
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Շաբաթներ առաջ մեր թերթում տպուած մի գրութիւն ունէր հետեւեալ խորագիրը՝ «Հրեշտակներն Անուն Ունե՞ն»: Պարզւում էր, որ ունէին, եւ այդ հրեշտակները ծառայում էին տարբեր անուններով մարդկանց, տարբեր ազգերից:
Իսկ ինչպէս է հրեշտակների ազգութեան հարցը՝ ունե՞ն ազգային պատկանելիութիւն:
Պարզւում է, որ դա էլ ունեն:
Ու հանդիպում ենք հրեշտակի, որ հայ է:
Ամերիկեան հիւնդանոցում պառկած են հիւանդները, որոնց մէջ գտնւում են մեր մեծահասակ, «անլեզու» հայերը: Առաւելագոյնը, որ հայերէնից բացի որոշ չափով գիտեն, իրենց նախորդ ապրած երկրի լեզուն է՝ արաբերէն, պարսկերէն, թուրքերէն, ռուսերէն, յունարէն եւ այլն: Անգլերէն գոյութիւն չունի բոլորովին:
Մղկտալով, ցաւերով ու հարցերով բեռնաւորուած, անկողնում յուսահատ պառկած պահին յանկարծ յայտնւում է հիւանդապահուհի Լուիզան՝ եւ ասես հրեշտակն է իջնում երկնքից: Բաւարարում է բոլոր պահանջները, խորհուրդներ է տալիս, բացատրում է բժշկի ասածները եւ մէկի հետ դեռ չվերջացրած, արդէն նրան կանչում են յաջորդ սենեակից, ուրիշ հայի մօտից: Եւ վազում է Լուիզան, հասնում է բոլորին՝ սենեակից սենեակ, հիւանդից հիւանդ, թարգմանում է բժիշկներին, օգնում է ամէնքին, սիրում է իր ազգակիցներին՝ «անլեզու» հայերի գրեթէ վերջին ներկայացուցիչներին:
Փոխարինող սերունդը տեղեակ է ամէն բանից, եւ այդ սերնդի մէջ են մեր հայ հրեշտակները: Ինչ լա՜ւ է որ նրանք կան: