
ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
2014թ. Հոկտեմբերի 10ի հանրահաւաքում ՀԱԿ ղեկավար Լեւոն Տէր Պետրոսեանը յայտարարեց համաժողովրդական նոր շարժման մեկնարկի մասին, որը պէտք է առաջնորդեն չորս քաղաքական ուժեր՝ ՀԱԿը, ԲՀԿն, «Ժառանգութիւն»ը եւ Ստեփան Դեմիրճեանի գլխաւորած ՀԺԿն: Բայց թէ այս չորս ուժերն ինչպէ՞ս պէտք է իրականացնեն այդ առաջնորդութիւնը, այդպէս էլ պարզ չդարձաւ: Բանն այն է, որ հանրահաւաքն աւելի շատ նմանուեց ճահճում յայտնուած սայլը խեցգետնի, կարապի եւ գայլաձկան կողմից տարբեր ուղղութիւններով քաշքշելուն, որը մատնեց գոնէ այս փուլում պրոցեսները զարգացնելու հարցում ընդհանուր պատկերացումների բացարձակ բացակայութիւնը, բոլորովին տարբեր շահեր հետապնդելու իրողութիւնը եւ գործողութիւնների տարերայնութիւնը:
Հանրահաւաքում միակ՝ քիչ թէ շատ ծրագրային ելոյթը, ինչպէս եւ կարելի էր ակնկալել, Տէր Պետրոսեանինն էր, որը, սակայն, կառուցուած էր բացառապէս իր եւ ՀԱԿի ցանկութիւնների, մշակած մարտավարութեան վրայ: Իսկ նրանց ցանկութիւններն անփոփոխ են: Նախ՝ ստանձնել ընդդիմութեան ստուերային առաջնորդողի եւ, այսպէս կոչուած, գաղափարական գեներատորի կարգավիճակը: Այսինքն՝ արտաքուստ ցոյց տալ, թէ կենտրոնը կամ շարժիչ ուժը ԲՀԿն է եւ նրա ղեկավար Գագիկ Ծառուկեանը՝ ունեցած մարդկային, ֆինանսական ռեսուրսներով, որոնք, սակայն, ներքուստ գործում են հէնց Տէր Պետրոսեանի նախանշումներով, գծած սցենարով: Այլ կերպ ասած՝ Տէր Պետրոսեանը փորձում է ԲՀԿին եւ Գագիկ Ծառուկեանին դարձնել այնպիսի իւրօրինակ մարիոնետներ, որոնք չեն գիտակցում իրենց այդպիսին լինելը: Երկրորդ՝ պրոցեսները զարգացնել համաժողովրդական շարժման տրամաբանութեամբ՝ փաստացի կրկնելով 2011թ.՝ իր իսկ նախաձեռնած եւ անփառունակ վախճան ունեցած գործընթացը:
Իշխանութիւններից հասարակական ընդհանուր, գրեթէ նախապայթիւնային վիճակի հասած դժգոհութիւնը, որը եւ ապահովել էր հանրահաւաքի մարդաշատութիւնը, ի հարկէ, ստեղծում է համաժողովրդական շարժումը վերակենդանացնելու բաւարար նախադրեալ:
Սակայն Տէր Պետրոսեանը, ըստ ամենայնի, դասեր չի քաղել ժամանակին իր իսկ գործած սխալներից, քանի որ հերթականութեամբ կրկնում է դրանք: Մասնաւորապէս՝ շարժմանը արհեստականօրէն մասշտաբներ հաղորդելու համար ապաւինում է իրենց կատարելապէս սպառած, լուսանցքային ուժերի, որոնց օգտակար գործողութեան գործակիցը հաւասար է զրոյի: Խօսքը տուեալ դէպքում վերաբերում է ՀԺԿին, որը Տէր Պետրոսեանի կողմից ՀԱԿը կուսակցութեան վերածելուց յետոյ անցել էր ընդյատակ: Եւ ահա, ըստ էութեան, առանց հաշուի առնելու գործընկեր կուսակցութիւնների կարծիքը, փաստօրէն՝ նրանց հաշուին, Տէր Պետրոսեանը ոչնչից ուղղակի ռէաբիլիտացնում է մի կուսակցութիւն, որը փաստացի ոչինչ չէր արել այդ շարժման համար: Այս իմաստով միւս լուսանցքային ուժերը կարող են արդէն հերթ կանգնել՝ Տէր Պետրոսեանից դէպի շարժման ղեկավարում մուտքի արտօնագիր ստանալու համար: Սա ցոյց է տալիս, թէ ինչպիսին է ընդհանրապէս նրա վերաբերմունքը հէնց գործընկեր ուժերի հեղինակութեան եւ ինքնուրոյնութեան նկատմամբ: Պատահական չէր, որ նոյնիսկ այն բանից յետոյ, երբ «Ժառանգութիւն» կուսակցութեան ղեկավար Րաֆֆի Յովհաննիսեանը, թերեւս խախտելով պայմանաւորուածութիւնը, հանրահաւաքում իր ելոյթի ժամանակ խօսեց Եւրասիական տնտեսական միութեանը միանալու պայմանագիրը ստորագրելու անընդունելիութեան մասին եւ դրանում մեղադրեց նախագահ Սերժ Սարգսեանին, Տէր Պետրոսեանը ԵՏՄին միանալուն դէմ արտայայտուելը որակեց «ջղաձգումներ», իսկ արտայայտուողներին՝ «մարդկանց մտքերը պղտորողներ», որոնք չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել: Փաստօրէն, ստացուեց, որ հէնց եռեակի կամ քառեակի հանրահաւաքին Րաֆֆի Յովհաննիսեանն ընդամէնը ջղաձգումներ էր կատարում, մարդկանց մտքերը պղտորում, եւ որ նա քաղաքական օրակարգ թելադրելու կարողութիւն չունի: Այս վերաբերմունքը պարզորոշ ցոյց է տալիս, որ ՀԱԿ առաջնորդի համար միակ եւ գլխաւոր արժէքը ԲՀԿն է, իսկ աւելի յստակ՝ Ծառուկեանը, եւ որ միւսների կարծիքը, դերակատարումը նրա համար ընդամէնը ֆոնային նշանակութիւն ունեն: Այս ռեսուրսով, ներքին արժեհամակարգով է ԲՀԿ-ՀԱԿ տանդեմը փորձելու կառավարել համաժողովրդական շարժումը եւ կառուցել յարաբերութիւնները բոլոր պոտենցիալ գործընկերների հետ:
Տէր Պետրոսեանի՝ դեժավիւի զգացողութիւն յարուցող միւս որոշումը վերաբերում է իշխանութեան հետ յարաբերման եւ շարժումը զարգացնելու մեխանիզմների ընտրութեանը: Իր ելոյթի վերջում ՀԱԿ առաջնորդն այս կապակցութեամբ նշում է, թէ իշխանափոխութեան իրականացման փաթեթային թէ փուլային տարբերակների կամ արտահերթ ընտրութիւնների անցկացման մեխանիզմների մասին կը խօսի յաջորդ հանրահաւաքում: Սակայն միաժամանակ հաւելում է, թէ, վարչախմբից այլեւս սպասելիքներ չունենալով, նրանց այլեւս փոխզիջումային առաջարկներ եւ վերջնագրեր չեն ներկայացնելու, ուստի՝ «երկխօսութեան եւ փոխզիջումային լուծումների առաջարկները պէտք է բխեն իշխանութիւններից: Եթէ այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարաւոր է, որ դրանց ընդառաջենք, իսկ եթէ՝ ոչ, ապա, գործող նախագահի օրինակով, դրանք կ՛ուղարկենք գրողի ծոցը»:
Սա կա՛մ քաղաքական գլուխկոտրուկ է, կա՛մ սոփեստութիւն. մի կողմից՝ յայտարարում է, թէ իշխանութիւններից սպասելիք չունեն, իսկ միւս կողմից՝ յաւելում, որ իշխանութիւններն իրենք կարող են նման առաջարկութիւններ անել: Ընդ որում՝ եթէ 2011թ. գոնէ յայտարարում էր, թէ իշխանութիւնների հետ կարող են խօսել միայն սահուն իշխանափոխութեան ձեւերի ու ընթացակարգի մասին, ապա հիմա նոյնիսկ դա չի ասում: Մինչդեռ ուղղակի անտրամաբանական է դառնում, թէ գոնէ նման շեշտադրում չանելու պարագայում Տէր Պետրոսեանն ինչպէ՞ս է պատկերացնում իշխանափոխութիւնը: Որքան էլ անտրամաբանական, սակայն Տէր Պետրոսեանի նման մանեւրները, միանգաման հասկանալի են: Եւ դա ոչ թէ մտքի ճկունութեան արտայայտութիւններ են, այլ պարզապէս շփոթուածութեան, ինչ որ իմաստով՝ նաեւ յուսահատութեան: Իսկ պատճառն այն է, որ որքան նա չգիտի՝ ինչ սպասել իշխանութիւններից, նոյնքան էլ՝ Գագիկ Ծառուկեանից: Որքան էլ Տէր Պետրոսեանը փորձում է նրանցից մարիոնետ սարքել, դեռ վերջնականապէս այդ հարցը չի լուծել:
Ծառուկեանը հանրահաւաքում ելոյթ չունեցաւ՝ ինչպէս միշտ նշելով, թէ իր խօսքը կ՛ասի «յաջորդ դասին»:
Չի բացառւում, ի հարկէ, որ սա արուեց տակտիկական նկատառումներով՝ այսպէս ասած՝ ինտրիգը եւ յաջորդ հանրահաւաքի նկատմամբ հետաքրքրութիւնը պահելու նկատառումով: Սակայն ուղղակի նոնսենս է, որ մարդը, ով հանրահաւաքից ընդամէնը ժամեր առաջ յայտարարում է նախագահի թեկնածու դառնալու հաւանականութեան մասին, իր իսկ հրաւիրած հանրահաւաքում ասելիք չունի՝ թէկուզ որոշակի գնահատականներ հնչեցնելու առումով: Նման քաղաքական դէմքից ոչինչ սպասել հնարաւոր չէ կամ էլ՝ հնարաւոր է սպասել ամէն ինչ: Եւ հէնց այս անորոշութիւնն է, որ թոյլ չի տալիս Տէր Պետրոսեանին կատարելու վերջնական եզրակացութիւններ, կայացնելու վերջնական որոշումներ: Որովհետեւ կարող է յանկարծ պարզուել, որ թէեւ ինքը շուտափոյթ համապետական ընտրութիւններ անցկացնելու կողմնակից է, սակայն Ծառուկեանը գործում է յանուն հերթական՝ 2017-18թթ. ընտրութիւնների: Միւս կողմից՝ կայ նաեւ Ծառուկեանի՝ իբրեւ պոտենցեալ նախագահացուի նկատմամբ Ռուսաստանի հնարաւոր արձագանգին սպասելու հարցը (ի դէպ, ամենեւին պատահական չէր, որ Ծառուկեանն փոքր ինչ ուշ ներկայացաւ հանրահաւաքին, միայն այն ժամանակ, երբ արդէն յստակ տեղեկատուութիւն տարածուեց ԵՏՄին ՀՀ անդամակցութեան պայմանագրի ստորագրման մասով):
Երբ յայտարարւում է ԵՏՄին միանալու անշրջելիութեան մասին, ինչը փաստացի նշանակում է լեգիտիմացնել այդ՝ դեռեւս չգործող կառոյցին Հայաստանի միանալու՝ իշխանութեան որոշումը, հնարաւոր չէ այլեւս անտեսել Մոսկուայի կարծիքը, ինչը շրջանցել «հրաշալի քառեակը» ուղղակի չի կարող: Եւ չի բացառւում, որ ինչ որ պահի Տէր Պետրոսեանը, հրաշալի քառեակի միւս անդամները յանկարծ պարզեն, որ խաղադրոյք են կատարում արդէն «մարուած» խաղաքարտի վրայ:
Հէնց այս անորոշութիւններով էր պայմանաւորուած հիմնական ասելիքը «յաջորդ դասին» թողնելու որոշումը, այն էլ՝ առանց յստակեցնելու դրա ժամկէտներն ու ձեւաչափը:
Բայց գլխաւորն այն է, որ հասարակութիւնը կրկին ցրուեց տներով: Դա, թերեւս, աւելի նախընտրելի է, երբ չգիտես՝ ինչ անել մուրճի նման շարունակ գլխիդ զարկող «հիմա, հիմա» պահանջների հետ:
yerkir.am