TERT.AM-Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆԻ ՀԵՏ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը բացառում է գործող իշխանութեան հետ կրկին կոալիցիա (զինակցութիւն-Խմբ.) կազ-մելը, չնայած որ կոալիցիայից դուրս գալու պատճառ հանդիսացող հայ-թուրքական արձանագրութիւնները ԱԺից յետ կանչելու հնարաւորութեան մասին ՄԱԿի Ընդհանուր ժողովում յայտարարեց Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը: «Իշխանութեան հետ կոալիցիա կազմելը պարզապէս բացառւում է, ինչ վերաբերում է որոշակի խնդիրների հետ կապուած մեր գործունէութեանը, ապա համագործակցութեան կենտրոնում սահմանադրական փոփոխութիւններն են, եթէ կ՛անցնի մեր պատկերացրած պահանջը, մենք կ՛աջակցենք այդ սահմանադրական փոփոխութիւններին, ինչն առաջին քայլն է համակարգային ամբողջական իշխանափոխութեան», Tert.am-ի հետ զրոյցում ասաց Արծուիկ Մինասեանը:
ՀԱՐՑ.- Պարո՛ն Մինասեան, ինչպէ՞ս էք գնահատում ՄԱԿի ընդհանուր ժողովի 69րդ նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսեանի ելոյթը, արդեօք տեղին ու ժամանակի՞ն էր արուած հայ-թուրքական արձանագրութիւնները խորհրդարանից յետ կանչելու քայլը:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Բնականաբար յայտարարութիւնը դրական եմ գնահատում, նաեւ՝ այն շեշտադրութիւնները, որ տրուեցին: Մենք միշտ կողմ ենք եղել արձանագրութիւնների չեղեալ համարելուն, հիմա առաւել եւս սկզբունքը կիրառելի է: Մեր համոզմամբ, արձանագրութիւնները օր առաջ օրակարգից հանելը Հայաստանին հնարաւորութիւն կը տայ շատ աւելի ամրացնելու իր դիրքերը թէ՛ միջազգային քաղաքականութէան, թէ՛ նաեւ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացներում:
ՀԱՐՑ.- Չէ՞ք կարծում ձեւակերպումները մի փոքր կտրուկ էին, մասնաւորապէս շատ քննարկուեց «գրողի ծոցը վաւերացնեն» արտայայտութիւնը:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Դուք դա Դաշնակցութեա՞նն էք հարցնում. կարծում եմ՝ ոչ միայն գրողի ծոցը, այլ աւելի վատ ծոցեր պէտք է ուղարկուէին այդ արձանագրութիւնները:
ՀԱՐՑ.- Պարո՛ն Մինասեան, հիմա, երբ Հայաստանի նախագահը «գրողի ծոցն» ուղարկեց հայ-թուրքական արձանագրութիւնները, ինչի պատճառով Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն խմբակցութիւնը 2010թ.ին դուրս եկաւ կոալիցիայից, հնարաւո՞ր է, որ քննարկէք կրկին կոալիցիա վերադառնալու հարցը, մանաւանդ, որ այլ հարցերում նոյնպէս համաձայնութիւն կայ՝ խօսքը սահմանադրական բարեփոխումների մասին է:
ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ.- Կոալիցիա կազմելը պարզապէս բացառւում է։ Ինչ վերաբերում է որոշակի խնդիրների հետ կապուած մեր գործունէութեանը, ապա համագործակցութեան կենտրոնում սահմանադրական փոփոխութիւններն են, եթէ կ՛անցնի մեր պատկերացրած պահանջը, մենք կ՛աջակցենք այդ սահմանադրական փոփոխութիւններին, ինչն առաջին քայլն է համակարգային ամբողջական իշխանափոխութեան: Բացի այդ, միշտ այն թիւր կարծիքն է ձեւաւորուել, որ միայն այդ հարցի պատճառով է Դաշնակցութիւնը դուրս եկել կոալիցիայից, ի հարկէ, ո՛չ: Սա պարզապէս այն վերջին կաթիլն էր, որը մեր կոալիցիայից դուրս գալու պատճառ դարձաւ. այնպէս որ կոալիցիա կազմելը պարզապէս բացառւում է: Բազմաթիւ հարցերում մենք ունեցել ենք տարակարծութիւններ, տարաձայնութիւններ, որոնք ամփոփուած են Դաշնակցութեան յայտնի 7 կէտերի մէջ:
Երկրորդ՝ ո՞ր դէպքում է ձեւաւորւում կոալիցիա: Կոալիցիա արհեստականօրէն պէտք չէ ձեւաւորուի: Երբ չկայ մեծամասնութիւն խորհրդարանում, կոալիցիա են ձեւաւորում, որպէսզի ապահովի այդ մեծամասնութիւնը: Ակնյայտ է, որ այս դէպքը այդ ձեւը չէ, եւ հետեւաբար, խօսել կոալիցիայի մասին այն ձեւով, ինչ ձեւով մենք նախկինում ունեցել ենք, ոչ միայն տեղին չէ ու տրամաբանական չէ, այլ նաեւ՝ որեւէ իրական հիմք չունի:
Երրորդ պատճառը, եթէ խօսում ենք ընդհանրապէս համագործակցութեան հնարաւորութիւնների մասին, մենք յստակ ասել ենք՝ մեր այսօրուայ օրակարգային կարեւոր հարցերից մէկը սահմանադրական բարեփոխումներն են: Մենք աջակցելու ենք այն փաթեթին, որը, մեր պատկերացմամբ, կ՛ապահովի՛ Հայաստանի զարգացումը, քաղաքական կեանքի առողջացումը, որովհետեւ այսօր մեր քաղաքական կեանքը պարզապէս հիւանդ է, եւ եթէ մենք ժամանակին չմիջամտենք, կը ստացուի, որ հիւանդութիւնը դառնում է անբուժելի, իսկ անբուժելի հիւանդութիւն նշանակում է ցանկացած իշխանութեան անընդհատ վերարտադրութեան մեխանիզմի գործունէութիւն: Հետեւաբար, սահմանադրական բարեփոխումների մեր հիմնական մեխը քաղաքական համակարգի առողջացումն է, արմատական փոփոխութիւններն են եւ ամբողջական իշխանափոխութեան իրականացումը: Ի դէպ, այս բառակապակցութիւնը, որը շրջանառւում է բոլորի կողմից, եւ որը առաջին անգամ շրջանառութեան մէջ ենք դրել մենք, պատկերացնում են դրա իրականացումը շատ պարզ ու հասկանալի ձեւով՝ ամբողջ համակարգերը՝ սկսած պետական իշխանութեան կազմաւորումից մինչեւ տեղական իշխանութեան կազմաւորում, պէտք է փոփոխութեան ենթարկուեն՝ հիմքում ունենալով ընտրական համակարգը: Եթէ ընտրական համակարգը չփոփոխուեց, եթէ ընտրական համակարգում մնացին այսօրուայ արատաւոր դրսեւորումները, ոեւէ մէկը պատասխանատուութիւն չկրեց ոչ արդար ընտրութիւնների անցկացման համար, մենք չենք կարող ունենալ արդիւնաւէտ պետական կառավարում, հետեւաբար անձի յետագայ պաշտօնավարումը այլեւս կը դառնայ մեխանիկական գործօն: Ուստի, երկրորդ կարեւոր փուլը համակարգային փոփոխութիւնների առաջին եւ ամբողջ կազմաւորման սկզբունքի փոփոխութիւնն է, երկրորդ ընտրութիւնների միջոցով՝ անձանց հեռացումը իշխանութիւնից:
Սա է մեր պատկերացրած համակարգային իշխանափոխութիւնը: Մենք ցանկացած դէպքում, երբ ասում ենք առաջինը անձն է, ոչ թէ համակարգն է, ստացւում է յայտնի ասացուածքը՝ «Եզները դնում ենք սայլից յետեւ»: