
ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Հոկտեմբերի 27ին Ֆրանսիայի մայրաքաղաքում նախատեսուած է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Երկու պետութիւնների ղեկավարների՝ Փարիզում հանդիպելու առաջարկը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդինն է:
Ինչպէս յայտնի է, Օգոստոսի սկզբին Սերժ Սարգսեանը եւ Իլհամ Ալիեւը Վլադիմիր Պուտինի նախաձեռնութեամբ հանդիպել են Սոչիում, այնուհետեւ ԱՄՆ պետքարտուղար æոն Քերրիի միջնորդութեամբ՝ նաեւ Ուելսում:
Սոչիի հանդիպումը, ըստ էութեան, մէկ նպատակ էր հետապնդում՝ թոյլ չտալ, որ իրավիճակը հասնի վտանգաւոր եզրագծի, եւ հանդիպումը լուծեց այդ խնդիրը՝ որոշակի չափով թուլացնելով լարուածութիւնը հակամարտութեան կողմերի շփման գծում:
Իսկ ի՞նչ խնդիրներ է իր առջեւ դրել փարիզեան «ռանդէվու»ն: Ինչպէս օրերս Երեւանում լրագրողներին յայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենօն, հանդիպումը, մի կողմից, թոյլ կը տայ պատկերացում կազմելու այն գործիքների մասին, որոնք կարող են նպաստել վստահութեան հաստատմանը եւ, որպէս հետեւանք, խուսափելու զինծառայողների եւ խաղաղ բնակիչների շրջանում զոհերից, միւս կողմից՝ նոր խթան կը հանդիսանայ բանակցութիւններին, որոնք ընթանում են երեք հիմնարար սկզբունքների հենքի վրայ՝ տարածքային ամբողջականութիւն, ազգերի ինքնորոշման իրաւունք եւ ուժի չկիրառում: Իր հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկեան համանախագահ æէյմս Ուորլիքը կարեւորեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կանոնաւոր հանդիպումների անցկացումը եւ հակամարտութեան կարգաւորման տարրերում տարբերութիւնների վերացմանն ուղղուած աշխատանքի շարունակումը:
Դժուար չէ նկատել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների ներկայացուցիչները ցուցաբերում են որոշ զսպուածութիւն եւ կարգաւորման գործընթացի հեռանկարների վերաբերեալ բարձրագոչ յայտարարութիւններ չեն անում: Պէտք է ասել՝ դա լիովին օրինաչափ է, քանզի Փարիզի հանդիպումից ճեղքում սպասելու հիմքեր չկան, եւ ներկայումս Մինսկի խմբի համանախագահների հիմնական խնդիրը լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը կանխելն է: Այն պարագայում, երբ համանախագահները կողմերի լիովին հակադիր դիրքորոշումների պատճառով չունեն նրանց հետ համաձայնեցուած կարգաւորման պլան, հրատապ խնդիրը, այսպէս ասած՝ մինի-ծրագիրը, մնում է նրանց միջեւ վստահութեան հաստատումը: Սակայն իրացուելի՞ է, արդեօք, թէկուզ այդ ծրագիրը:
Ծանօթանալով վստահութեան միջոցների հաստատման անհրաժեշտութեան մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յայտարարութիւններին, երբեմն այն տպաւորութիւնն է ստեղծւում, որ նրանք պարզապէս ծանօթ չեն Ադրբեջանի նախագահի արտայայտութիւններին, որոնք չնչին լաւատեսութեան տեղ անգամ չեն թողնում: Թէեւ, ի պաշտօնէ նրանք, ի հարկէ, չեն կարող չիմանալ դրանց մասին, սակայն, ըստ երեւոյթին, լաւատեսութիւնը միջնորդական առաքելութեան ատրիբուտներից (բնորոշ յատկանիշներէն-Խմբ.) մէկն է, այլապէս նրանց գործունէութիւնը կ՛իմաստազրկուէր: Նշուած հանգամանքի հաշուառումով Մինսկի խմբի համանախագահներն, առաւել հաւանական է, տեղեակ են Իլհամ Ալիեւի՝ Հոկտեմբերի 6ին ադրբեջանական կառավարութեան նիստին արտաբերած յայտարարութիւններին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը պէտք է կարգաւորուի բացառապէս Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում: Այլ ճանապարհ չկայ», անառարկելիօրէն յայտարարեց Ալիեւը: Եւ աւելի մեծ համոզչութեան համար յաւելեց, որ «մենք կը վերականգնենք մեր տարածքային ամբողջականութիւնը: Ընդ որում, կարեւոր դեր են խաղում քաղաքական, դիւանագիտական, տն-տեսական, ռազմական գործօնները»:
Ինչպէս տեսնում ենք, Ադրբեջանի նախագահը նախկինի պէս կողմնորոշւում է ռազմական ուժի օգտին՝ պոլիտկորեկտ (քաղաքակիրթ-Խմբ.) երեւալու համար շղարշելով այն քաղաքական, դիւանագիտական, տնտեսական գործօններով: Եւ դա այն դէպքում, երբ Մինսկի խմբի համանախագահները կարգաւորման հիմնարար սկզբունքների թւում անփոփոխ կերպով ընդգծում են ուժի չկիրառումը, ինչն Ալիեւի կողմից քամահրւում է: Ասենք, հարկ է նկատել, որ Մինսկի խումբն ինքն էլ քամահրւում է նրա կողմից: Կառավարութեան նշուած նիստին Ալիեւը ոչ մի խօսք չասաց համանախագահների կողմից առաջարկուած սկզբունքների վերաբերեալ եւ Մինսկի խումբը յիշատակեց միայն այն բանի համար, որ նրան մեղադրի անգործունէութեան մէջ: Աւելին, Ադրբեջանի նախագահն, ընդգծելով, որ «իրաւական տեսակէտից մեր դիրքորոշումը բաւական ամուր է», որպէս հիմնախնդրի կարգաւորման համար հիմնական փաստաթղթեր անուանեց… ՄԱԿի անվտանգութեան խորհրդի 90ական թուականների չորս յայտնի բանաձեւերը, որոնք, ինչպէս յայտնի է, միանշանակ պահանջում էին ռազմական գործողութիւնների դադարեցում, եւ դրանց չհետեւեց հէնց ադրբեջանական կողմը: Այլ կերպ ասած, պաշտօնական Բաքուն ցուցադրում է ինչպէս ճչացող իրաւական կանխակալութիւն, այնպէս էլ բացայայտ կեղծաւորութիւն, քանի որ խօսքով հռչակելով Մինսկի խմբի հովանու ներքոյ հակամարտութեան լուծման մէջ շահագրգռուածութիւն, գործով չի դադարեցնում նրա միջնորդական գործունէութեանը խոչընդոտելու իր փորձերը: Տուեալ իրավիճակում տեղին է խօսել ոչ միայն հակամարտութեան կողմերի, այլեւ Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ վստահութեան պակասի մասին:
Կարգաւորման գործընթացի բոլոր մասնակիցների միջեւ վստահութեան պարտադիր լինելու հարցում տարակարծութիւն չի կարող լինել: Ճշմարտութիւնն աքսիոմատիկ (ինքնայայտ, առա-ծային-Խմբ.) է: Ինչպէս աքսիոմատիկ է եւ միւս ճշմարտութիւնը՝ վստահութիւնը ենթադրում է քաղաքական հակառակորդի հանդէպ առնուազն տարրական յարգանք: Սակայն կարելի՞ է վստահութեան յոյս պահել, երբ Ադրբեջանի նախագահը, անտեսելով մարդկային բարոյականութեան տարրական նորմերը, մշտապէս վիրաւորանքներ է հեղում իր հայ գործընկերոջ հասցէին: Պատասխանն աւելի քան ակնյայտ է: Ահա եւ նախարարների իր կաբինետի յիշատակուած նիստին Ալիեւն իրեն թոյլ տուեց Հայաստանի գործող իշխանութիւններին անուանել յանցագործ, բռնատիրական վարչակարգ: Պարադոքս չէ՞, որ բռնատիրութեան մասին բարբաջում է մի պետութեան ղեկավար, որը վերջերս լուրջ ճնշման է ենթարկւում բազմաթիւ միջազգային, այդ թւում եւ իրաւապաշտպան կառոյցների կողմից աննախադէպ բռնաճնշումների համար՝ ուղղուած Ադրբեջանի այն քաղաքացիներին, ովքեր համարձակուել են ունենալ սեփական՝ պաշտօնականից տարբերուող կարծիք: Սակայն պարադոքս չկայ, դա է ադրբեջանական ներկայ ղեկավարութեան էութիւնը, որի քաղաքականութիւնը հիմնուած է ստի, կեղծիքի, ագրեսիայի եւ բարոյականութեան ընդունուած նորմերի եւ միջազգային իրաւունքի հանդէպ արհամարհական վերաբերմունքի վրայ: Եւ Մինսկի խմբի համանախագահներն անպայման պէտք է հաշուի նստեն դրա հետ այնպիսի մեխանիզմ մշակելիս, որն ի վիճակի կը լինի նպաստել վստահութեան հաստատմանը:
ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ «Ազատ Արցախ» պաշտօնաթերթի խմբագիրն է