Delos ստուդիայի թողարկած Virtuoso Rossini Arias ձայնասկաւառակն առաջադրուել է GRAMMY մրցանակաբաշխութեանը՝ «Լաւագոյն դասական մեներգեցողութեան ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անուանակարգում: Ճոաքինօ Ռոսսինիի վիրտուոզ մեներգերը ամերիկացի տենոր Լորէնս Բրաունլին (Lawrence Brawnlee) ձայնագրել է Կաունասի սիմֆոնիկ նուագախմբի հետ՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելեանի ղեկավարութեամբ: GRAMMY 57րդ ամենամեայ մրցանակաբաշխութեան հանդիսաւոր արարողութիւնը տեղի կ՛ունենայ 2015թ. Փետրուարի 8ին, Լոս Անջելեսի «Սթէյփըլզ» կենտրոնում եւ կը հեռարձակուի CBS-ի եթերում: Մրցանակներ կը շնորհուեն 83 անուանակարգերում:
Ամերիկեան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակը՝ «Գրեմմի»ն հիմնադրուել է 1958թ. Մարտի 14ին ԱՄՆի ձայնագրման ընկերութիւնների ասոցիացիայի կողմից: Այն հանդիսանում է ժամանակակից երաժշտական արդիւնաբերութեան ամենահեղինակաւոր մրցանակը, որի հեղինակութիւնը կարելի է համեմատել կինոմատոգրաֆիայի «Օսկար» մրցանակի հետ: «Գրեմմի» ամենամեայ մրցանակը պարգեւատրւում է 30 երաժշտական ժանրերում, ձայնագրման ակադեմիայի լիազօրուած անդամների քուէարկութեան արդիւնքում:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.