
ՍԱՐԳԻՍ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն Մանուէլ Սարգսեանի համոզմամբ՝ Ադրբեջանին զէնք վաճառելուց Մոսկուան աստիճանաբար անցնում է Բաքուի հետ ռազմաքաղաքական դաշինքի ձեւաւորմանը: Վերլուծաբանի կարծիքով՝ այս մասին են վկայում Ռուսաստանի պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգուի Ադրբեջանի նախագահի ու պաշտպանութեան նախարարի հետ երէկ Բաքւում կայացած բանակցութիւնների արդիւնքները:
«Մեր աշխատանքի կարեւորագոյն ուղղութիւններից մէկը, անշուշտ, Կասպից ծովում միջպետական փոխգործակցութեան ամրապնդումն է: Այդ նպատակով քննարկել ենք Կասպիցում հաւաքական անվտանգութեան համակարգի ստեղծման հեռանկարները», «Տասս» լրատուական գործակալութեան փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի հետ բանակցութիւններից յետոյ երէկ յայտարարել է Շոյգուն:
Նրա խօսքով, «Կասպիցում հաւաքական անվտանգութեան համակարգի ստեղծման ճանապարհին առաջին փուլը կարող է լինել ռազմա-ծովային ուժերի հրամանատարների խորհրդի ստեղծումը»:
«Նոյն այդ որոշումը զէնք վաճառելու, որը եղաւ, եւ այս վերջին տարին փաստօրէն ինտենսիւ զինում են Ադրբեջանի բանակը, իր մէջ ունէր գէօստրատեգիական մեծ նշանակութիւն: Փորձում են ամէն կերպ ասել, որ դա ընդամէնը բիզնես է, բայց ի վերջոյ բոլորի համար պարզ դարձաւ, որ դա նոր ստրատեգիա է Ռուսաստանի համար», «Ազատութեան» հետ զրոյցում ասաց Մանուէլ Սարգսեանը:
Հայաստանը ներկայում անդամակցում է Ռուսաստանի նախաձեռնած մէկ այլ հաւաքական անվտանգութեան կառոյցին՝ ՀԱՊԿին, եւ Մանուէլ Սարգսեանի ներկայացմամբ՝ այսօր Մոսկուան փորձում է կախուածութեան մէջ գցել երկու երկրներին, որպէսզի յետագայում Հայաստանն ու Ադրբեջանը պարտադիր կերպով կատարեն Ռուսաստանի որոշումները:
«Կան յարձակողական զէնքի տեսակներ, որոնք չի մատակարարում Հայաստանին եւ ինքն է գալիս այստեղ, ասում է՝ մենք կը պաշտպանենք՝ աւիացիա, խոշոր նոր տանկեր: Այսինքն ասիմետրիկ բան է ստեղծում՝ մի կողմից էդ ռազմական ծրագրերով, որը խորացնում է, Ադրբեջանին է, կոպիտ ասած, ստրկացնում էդ առումով, միւս կողմից էլ վտանգ ստեղծելով Հայաստանի համար պահանջում է, որ Հայաստանը աւելի ու աւելի մեծ քանակի բուն ռուսական զօրք ընդունի այստեղ», ընդգծեց Սարգսեանը:
Շոյգուն ու Զաքիրովը երէկ ստորագրեցին Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռազմական գերատեսչութիւնների միջեւ 2015 թուականի համագործակցութեան ծրագիրը: Յայտարարուեց, որ յաջողութեամբ կեանքի է կոչւում երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցութեան 2013-2016 թուականների ծրագիրը: Բացի այդ՝ պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց, որ առաջիկայում Ադրբեջանն աւելի շատ զինուորականներ կ՛ուղարկի Ռուսաստանի ռազմական բուհեր, ուր ներկայում ուսանում են Ադրբեջանի զինուած ուժերի 57 սպաներ: Եւ վերջապէս, 2015 թուականին երկու պետութիւնները կ՛անցկացնեն համատեղ մի քանի զօրավարժութիւններ: