Ստալինը ունէր մի աղջիկ եւ երկու տղայ։
Մեծ տղան Եակովն էր, որ դանակը խրելով փորձեց ինքնասպանութիւն գործել։ Երկրորդ տղան՝ Վասիլը, պատերազմում սպաննուեց, իսկ աղջիկը՝ Սվետլանան տասներեք տարեկանում սիրահարուել էր քառասուն տարեկան մի հրեայի վրայ։ Հակառակ հօր ցանկութեան, տասնհինգ տարեկանում ամուսնանում է նրա հետ, ունենալով երկու զաւակ՝ տղայ եւ աղջիկ։ Հինգ տարի յետոյ նա վերաամուսնանում է դարձեալ ուրիշ հրեայի հետ, որը նոյնպէս քսան տարի մեծ էր իրենից։ Այդ ամուսնութիւնից երեք տարի յետոյ փախչում է Հնդկաստանի Կոմունիստական կուսակցութեան ղեկավարի հետ։ Կարճ ժամանակ յետոյ նա մահանում է։
Այդ ժամանակը զուգադիպում էր Խրուշչեւի աղմկարար ելոյթին կուսակցական ընդհանուր համագումարում, որտեղ նա դիմակազերծել էր բռնապետին եւ խայտառակել։
Երեք տարի անց, Սվետլանան ֆիզիքապէս պահպանուելու համար որոշում է երկիրը լքել-փախչել։ Դիմում է Գերագոյն խորհրդին, որպէսզի իրեն թոյլատրեն իր ամուսնու այրուած մոխիրները տեղափոխի Հնդկաստան, պատրուակելով, որ դա ամուսնու հարազատների ցանկութիւնն է։
Վերջապէս, մէկ տարի յետոյ թոյլատրւում է, ի հարկէ հսկիչներով։ Հնդկաստան է հասնում եւ առաջին պատեհութիւնից օգտուելով, թղթակիցների առջեւ պատռում է «իր երկրի» անձնագիրը եւ հրաժարւում է այդ քաղաքացիութիւնից, շատ մեծ աղմուկ ստեղծելով ամբողջ աշխարհում։
Այնուհետեւ լոյս է տեսնում իր առաջին գրքոյկը՝ «Քսան Նամակ Բարեկամին», որտեղ անպատւում եւ մերկացնում է սովետ բարոյական իրաւակարգը։ Յետոյ հրատարակւում են դարձեալ մի քանի աղմկարար գրքեր։ Երեք տարի անց ամուսնանում է ամերիկածին ռուս ճարտարապետի հետ։ Ունենում է մի աղջիկ, որը մինչեւ հիմա ապրում է Ռուսաստանում։
Այդ օրերին լոյս է տեսնում Փարիզում ցարական կառավարութեան դեսպանի յայտարարութիւնը, որ իր մօտ են ցարական կառավարութեան Ապահովութեան նախարարութեան (Օխ-րանակա) փաստաթղթերը, եւ իր ու իր հարազատների մահից տարիներ անց միայն այդ արխիւները մատչելի կը դառնան հանրութեան։
Հիմա ես ուզում եմ յայտնել այն, ինչ պատմել է ազգային եւ հասարակական գործիչ Անդրէ Ամուրեանը։ Նա ու Բաղդիկ Մինասեանը պարոն Փարոսի հետ ՀՅԴ կուսակցութեան կողմից գործուղուել էին Չեխոսլովակիա, Պրագայի համալսարան, որպէսզի աւարտելուց յետոյ ծառայեն հայ ազգին։
Անդրէ Ամուրեանը լաւ տիրապետում էր ռուսերէնին։ Նա երեք ամիս պրպտելուց յետոյ յայտնաբերում է Ստալինի հոգեւոր ճեմարանից արտաքսուելու պատճառը՝ պասիւ միասեռական։ Իսկ Սովետում եւ իր արբանեակներում քարոզւում էր, որ նրան արտաքսել են հակակրօնական լինելու պատճառով։ Սվետլանան դատի է տալիս Անդրէ Ամուրեանին եւ պատիւ է պահանջում։ Երեք տարի քաշքշելուց յետոյ Սվետլանան պարտւում է, իսկ Սովետները Ամերիկայից վերադառնալուց յետոյ Ամուրեանին բանտարկում են 40 օր։ Դուրս գալուց յետոյ նա գիրք է հրատարակում՝ «Չեկայի Զնդանի 40 Օրերը», որտեղ նկարագրում է անասելի եւ անմարդկային տանջանքների մասին։ Իր մնացած կեանքում նրան քանի անգամ փորձել են ահաբեկել կամ առեւանգել։
Յարգանօք՝
ՎԱՐԴԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱՏԹԵՒՈՍԵԱՆ
Յ. Գ.- Գորբաչեւի ժամանակ մեղայական գրութեամբ դիմեց իրեն, որ թոյլատրի վերադառնալ Ռուսաստան, որպէսզի կեանքի մնացած օրերը այնտեղ անցկացնի իր տղայի եւ աղջկայ հետ։ Նրանք արհամարհեցին եւ մեկուսացրին իրեն, նոյնիսկ չուզեցին տեսնել։ Գորբաչեւը սակայն մեծահոգի գտնուեց. նրան ձրիաբար տուեց բնակարան, վարորդով ինքնաշարժ եւ ամսական 3000 դոլար դրամ։ Այդուհանդերձ, նա վերադարձաւ Ամերիկա եւ մահացաւ այս տարի։