիսեանի մահը մեծ կորուստ է ոչ միայն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, այլեւ բոլորիս համար:
Խորին ցաւակցութիւն եմ յայտնում անուանի գործչի հարազատներին, մերձաւորներին եւ գործընկերներին», ասուած է Հանրապետութեան նախագահի ցաւակցական հեռագրում:
————-
Վահան Յովհաննիսեանը Մեծ Աւանդ Ունի Ազգային-Ազատագրական Պայքարում. ԼՂՀ Նախագահ
Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը Դեկտեմբերի 29ին ցաւակցական հեռագիր է յղել Վահան Յովհաննիսեանի ընտանիքին:
Հեռագրում ասուած է.
«Խոր ցաւով տեղեկացայ Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Էդուարդի Յովհաննիսեանի վաղաժամ մահուան մասին:
Վահան Յովհաննիսեանն անգնահատելի աւանդ ունի հայոց անկախ պետականութեան կերտման գործում եւ ազգային-ազատագրական պայքարում: Նա մեծ հայրենասէր էր, փորձառու քաղաքական գործիչ, հմուտ դիւանագէտ, լաւ ու բարի անձնաւորութիւն, ով մեծ յարգանք էր վայելում Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում:
Արցախի ժողովրդի, իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից վշտակցութիւն ու զօրակցութիւն եմ յայտնում հանգուցեալի բոլոր հարազատներին եւ մերձաւորներին, մաղթում արիութիւն ու ոգու կորով:
Վահան Յովհաննիսեանի պայծառ յիշատակը միշտ վառ կը մնայ մեր սրտերում»:
——————
Սա Անդառնալի Կորուստ Է Բոլորիս Համար. Արթուր Աբրահամ
Ժրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը ցաւակցական խօսք է յղել Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Յովհաննիսեանի մահուան կապակցութեամբ:
«Խոր վշտով ցաւակցում եմ Վահան Յովհաննիսեանի հարազատներին, մտերիմներին, ընկերներին եւ համայն հայութեանը՝ մեծ հայրենակցի վաղաժամ մահուան կապակցութեամբ:
Վահան Յովհաննիսեանի հետ իմ վերջին հանդիպումը անցնող տարուայ Հոկտեմբերի 3ին էր: Այդ օրը նա բարձր տրամադրութիւն ունէր, կատակներ էր անում եւ իր առողջ կենսախնդութիւնը վարակում բոլորիս: Ցաւօք, այսօր արդէն մեզ հետ չէ ականաւոր հասարակական-քաղաքական գործիչը, մեծ հայն ու հայրենասէրը: Սա անդառնալի կորուստ է բոլորիս համար:
Վահան Յովհաննիսեանի յիշատակը մշտապէս վառ կը մնայ հայ մարդկանց հոգիներում: Մխիթարութիւն եւ սփոփանք՝ բոլոր վշտացեալ սրտերին», Արթուր Աբրահամի խօսքը փոխանցում է նրա մամուլի ծառայութիւնը:
Լուսանկարում՝ Արթուր Աբրահամը եւ Վահան Յովհաննիսեանը՝ 2014ի Հոկտեմբերի 3ին, Բերլինում
————
Հոգին Փրկուած Էր Վաղուց Եւ Անունը՝ Վահան Յովհաննիսեան՝ Նոյնպէս
Բոլորս էլ գիտէինք, որ մահը չոքել է նրա դրանը: Ամէնից շատ ինքը դա գիտէր: Ամիսներ առաջ զանգահարեց Բերլինից, ասաց, որ ֆէյսպուքում կարդացել է իմ մի պատմուածքն ու հիմա խեղդում է կարօտը… Ինքը խօսում էր, ու ես հասկանում էի, որ այդ կարօտ ասածը տարածական հեռաւորութեան արդիւնք չէ: Այդ պահերին նա Գերմանիայում էլ չէր, մի այլ տեղում էր, որի ճիշդ հասցէն ոչ ինքը գիտէր, ոչ՝ ես: Նրա խօսքում հրաժեշտի երանգներ էին հնչում: «Ո՛նց ես, Վահան», վախուորած հարցրի:
«Ցաւերին չեմ դիմանում,- խոստովանեց,- բարեւիր տղերքին…»: Միւս օրը զանգահարեցի «Անտարես» հրատարակչութիւն՝ Արքմենիկին, խնդրեցի արագացնել «Մանտիլիոն»ի տպագրութիւնը: Լեզուս չէր պտտւում ասելու՝ որ թող տեսնի հայերէն գիրքը, յետոյ գնայ, ուր պիտի գնար: Թերեւս գիրքը նաեւ մեղմէր ցաւերը… Գոնէ մեղմէր: Փրկել այլեւս չէր կարող: Եւ չփրկեց: Չփրկեց մարմինը: Իսկ հոգին փրկելու կարիք չկար: Հոգին փրկուած էր վաղուց: Եւ անունը՝ ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ՝ նոյնպէս:
ՌՈՒԲԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ