
Լոս Անջելեսի կենտրոնական մի շարք փողոցներ փակ կը լինեն Հոկտեմբերի 5ին, առաջիկայ Կիրակի, CicLAvia-ի համար: Այս ձեռնարկի նպատակն է խթանել քաղաքի հանրային վայրերում մարդկանց ակտիւութիւնն ու նպաստել առողջ կենսակերպին: CicLAvia-ի անցկացման տարածքներում կ՛արգելուի ինքնաշարժերի մուտքը, կ՛ընդհատուի երթեւեկութիւնը, եւ ազատ գօտիներում հնարաւոր կը լինի ազատ քայլել, հեծանիւ վարել, օգտուել բազմազան կերակրատեսակների տաղաւարներից, լսել կենդանի երաժշտութիւն, պարել եւ առիթ ունենալ շփուելու բազմազգ Լոս Անջելեսի բնակիչների հետ: Այն իւրատեսակ տօնական միջավայր է ընտանիքով ժամանակ անցկացնելու համար, նաեւ նախատեսուած են յատուկ ձեռնարկներ երեխաների համար:
CicLAvia-ն տեղի կ՛ունենայ առաւօտեան ժամը 9ից երեկոյեան 4ը, որի բացումը կը կատարի Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին: «Այս ձեռնարկի առիթով կը փակուեն որոշ փողոցներ, եւ կ՛ընդհատուի երթեւեկութիւնը, որի արդիւնքում հնարաւոր են խցանումներ», զգուշացնում են Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Միթչ Օ՛ֆարելի գրասենեակից:
Այդ ուղիները սկսւում են Արեւելեան Լոս Անջելեսից եւ կենտրոնի միջով ներառում են դէպի Էքօ Փարքն ու Հիսթրիք Ֆիլիպինօթաունը: Ստորեւ ներկայացնում ենք ցանկը այն փողոցների, որոնք փակ կը լինեն Կիրակի մինչեւ ժամը 5։30:
Գլենդել բուլվարը՝ Բելվիու պողոտայից մինչեւ Բեւերլի բուլվար (Glendale Boulevard from Bellevue Avenue to Beverly Boulevard), Բելվիու պողոտան՝ Էքօ Փարքից մինչեւ Գլենդել բուլվար (Bellevue Avenue from Echo Park Avenue to Glendale Boulevard), Բեւերլի բուլվարը՝ Ուիթմըր փողոցից մինչ Լուկաս պողոտայ (Beverly Boulevard from Witmer Street to Lucas Avenue), 2րդ փողոցը՝ Բեւերլի բուլվարից մինչ Ալամեդա պողոտայ (2nd Street from Beverly Boulevard to Alameda Street), Լուկաս պողոտան՝ Միրամար փողոցից մինչ Բեւերլի բուլվար (Lucas Avenue from Miramar Street to Beverly Boulevard)
Լոս Անջելեսի Տրասնպորտի վարչութիւնից տեղեկացնում են, որ ինքնաշարժերին արգելուած է լինելու մտնել կամ դուրս գալ նշուած փողոցներ միջոցառման ողջ ընթացքում: Եթէ ձեր տունը կամ աշխատավայրը գտնւում է տուեալ հատուածներում՝ պէտք է կայանէք ձեր ինքնաշարժն այլ վայրում: Մանրամասների համար կարող էք այցելել LADOT-ի կամ cd13.com եւ http://www.ciclavia.org/about/ կայքէջեր: